Վերջնաժամկետ` Քոչարյանի եւ Ալիեւի համար

17/04/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երեկ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը քննարկում էր կազմակերպել՝ «Եվրաինտեգրման գործընթացները եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը» թեմայով։

Զեկուցողները երկուսն էին՝ Ստեփան Սաֆարյանը՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնից, եւ Շուշան Խաթլամաջյանը, որը ներկայացնում էր Քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտը։ Քննարկումն առանձնապես հետաքրքիր չէր եւ ակտիվությամբ էլ աչքի չընկավ։ Ավելի շատ այն նման էր դասախոսության։ Խոսելով Եվրամիության քաղաքականության եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման մասին՝ Ս. Սաֆարյանը նշեց, որ Եվրամիությունն այժմ ավելի մեծ ջանքեր է գործադրում դրանց կարգավորման համար։ «Անտարբերությունն այս հակամարտությունների նկատմամբ Եվրոպայի համար ավելի վտանգավոր է»,- համոզված է բանախոսը, որի կարծիքով` հակամարտության կարգավորման համար պետք է քայլեր կատարվեին երկու հիմնական ուղղություններով՝ հասարակության ընկալումների եւ հակամարտության շուրջ առկա ստատուս-քվոյի փոփոխման տեսակետից։ Ս. Սաֆարյանը չբացառեց, որ Միջազգային ճգնաժամային խմբի առաջարկած սկզբունքները մոտ ապագայում հակամարտող կողմերի համար դառնան պարտադիր պայման՝ Եվրամիության «Նոր հարեւաններ» ծրագրին անդամակցելու համար։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի այն հայտարարությունը, թե «բաժակը կիսով չափ է լցվել, սակայն շուռ չի եկել», պրն Սաֆարյանը մեկնաբանում է հետեւյալ կերպ. նախկին պայմանավորվածություններն ուժի մեջ են։ Սակայն նա չի կիսում համանախագահների լավատեսությունը եւ գտնում է, որ այս ֆորմատով բանակցությունները ձախողված են։ Ըստ Ս. Սաֆարյանի, դա հասկանում են նաեւ համանախագահները։ Այսինքն՝ հասկանում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հայտարարություններ անելուց բացի որեւէ այլ կերպ չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը, ավելին՝ նրանց դա ձեռնտու չէ։ Պարզապես հարկավոր է գործընթացը մինչեւ վերջ տանել, եւ ձախողման դեպքում հիմքեր ունենալ երկու նախագահների ճակատագրերը որոշելու համար։ «2006 թվականը ոչ թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորելու վերջնաժամկետն է, այլ` երկու երկրների ղեկավարներինը»,- գտնում է բանախոսը։

Շուշան Խաթլամաջյանի կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունները նույնպես կարելի է դիտարկել որպես հակամարտություն, քանի որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միջպետական հարաբերությունները կարգավորված չեն, Թուրքիան փաստացի շրջափակման է ենթարկել, եւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ գոյություն ունի բավական թեժ ինֆորմացիոն պատերազմ։ Տիկին Խաթլամաջյանը դժգոհ էր նաեւ մեր պաշտոնատար անձանց եւ դիվանագետների արտահայտություններից՝ կապված ԼՂՀ հակամարտության եւ եվրաինտեգրման հետ. «Մեր ղեկավար այրերը պետք է ավելի ճիշտ ձեւակերպեն իրենց հայտարարությունները, որոնք պետք է բխեն ազգային կոնսենսուսի արդյունքում մեր որդեգրած սկզբունքներից։ Իսկ եթե մենք ինքներս չենք կարող մեր երկրի ներսում կոնսենսուսի հասնել, ապա իրավունք չունենք ուրիշներին մեղադրել»։

Վերջինիս կարծիքով, Հայաստանի կերպարը թուրք հասարակության աչքում բացասական չէ, թեեւ որոշ ԶԼՄ-ներ փորձում են դրան հասնել կամ այդպես ցույց տալ։ Սա հիմք է տալիս լավատեսական ենթադրություններ անելու։