Մարտի 1-ից Հ.Հարությունյանն արդեն լծվել է ակադեմիայի կառավարման գործին: Մեզ հասած տեղեկություններով` նոր ռեկտորի գործելաոճը բազմաթիվ դժգոհություններ է առաջացրել ոչ միայն բուհի ուսանողների, այլեւ պրոֆեսորադասախոսական կազմի մոտ: Բողոքներ կան, որ նոր ռեկտորն իր բյուրոկրատական գործելաոճով անառողջ մթնոլորտ է ստեղծել բուհում, ենթակաների հետ շփվում է միայն օգնականի միջոցով, անհարկի բացակայությունների դեպքում, որպես պատիժ, ուսանողներին զրկում է կրթաթոշակներից, կոպիտ է վարվում աշխատողների եւ ուսանողների հետ, անհիմն աշխատավարձեր է կրճատում, ինչի հետեւանքով էլ բուհի դասախոսներից ոմանք ստիպված դիմում են գրում եւ հրաժարվում աշխատանքից: Եվ առհասարակ, ո՞վ է նա եւ ինչպե՞ս է հայտնվել ակադեմիայի ռեկտորի պաշտոնում՝ հարցնում են դժգոհողները:
Նորանշանակ ռեկտորին այս հարցադրումները խիստ զարմացրին: «Քանի որ Պետական կառավարման ակադեմիայի հիմնադիրը կառավարությունն է, եւ փաստորեն լիազոր մարմին է հանդիսանում Քաղծառայության խորհուրդը, ուստի ռեկտորին նշանակում է Քաղծառայության խորհուրդը՝ քվեարկության միջոցով, ինձ հրավիրել են Քաղծառայության խորհուրդ, ներկայացրել են համապատասխան տվյալները, քվեարկել են եւ նշանակել»,- ռեկտորի պաշտոնում իր ինչպես հայտնվելն է մանրամասնում է Հ.Հարությունյանը: Արդյոք այլ թեկնածուներ չե՞ն եղել այս պաշտոնին հավակնորդ՝ պրն Հարությունյանը նման ինֆորմացիայի չի տիրապետում: Ավելացնենք նաեւ, որ աշխատանքային կենսագրությունից բացի (նկատենք նաեւ, որ հատկապես շահարկման առիթ է Հ.Հարությունյանի` մինչեւ ռեկտոր դառնալը ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունում ունեցած աշխատանքային փորձը), նորաթուխ ռեկտորն ունի նաեւ տնտեսագիտության թեկնածուի կոչում, բացի այդ, շուտով հավանաբար գիտությունների դոկտորի կոչում էլ կստանա. «Համայնքի բյուջե. ձեւավորման եւ օգտագործման հիմնախնդիրներ» թեմայով նրա դոկտորական աշխատանքն արդեն 50 տոկոսով պատրաստ է: Սա էլ համառոտ` իր ով լինելու մասին: Հ. Հարությունյանին զարմացրեց նաեւ այն, որ իր ղեկավարած բուհի մթնոլորտից դժգոհություններ կան. «Նման բան չկա, մթնոլորտը գերազանց է մեզ մոտ, ես զարմանում եմ, որ նման բան եք ասում»: Իսկ թե այնուամենայնիվ ինչի՞ց կարող էին առաջանալ նման դժգոհությունները, ռեկտորը կարծում է՝ իր խստաբարո վարքից. «Ես էությամբ պահանջկոտ մարդ եմ եւ իմ, եւ իմ շրջապատի հանդեպ, գուցե դրանից է»: Հ. Հարությունյանը վստահեցնում է, որ իր պաշտոնավարման մեկուկես ամսվա ընթացքում աշխատանքից ազատվելու ընդամենը երեք դիմում է ստացել. «Առաջին դիմումը գրել է Ուսումնամեթոդական վարչության պետ Յուրա Այվազյանը՝ իր տարիքի եւ առողջության պատճառով, խնդրել է ազատել միայն վարչության պետի պաշտոնից եւ թույլ տալ շարունակել դասախոսությունները: Երկրորդ դիմումը ստացել եմ պրոռեկտոր Վահե Ստեփանյանից. նա գիտնական է, էությամբ ստեղծագործող մարդ եւ սովոր է ազատ ակադեմիական պրոցեսների, նա նույնպես խնդրել է ազատել իրեն իր զբաղեցրած պաշտոնից, սակայն շարունակելու է դասավանդել: Իսկ երրորդ դիմումը մի քանի օր առաջ ստացել եմ մեր ասպիրանտուրայի բաժնի վարիչից. նա եւս մեկ դրույքաչափով էլ աշխատում է ԵՊՀ-ում, ինչպես ժամավճարով դասավանդում է մեզ մոտ, բացի այդ՝ նաեւ սովորում է մեզ մոտ, առաջին կուրսի ուսանող է, եւ քանի որ Աշխատանքային օրենսգիրքը թույլ չի տալիս երկրորդ աշխատավայրում կես դրույքից ավելի զբաղվածություն, եւ ինքն էլ, բնականաբար, չէր հասցնում իր աշխատանքային պարտականությունները կատարել, ուստի խնդրել է իրեն ազատել միայն ասպիրանտուրայի բաժնի վարիչի պաշտոնից. ինչպես տեսնում եք, մեզ մոտ կադրերի հոսունություն տեղի չի ունեցել, միայն որոշ աշխատողների կարգավիճակն է փոխվել իրենց իսկ ցանկությամբ, մարդիկ նախընտրել են ստեղծագործական աշխատանքը»: Ռեկտորի հավաստմամբ` չեն եղել նաեւ աշխատավարձերի անհիմն կրճատումներ. «Մի խնդիր է եղել. որոշ մարդիկ, ենթադրենք` ամբիոնի վարիչները, որ պետք է ստանային «Հեռակայի գործընթացի կազմակերպման համար» անհասկանալի հոդվածով նախատեսվող գումարներ, մարտ ամսին չեն ստացել, որովհետեւ հեռակայի գործընթաց որպես այդպիսին մեզ մոտ մարտին չի կազմակերպվել, որովհետեւ դրա անհրաժեշտությունը չի եղել, հեռակայի գործընթացն ապրիլի 1-ից է սկսվում, հետեւաբար այդ մասով ընդամենը 4-5 աշխատակից չեն վճարվել, այդ տնտեսած գումարներն ուղղվելու են ակադեմիայի ընդհանուր հոգսերի լուծմանը»: Ի պատասխան ուսանողների այն բողոքի, թե ի՞նչ իրավունքով է ռեկտորը բացակայությունների պատճառով իրենց զրկում կրթաթոշակից, Հ. Հարությունյանը վկայակոչում է 2002թ. հաստատված բուհի ներքին կանոնադրությունը, որի 16/24 կետում ասվում է. «Աշխատանքային օրվա ընթացքում մեկ կամ ավելի ժամ դասերից անհարգելի բացակայելու դեպքում ուսանողը զրկվում է մեկ օրվա կրթաթոշակից, եւ ստանում զգուշացում»: «Էս կանոնակարգն էլ ինձանից առաջ է դեռ հաստատվել, ես բոլորովին կապ չունեմ, հիմա ես մեղավոր եմ, որ ընդամենը պաշտպանո՞ւմ եմ կանոնակարգը»,- մեր այն հարցադրմանը, որ հնարավոր է՝ նախկինում կանոնակարգը չի գործել, ինչպես նաեւ՝ որոշ դասախոսներ, այնուամենայնիվ, ժամանակին ավելորդ վճարվել են հեռակայի գործընթացի կազմակերպման անվան տակ, Հ.Հարությունյանը խուսափեց որեւէ մեկնաբանությունից:
Մեկ այլ մեղադրանքով՝ Հ. Հարությունյանը մեղադրվում էր պաշտոնավարման առաջին իսկ օրերից սեփական առանձնասենյակի վերանորոգումը նախաձեռնելու համար: Բողոքողները պնդում են, որ նախկին ռեկտոր, այժմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ժամանակին զերծ է մնացել նման վերանորոգումից, որովհետեւ պատշաճ չի համարել` ակադեմիայի շենքի խեղճուկրակ պայմանները թողած՝ սկսել սեփական աշխատասենյակից: «Երբ ես եկա, այս շենքի մուտքը գործարանի մուտք էր հիշեցնում, երկրորդ օրը Համաշխարհային բանկի մարդկանց եմ ընդունել, շատ ծանր վիճակի մեջ հայտնվեցի, որովհետեւ հնարավոր չէր էդ մարդկանց իրենց վայել ընդունել եւ ճանապարհել, եւ մարդիկ երբ տեսնում էին, որ պրոբլեմներ կան, մի քիչ էլ կասկածով էին նայում մեզ»,- Հ. Հարությունյանի հավաստմամբ` իր աշխատասենյակի վերանորոգումն ու կահավորումն իրականացրել են իր ընկերները, եւ ոչ մի դրամ ակադեմիայի գումարներից այդտեղ չի ծախսվել: Իսկ թե իրավունք ունի՞, արդյոք, պետական պաշտոնյան իր ընկերների միջոցները ծառայեցնելու նման նպատակների համար, եւ արդյո՞ք նրանք հետագայում համարժեք փոխհատուցում չեն ակնկալի իրենց ծառայությունների դիմաց, Հ. Հարությունյանը վստահեցնում է. «Ես սկզբունքային մարդ եմ էությամբ, եւ նման բան չի կարող լինել, նրանք իմ մանկության ընկերներն են եւ ընդամենն օգնել են այստեղի փոշուց ազատվել»: Հովհաննես Հարությունյանը խոստացավ ոչ միայն ամբողջ շենքը կարգի բերել, այլեւ բուհից իսպառ բացառել կոռուպցիոն երեւույթները: