37 տարեկան Թամարայի փրկությունն Արվեստի ուսումնարանում սովորած ասեղնագործությունն էր, որովհետեւ գործերը վաճառելով կարողանում էր երեխային պահել: Իր տեսողության վատանալու մասին ասում է, որ ինքը չի հիշում, բայց պատմել են, որ 3 տարեկանում գլխիվայր ընկնելով՝ ուղեղի ցնցում է ստացել: Աչքերը շլանալուց բացի` վնասվել են եւ, որպես մանկատան սան, 1988թ. վիրահատել են: «Տեսողությունս վատանում ա, կարերս լայնացել են: Հիմա պետք ա ստուգման գնամ, նորից պետք ա վիրահատեն, բայց…»։ Մայր ու աղջիկ անօթեւան են, տեղավորվել են «Աշխատանքային ռեզերվների» հասարակական կազմակերպության հանրակացարանում եւ ոչ մի կերպ չեն կարողանում ճշտել, թե հանրակացարանին որ պոլիկլինիկան է սպասարկում, որպեսզի աչքերը ստուգել տան: «8-րդ պոլիկլինիկան ուղարկում ա թիվ 16 պոլիկլինիկա, էնտեղից ուրիշ տեղ են ուղարկում ու այ տենց քաշքշում են, չեն ստուգում, որ պետպատվերի ուղեգիր տան»: 11.500 դրամ նպաստ է ստանում եւ մեկ-մեկ էլ պատահում է, որ մեծահարուստների բնակարանները մաքրելով է վաստակում: Ստիպված 7-ամյա Մերիին ուղարկում է «Օրրան» բարեգործական կազմակերպություն` ամենօրյա սնունդ ստանալու: Աղջկան պահելու հնարավորությունները սուղ են, որովհետեւ հիմա տեսողության պատճառով չի կարողանում ասեղնագործել: Թամարան ասում է, որ ամուսինը երեխային նույնիսկ չի տեսել, թեեւ տեղյակ է եղել երեխայի ծնունդի մասին: Տարիներ առաջ սիրել ու ամուսնացել է: Որոշ ժամանակ երջանիկ են եղել, սակայն հետագայում, երբ սկեսուրն իմացել է, որ Թամարան մանկատանն է մեծացել, վերաբերմունքը կտրուկ փոխվել է եւ որդուն ասել է՝ «Քեզ պե՞տք ա, որ մանկատան աղջկան որպես կին պահես: Ճանապարհի թող գնա…»: Իմանալով, որ կինը հղի է, ամուսինը փող է տվել եւ Թամարային ստիպել է գնալ հիվանդանոց՝ հղիությունը դադարեցնելու: «Ասեցի՝ տուր, գնում եմ հանեմ երեխուն, բայց խաբեցի ու էդ փողով ուտելիքներ առա, կերա, մտածեցի` լավ սնվեմ, որ երեխես առողջ ծնվի»,- պատմում է նա: Թամարային հղի վիճակում վռնդել են ամուսնու տանից. «Ամուսինս չգիտեր, որ ես որբ եմ, ախր ես ի՞նչ անեի, որ ինձ լքել էին, մեղավո՞ր էի, որ ճակատագիրս տենց ա: Մեղավո՞ր էի իմ անցյալի համար: Իմացավ ու ինձ թողեց»: Ասում է՝ Հայաստանում, երբ մարդիկ իմանում են, որ մանկատան սան ես, անպայման ուզում են շահագործել: Տղամարդիկ մտածում են, թե ուրեմն մանկատանը մեծացած աղջկա մայրը պարտադիր անբարոյական պետք է եղած լինի, նույնիսկ այն դեպքում, եթե երեխան մանկատուն է ընկել ծնողների մահվան պատճառով: «Մանկատան սանին մարդ չեն համարում, բայց չի կարելի ընկած մարդուն խփել, ավելի կործանել: Մտածում են, եթե ընտանիքում չես մեծացել, ուրեմն չես կարա լավ ծնող լինես»,- ասում է Թամարան: Մեր հասարակության մեջ իսկապես կա այդ խնդիրը: Թերեւս դա է պատճառը, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ մանկատան երեխաների ընդամենը 10%-ն է ընտանիք կազմում:
Թամարան, անկախ իր անհաջող ամուսնությունից, երեխայի մասին խոսելիս անմիջապես պայծառանում է ու սկսում է դարակները քրքրելով գտնել նրա նկարներն ու ցույց տալով հպարտանալ: Ուզում է բոլորին ապացուցել, որ մանկատանը մեծացած կինը կարող է լավ մայր լինել, ու ասում է, որ լավ մայր լինելու համար իրեն պետք է աչքերը վիրահատել, ասեղնագործելով գումար աշխատել ու չորս պատ ունենալ: «Իմ փրկությունն ասեղնագործությունն ա, դրանով իմ երեխուն կպահեմ ու չեմ սպասի, որ բարեգործական կազմակերպություններն ինձ ձեռք մեկնեն: Շատ լավ եմ ասեղնագործում, գործերս գնացել են Բուլղարիա: Իմ գործերն առնողը ուզում էր ինձ Հոլանդիա կանչեր իրա փողերով, բայց չէի կարա Մերիիս թողեի»,- պատմում է նա՝ վստահեցնելով, որ նման գայթակղիչ առաջարկն իրեն չէր կարող հրապուրել, քանի որ, թեկուզ սոված մնա, բայց աղջկանից չի բաժանվի: Հարազատներ չունի, իսկ ծնողների մասին միայն գիտի, որ հայրը Շամշադինից է եղել, իսկ մայրը՝ Դիլիջանից: Ասում է, որ չի փորձելու գտնել նրանց, որովհետեւ դառը փորձ ունի. «Մեր երեխեքից մեկը՝ Յուրոն, գիտեր, որ ծնողները Կոմիտասում են ապրում: Ասինք՝ Յուրո, քել էթանք գտնենք իրանց: 3 հոգով գնացինք, ասինք՝ Յուրո, տենանք մերդ ո՞վ ա, ինչացո՞ւ ա: Մտանք զագս, վարիչը երեւի հասկացել էր մեր նպատակը, ինձ կանչեց ասեց՝ աղջիկ ջան, կարո՞ղ ա ծնող եք ման գալիս: Ասեցինք՝ հա, մեր ընկերոջ մորն ենք ուզում գտնենք»: Օրեր անց Յուրոյի մայրը բողոք է ներկայացրել, թե 3 երիտասարդներ իրեն անհանգստացնում-խանգարում են, թեեւ Յուրոն այդպես էլ մորը չէր տեսել:
Թամարան խոսելիս հուզվում է ու հիշում է այդ պահին «Օրրանում» գտնվող իր Մերիին, ժպտում է ու ասում. «Աստված տա` իմանանք, թե որ պոլիկլինիկան ա սպասարկում մեզ, տեսողությունս վերականգնվի, կարողանամ երեխուս պահեմ: Աչքերս շատ են խեղճացնում ինձ»: