28-ամյա Դավիթը ծնվել ու մեծացել է ԼՂՀ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում: Նրանց ընտանիքը մեծ է, բայց շատ համերաշխ: Տարիներ առաջ քույրն ամուսնացել է ու մեկնել Ռուսաստան: Այնուհետեւ Դավիթն էլ է ամուսնացել, իսկ վերջերս նաեւ` փոքր եղբայրը: Այժմ բոլորն ապրում են միասին:
«Մեծ ընտանիքի հոգսերը բնականաբար շատ են: Ինչ արած, փորձում ենք համատեղ աշխատանքով պահել ընտանիքը»,- ասում է Դավիթը: Նա պատմում է, որ տարիներ առաջ, երբ զորացրվել է, աշխատանք չի ունեցել: Որոշել է զբաղվել հողագործությամբ. նա գյուղի մոտակայքում հողատարածք է վերցրել եւ զբաղվել բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ: Այժմ, նրա խոսքերով, բանջարանոցից ստացած բերքը բավարարում է ընտանիքին, դեռ ավելին` մեկ-մեկ էլ վաճառում են: 28-ամյա երիտասարդի հավաստմամբ, շատ բարեկամներ ունեն Ռուսաստանում, ինքն էլ կարող էր նրանց պես մեկնել աշխատելու, սակայն առանց հայրենի գյուղի, առանց հարազատների ու ծնողների նա չէր կարող ապրել օտար երկրում: Որոշել է մնալ, ու հասկացել է, որ աշխատասեր մարդն ամեն տեղ էլ ապրուստի միջոց գտնում է, մանավանդ` հարազատ բնակավայրում:
Դրախտիկ գյուղն այսօր ունի չլուծված մի շարք խնդիրներ: 1987-ից միջնակարգ դարձած դպրոցը, որտեղ սովորում է 78 աշակերտ, փլուզման եզրին է: Ասում են՝ նախատեսվում է պետական միջոցներով 132 աշակերտական տեղով նոր դպրոց կառուցել: Դպրոցը կապահովվի նաեւ համապատասխան գույքով։
Գյուղում 2004թ. ծնվել է 6 երեխա, 2005-ին՝ 11, իսկ այս տարվա առաջին երեք ամսում` արդեն 5: Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ եւ անասնապահությամբ: Գյուղում տրանսպորտի խնդիր նույնպես չկա, ուստի եւ չկա ստացված բերքի իրացման խնդիր. գյուղի միջով առավոտյան ժամերին Ստեփանակերտ գնացող ութ ավտոբուս է անցնում եւ համարյա նույնչափ վերադառնում երեկոյան ժամերին:
Գյուղն ունի նաեւ ոռոգման խնդիր, որի պատճառով բնակիչները շատ հաճախ չեն կարողանում տնամերձ հողամասը մշակել, ուստի ձգտում են գետի շրջակայքում բանջարանոց պահել։ Վերջերս ավարտվել են գյուղի գազիֆիկացման աշխատանքները։
Դրախտիկում երիտասարդության ազատ ժամանցի համար ստեղծված են համապատասխան պայմաններ. գյուղապետարանի տարածքում մարզական փոքր համալիր կա՝ վոլեյբոլի, բասկետբոլի, մինի ֆուտբոլի դաշտերով։ Երեխաների համար «Կարմիր խաչն» անվտանգ խաղահրապարակ է կառուցել։ Շուտով ավարտին կհասցվի պետական չափորոշիչներով մարզադաշտի շինարարությունը, որի կառուցմանն աջակցում է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը։ Մշակույթի տանը կա նաեւ առանձին խաղասենյակ։
Ի տարբերություն Ղարաբաղի մի շարք բնակավայրերի` Դրախտիկն ունի հոյակապ մշակույթի տուն, որի գույքը, սակայն, շատ հնամաշ է: Չնայած այս գյուղում մշակույթի տուն կա, սակայն մշակութային միջոցառումներ շատ քիչ են կազմակերպվում: Գյուղի երիտասարդներից մեկը մեր զրույցի ժամանակ նկատեց, որ մեկ-մեկ Հայաստանից համերգներով բոլորովին անհայտ ինչ-որ երգիչներ են գալիս: «Մի՞թե հնարավոր չէ, որ գյուղ այցելեն նաեւ մեր հանրապետությունում գործող քիչ թե շատ հայտնի խմբեր կամ երգիչներ: Որքան գիտեմ, շատ լավ երգիչ-երգչուհիներ ունենք: Այս բացը լրացնելու համար մենք ստիպված ենք լինում բավականին մեծ գումարներ ծախսել ու հասնել մայրաքաղաք, ինչը ոչ միշտ է հնարավոր լինում»,- մեր զրույցի ժամանակ նշեց երիտասարդներից մեկը: