Ողբերգությունը շահարկվում է

17/04/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նախօրեին Հունգարիայի դատարանը հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի: Հունգարական դատարանի վերոնշյալ վճռի կապակցությամբ երեկ ասուլիս էր հրավիրել Հայաստանի Առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) ղեկավար Տիգրան Ուրիխանյանը: Հիշեցնենք, որ վերջինս ամիսներ առաջ հայտարարել էր, որ եթե Սաֆարովը ցմահ ազատազրկման չդատապարտվի, ապա ինքը 120 հազար դոլար կվճարի նրան, ով կսպանի վայրագ սպանության հեղինակ ադրբեջանցի սպային: Ուրիխանյանի այս հայտարարությունը որակվեց որպես ողբերգության շահարկում, էժան հնարքներով դիվիդենտներ շահելու ձեւ, հիմարություն եւ այլն: Սակայն երեկ Ուրիխանյանը մի լավ «տեղը դրեց» նման կարծիք հայտնողներին, դեռ ավելին՝ շատ թափանցիկ ակնարկ արեց, թե այդ դատավճիռը նաեւ իրենց գործողությունների հետեւանք էր՝ այդկերպ փաստորեն շարունակելով ողբերգության շահարկումը: Այսպես, նախ մեջբերելով Ադրբեջանի, այսպես կոչված, «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» ղեկավար Ակիֆ Նագիի այն խոսքերը, թե հունգարական դատարանից պետք չէ արդար դատավճիռ ակնկալել, որովհետեւ այն «հայկական լոբբիի ազդեցության տակ է», նշեց, թե իրենցից բացի ուրիշ «լոբբինգ անող չի եղել»: Անդրադառնալով իր վերոնշյալ հայտարարությանը հետեւած բազմաթիվ քննադատական որակումներին՝ Ուրիխանյանն ասաց. «դրա մասին բացահայտորեն չէինք խոսում, որովհետեւ մեր գործողությունները չէին ունենա այն ազդեցությունը, այն նպատակին չէին հասնի, որը դրված էր: Այդ բոլորին չէինք կարող պատասխանել, որովհետեւ սպասում էինք, որ մեր արածներն ունենան այն ազդեցությունը, որի համար էլ եւ նախաձեռնվում ու կազմակերպվում էին»: ՀԱԿ ղեկավարը երեկ նաեւ ասաց, թե այս դատավարության հետ կապված իրենց հայտարարություններն ու գործողությունները նպատակ են ունեցել հասնել նրան, որ Բուդապեշտում իմանան, որ Հայաստանում կան պահանջատեր մարդիկ, որ Հայաստանում կան պաշտոնական Երեւանի՝ այս հարցի շուրջ քաղաքականությունը վարածներին սատարողներ: Ինչեւէ, Ուրիխանյանի երեկվա խոսքից պարզ դարձավ նաեւ, որ Սաֆարովի՝ ցմահ ազատազրկման դատավճիռը միայն իրենց գործողությունների արդյունք չէր: Ըստ նրա, այդ դատավճիռն «աշխարհաքաղաքական զարգացումների ազդեցության տակ կայացված որոշում էր, նաեւ քաղաքական որոշում էր, ինչը բարձր պահեց հունգարական դատարանի պատիվը»: Ինչեւէ, կարելի է փաստել, որ ինչ-ինչ նպատակներով ու ինչ-ինչ շահերից ելնելով, այս ողբերգության շահարկումը շարունակվում է: