– Մենք առօրյա կյանքում հաճախ գիտակցաբար կամ չգիտակցելով արարքներ ենք թույլ տալիս, որոնք հետագայում տանջում են մեզ. չգիտենք՝ մեղք գործեցի՞նք, թե՞ ոչ: Մենք թեեւ գիտենք, որ ամենակարող Աստված ներողամիտ է, սակայն, Տեր հայր, ի՞նչ է մեղքը, մենք հո չե՞նք կարող անընդհատ մեղք գործել ու գնալ ապաշխարել՝ ապավինելով Աստծո գթասրտությանը:
– Դժվար է մեղքի մասին ամբողջական ձեւակերպում կատարելը, քանզի այն անձի հոգեւոր աշխարհին վերաբերող գործողություն է: Այն առավելաբար ընկալելի է հոգեւոր իմացության, փորձառության եւ հավատի առկայության պայմաններում: Այդուհանդերձ, եթե փորձենք այդ բացասական երեւույթը զգեստավորել նյութական տարազով, թերեւս հետեւյալ բովանդակությունը կունենա. մեղքը Աստծու օրենքներից եւ Սուրբ եկեղեցու կանոններից շեղումն է: Ավելին ասեմ` նաեւ այդ օրենքներից հրաժարվելը: Աստծու արարչագործությունը մղված է մարդկային ցեղի փրկագործությանը` իր նախախնամության օժանդակությամբ, եւ այն ինչպես դրսեւորվում է իր խոսքի արդյունքում արարված միջավայրով՝ տիեզերքով, ուր առկա են այն բոլոր նախապայմանները (օդ, ջուր, սնունդ), որպեզի մարդ տեսակի շարունակականությունը հնարավոր լինի, նույնպես Իր խոսքի թանձրացած օրենքներով եւ պատվիրաններով, որոնք Իր էությունից սկզբնավորված եւ Իր նմանությունը եւ պատկերը կրող մարդուն պետք է օժանդակեն, որպեսզի նա արժանանա փրկությանը` այսինքն, Աստծուց Իրեն շնորհված ազատ կամքը ի բարին ուղի, այլ ոչ թե մեղք գործի: Սուրբ եկեղեցին, Հիսուս Քրիստոսի հարությունից հետո, հենց իսկ Նրանից քարոզելու, մկրտելու, եւ մեղքերին քավություն եւ թողություն տալու, առաքյալների քարոզի եւ նահատակության արդյունքում հիմնադրված աստվածային հաստատություն է: Առաջնորդվելով Սուրբ գրքով եւ առաքելական ավանդությամբ՝ Ս. Եկեղեցին ստեղծել է կանոնադրությունը, որի գերխնդիրն է` առաջնորդել անձին դեպի փրկություն, այսինքն՝ ուղղափառ ճանապարհով աստվածճանաչողության բերել նրան, կանոնակարգել մարդ-Աստված հարաբերությունը, որը կարտահայտվի ինչպես մեղքերի թողության կարգով, ծիսական արարողություններով եւ այլ եղանակներով: Ժամանակի հարագնա ընթացքը, տարատեսակ գաղափարախոսությունների հետ մեկտեղ, տեխնոլոգիական զարգացումների արդյունքում, նոր երեւույթներ է առաջ բերում, եւ Եկեղեցին է, որ քննության է առնում այդ իրողությունները եւ իր կանոնների միջոցով փորձում զերծ պահել մարդուն, որպեսզի մեղք գործելու պատճառ չհանդիսանան: Եթե փորձենք մեղքը առավել ընկալելի դարձնել, այն թերեւս, կարելի է ասել, վատությունն է, քանզի հակադրումն է մարդու բնականոն զարգացմանը` բարությանը, անբնականն է, քանզի դեմ է մարդու բնական ընթացքին, անբարոյականն է, քանզի դեմ է անձի մեջ բնական, բարոյական զգացումին, եսակենտրոնությունն է, երբ եսի շահը ճնշում է սիրուն:
– Ո՞րն է մեղքի առաջացման պատճառը, եւ մի՞թե բոլոր մարդիկ են մեղսունակ։
– Մեղքն առաջացավ Ադամի եւ Եվայի իրենց ազատ կամքի ի չար գործադրումից: Այսինքն, նրանք չհնազանդվեցին Աստծու օրենքին, եւ անհնազանդորեն ճաշակեցին չարի եւ բարու գիտության ծառից, որից պատվիրված էր նրանց չճաշակել: Ադամի եւ Եվայի գործած մեղքը կոչվում է առաջին կամ ադամական մեղք, միգուցե առաջին մեղքը հենց այն էր, որ նրանք ամաչեցին իրենց մերկությունից, եւ թզենու տերեւներով փորձեցին ծածկել այն, մինչ Աստված կաշվե զգեստներ կպատրաստեր նրանց համար: Թեկուզեւ Աստված արդար էր ստեղծել նրանց, սակայն նրանք` մեղանչելով, կորցրին իրենց բացարձակ արդարությունը` վտարվեցին դրախտից, մեղքով եւ ցանկությամբ զավակներ ծնեցին, եւ մեղքը մտավ աշխարհ: Այնուհետեւ մեղքի դրսեւորումներ ենք տեսնում Ադամի հետնորդների մոտ, ինչպես Կայենի, որ նախանձելով սպանեց իր եղբորը` Աբելին, մեծամասշտաբ մեղքի դրսեւորում Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ, Սոդոմ-Գոմոր քաղաքների բնակիչների կողմից, այսինքն` մեղանչականությունը հատուկ եղավ բոլոր ժամանակների մարդուն` Ադամից մինչեւ մերօրյա մարդը:
– Արդյո՞ք մեղքերը լինում են մեծ կամ փոքր:
– Մեղքերը չեն լինում մեծ կամ փոքր, այլ՝ ներելի եւ ոչ ներելի։ Աններելի մեղքերից է ինքնասպանությունը: Մյուս կողմից` կարեւոր է նաեւ այն հանգամանքը, թե անձը ինչպես է գործել որեւէ տեսակի մեղք` կամա՞, թե՞ ակամա: Բնականաբար, այն մեղքը, որն անձը գործում է` իմանալով հանդերձ, որ մեղք է, միանշանակ Աստծու կողմից թողության չպետք է արժանանա. ինչպես օրինակ, այն անձը, որը գիտակցորեն հայհոյում է, ապա` Աստծուց հայցում թողություն, հաստատապես նրա մեղքը չի ներվելու:
– Ինչպե՞ս պետք է թողություն ստանալ:
– Հայ Առաքելական եկեղեցին թողություն ստանալու համար հատուկ կարգ է հաստատել, որը կոչվում է Ապաշխարության կարգ: Համաձայն որի` յուրաքանչյուր Հայ Առաքելական եկեղեցու զավակ զղջում պետք է ապրի իր կատարած մեղքի համար, խոստովանի քահանայի առջեւ, պատրաստ լինի այդ մեղքի դիմաց հատուցմանը եւ Սուրբ պատարագի արարողության ժամանակ Սուրբ հաղորդություն ստանա: Ինչպես մարդկային փոխհարաբերությունների ընթացքում, եթե որեւէ մեկը նեղացնում է իր նմանին. անկեղծորեն չզղջա իր կատարած սխալի համար, ներողություն չխնդրի նրանից եւ ներմանն արժանանալուց հետո նրա նկատմամբ ավելի ազնիվ հարաբերություն չցուցաբերի, բնականաբար, նրանց հետագա փոխհարաբերություններում որեւէ առաջընթաց չի արձանագրվի:
– Ինչպե՞ս է կատարվում խոստովանության կարգը, եւ ի՞նչ է նշանակում հատուցում:
– Ըստ Հայ Առաքելական եկեղեցու կանոնի` խոստովանության կարգը կատարվում է երկու եղանակով` ընդհանրական եւ անհատական: Ընդհանրական խոստովանության ժամանակ, նախ հավատացյալը երեք անգամ հրաժարվում է սատանային ծառայելուց, քանզի մարդը`ամբողջությունը լինելով հոգու, մտքի եւ մարմնի, ունակ է երեք կերպով էլ մեղք գործելու, ապա` որից հետո արտաբերում է այն բոլոր հնարավոր մեղքերը, որոնք, կամա թե ակամա, գիտությամբ եւ անգիտությամբ, հնարավոր է, որ գործեր, եւ որոնց շարքը շարադրված է Ժամագրքում: Ապա` որից հետո ձեռնադրություն եւ օծում ունեցող հոգեւորականը, մեղքերը արձակելու եւ կապելու իրավասությամբ, թողություն է տալիս խոստովանողին: Իսկ անհատական խոստովանության ժամանակ խոստովանող հավատացյալը հոգեւորականին խոստովանում է իր մեղքերը եւ ստանում թողություն: Անհատական խոստովանությունը առավելաբար կատարվում է այն դեպքում, երբ խոստովանողը խոստովանության հորդորի կամ խորհրդի կարիք ունի: Հայ Առաքելական եկեղեցում գերակշռում է ընդհանրական խոստովանության եղանակով մեղքերի թողություն տալը, սակայն անհատական խոստովանության կարգը եւս ընդունելի է. օրինակ, հնում հայ թագավորներն ու իշխաններն ունեին իրենց անհատական խոստովանահայրերը: Հատուցումը մեղքերի թողությունն ամբողջական դարձնելու կարեւորագույն հանգամանքն է: Անընկալելի կլինի այն խոստովանողի խոստովանությունը, եթե նրա մոտ բացակայի իր կատարած մեղքի դիմաց հատուցելու պատրաստակամությունը: Եվ այն հատուցման եղանակը, որը խոստովանություն ընդունող քահանան նշանակում է խոստովանողին, ուղղված է նրա հոգեւոր տաճարի շինությանը` ինչպես, օրինակ, կծծի մարդու ամենաարդյունավետ հատուցումը կարող է լինել բարեգործությունը, Աստծու օրենքները չիմանալու պատճառով օրինազանցինը` ամբողջ Աստվածաշնչի ընթերցանությունը որոշակի ժամանակահատվածում, հարբեցողինն ու որկրամոլինը`պահքը, զազրախոսինը եւ բամբասողինը` խոկումը եւ աղոթքը:
– Իսկ կարո՞ղ է եկեղեցի կառուցելը հատուցման եղանակ լինել:
– Բնականաբար, այո: Յուրաքանչյուր մարդ, ինչ տնտեսություն որ ունի` նյութական, հոգեւոր, մտավոր, Աստծո շնորհը եւ պարգեւն է իրեն, եւ նա, որպես այդ տնտեսության տնտես, պետք է տնօրինի այն Աստծո կամքի համաձայն, այլապես Աստծո հանդիմանող խոսքը կհնչի, ինչպես հնչեց այն մեծահարուստի պարագային, ասելով, թե նրա ամբողջ հարստությունը վերցնելու է, եւ տեսնելու, թե ինչով է հպարտանալու նա: Մեկը կարող է հարուստ լինել նյութապես, մյուսը` մտավոր առումով, մյուսը` ֆիզիկապես, սակայն յուրաքանչյուրը պիտի ծառայեցնի այդ կարողությունները բարի գործերի համար: Հետեւաբար յուրաքանչյուր անձ, որ կառուցում է եկեղեցի, իր տնտեսությունից բաժին է հատկացնում Աստծուն, ծառայեցնելով այն ընդհանրական շահերին:
– Ի՞նչ հետեւանք կարող է ունենալ մեղքը:
– Ինչպես որ մարդու մարմինը հիվանդանում է խնամքի բացակայության պատճառով, նույնպես եւ հոգին է հիվանդանում մեղքի պատճառով: Օրեր առաջ մի երիտասարդուհի էր եկել եկեղեցի, որը 7-8 տարիներ առաջ մի սխալ էր կատարել, որից հետո իր հետ կատարված բոլոր անհաջողություններն այդ իրողության հետեւանք էր նկատում: Խոստովանության ընթացքին հասկացա, որ թերեւս տրամաբանական կապ կար: Որոշակի ժամանակահատվածում Աստվածաշնչի ընթերցանության, պահեցողության եւ ժամերգությունների մասնակցությամբ եւ այլ հատուցումների ճանապարհով իր անհանգստությունները խաղաղվեցին եւ նա իր սխալի վրա սկսեց կառուցել նորը: Յուրաքանչյուր մի մեղք, որը չի քավվում` նոր մեղքի պատճառ է հանդիսանում: Ինչպես, օրինակ, եթե որեւէ անձ սուտ է խոսում, եւ որպեսզի այնուհետեւ իր արտաբերած սուտը, կեղծիքը նորից քողարկի, բնականաբար, սկսում է նորից սուտ խոսել: Քրիստոս մարդացավ, խաչվեց, թաղվեց եւ հարություն առավ մարդկանց մեղքերի քավության, թողության եւ Երկնքի Արքայությանն արժանանալու համար: Կամրջեց երկինքը եւ երկիրը, հաշտեցրեց մարդուն Աստծո հետ, եւ այն անձը, որը չքավի իր մեղքերը` անհաշտ է Աստծո հետ: