Ճաշերը սառնարանում պետք է տեղավորել միջին դարակներում, փակ վիճակում։ Կոմպոտները, հյութերը, ըմպելիքները պետք է դնել ներքեւի դարակում, որպեսզի չսառչեն, իսկ կաթնեղենը` կաթը, թթվասերը, կաթնաշոռը, վերեւի դարակներում։
Քանի որ կարագը շատ շուտ է կլանում տարբեր հոտեր, այն պետք է պահել փակ ամանի մեջ, վերեւի դարակներում։
Պանիրը նույնպես պետք է պահել փակ ամանի կամ պոլիէթիլենային տոպրակի մեջ։
Խորհուրդ է տրվում պոմիդորն ու վարունգը փաթաթված վիճակում սառնարան դնել, որովհետեւ դրանք շատ զգայուն են ցրտի նկատմամբ։
Կանաչին, ծաղկակաղամբը նույնպես խորհուրդ է տրվում փաթաթել թղթով կամ փայլաթիթեղով, որպեսզի չչորանան։
Հատապտուղները սառնարանում պետք է պահել ամանի մեջ, մեջտեղի դարակում։
Մրգերի եւ բանջարեղենի համար նախատեսված է սառնարանի ներքեւի դարակը։ Դարակի վրայի ապակին չպետք է հանել, քանի որ այն պահպանում է անհրաժեշտ խոնավությունը եւ նպաստում, որպեսզի մրգերը եւ բանջարեղենը թարմ մնան։ Նախքան սառնարան դնելը մրգերը պետք է մաքրել, փչացածներն առանձնացնել։
Միրգը սառնարան դնելուց առաջ հարկավոր է լավ լվանալ ու սրբիչով չորացնել։
Ոչ մի մթերք չպետք է սառնարանի մեջ դնել պերգամենտի պոլիէթիլենի մեջ ամուր փաթաթած, քանի որ առանց թարմ, սառը օդի հոսանքի դրանք շուտ են փչանում։
Կանաչին սառնարանում ավելի երկար թարմ կմնա, եթե այն չլվացած վիճակում նախ փաթաթեք թղթով, ապա` պոլիէթիլենով։ Հարկավոր է թուղթը 2-3 օր հետո փոխել։
Թարմ կաթը, հյութերը եւ այլ ըմպելիքներ լավ է սառնարանում պահել ամուր փակված ամաններում։
Հեղուկները` կաթը, սերուցքը, արգանակները, սառնարանի մեջ դնելիս ավելի լավ է լցնել շշերի կամ ապակե բանկաների մեջ, երբեք չթողնել բաց ամաններում։
Որպեսզի եփած միսը, կանաչեղենը չչորանան, սառնարանի մեջ դնելիս դրանք հարկավոր է պերգամենտով այնպես ծածկել, որ դրանց շուրջը չխախտվի օդի շրջանառությունը։
Միսը սառնարանում պահելիս հիշեք. ինչքան ավելի խոշոր են մսակտորները, այնքան ավելի երկար ժամանակ կպահպանվեն։ Հետեւաբար, խորհուրդ չի տրվում սառնարանում աղացած կամ մանր կտորներով միս պահել։
Միսը չպետք է պահել բաց սառույցի վրա, քանի որ դրանից վատանում է մսի համը։
Սառնարանի սառույցը հարկավոր է ժամանակին հալեցնել, մաքրել տաք ջրով, ավելացնելով մի քիչ սոդա։ Բոլոր հոտերը կվերանան։