Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանին` տարեսկզբին վերջինիս տրված հանձնարարականների կատարմանը վերաբերող հարցերի քննարկման համար: Ա. Ավետիսյանի ներկայացրած տվյալով, առաջին եռամսյակում նախատեսված 31 մլրդ 100 մլն դրամի փոխարեն հավաքագրվել է շուրջ 400 մլն-ով ավելի գումար: Մաքսանենգության դեմ պայքարի միջոցառումների շարքում խոսվել է նաեւ Բագրատաշենի սահմանային շուկան փակելու հայ-վրացական օրերս ձեռք բերված համաձայնության մասին: Ռ. Քոչարյանը հանձնարարել է քարտեզագրել մաքսանենգության հնարավորություններ ընձեռող բոլոր տարանցիկ ճանապարհները եւ հնարավորինս կարճ ժամկետում լիարժեք վերահսկողություն սահմանել դրանց վրա` մինչեւ համապատասխան սահմանային գոտու ստեղծումը: