«Չի կարող Հայաստանում մի լավ գործ լինել, որտեղ իմ մատը խառը չլինի: Այնպես որ` կարող եք հանգիստ լինել»,- անդրադառնալով Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը Ռուսաստանին հատկացնելու մասին պատգամավոր Էմմա Խուդաբաշյանի հարցին, թե` ձեր մատը խա՞ռն է այս գործարքին, պատասխանեց ՀՀ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը: Վերջինիս համոզմամբ, այս գործարքում որեւէ տարօրինակ բան չկա. «5-րդ բլոկը ձեռք բերելու վերաբերյալ հարցադրում միշտ էլ ռուսական կողմը բարձրացրել է միջկառավարական հանձնաժողովի նիստում,- ասաց Ս. Սարգսյանը` ինքն իրեն հարցադրելով,- ինչո՞ւ մենք 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005թթ. չհամաձայնվեցինք, որովհետեւ մինչ այդ ռուսական կողմը մշտապես պայման էր դնում, թե ներդնելով այդքան գումարներ` պարտավոր է մի քանի տարիների ընթացքում ամբողջովին հետ վերցնել իր ներդրած գումարները: Սրանից բխում է, որ մենք պարտավոր էինք կա՛մ ամբողջությամբ վերցնել 5-րդ բլոկի արտադրած էլեկտրաէներգիան, կամ` չվերցնելու դեպքում, վճարել, ինչը մեզ բոլորովին ձեռնտու չէր, որովհետեւ ավելի էժան էլեկտրաէներգիա ունեինք: Իսկ այս անգամ ռուսական կողմը հրաժարվել է այդ պայմանից, եւ այս գործարքը կատարվել է: Այո, իմ մատը խառն է եղել»: Պատգամավորի հաջորդող հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ 5-րդ բլոկն էլ կարժանանա «Գույք` պարտքի դիմաց» տրված գործարանների ճակատագրին, որոնք մինչ օրս չեն աշխատում, Ս. Սարգսյանը պատասխանեց. «Մեր տված գործարանները չէին էլ աշխատում: 5-րդ բլոկն աշխատող ձեռնարկություն չէ, այն կիսակառույց է, բայց պայմանավորվածություն կա, որ այն պետք է մինչեւ վերջ կառուցվի: Չեմ կարծում, թե կգտնվի մեկը, ով կներդնի 430 մլն դոլար, եւ այդ գումարը կսառեցնի»: Ի դեպ, թե Ս. Սարգսյանը, թե Անդրանիկ Մարգարյանը երեկ ԱԺ-ում հերքեցին լուրերը, որ Իրան-Հայաստան գազամուղից ինչ-որ հատված տրվել է Ռուսաստանին: «Ոչ, չի տրվել»,- հավաստում էր Ա. Մարգարյանը: