Թե կոնկրետ ի՞նչ նոր ձեւաչափի մասին է խոսքը, Ալիեւը չի մանրամասնել, սակայն կարելի է փաստել, որ Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին շրջանում վերստին ինչ-որ ակտիվություն է նկատվում: Երեկ Բաքվից Երեւան ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ով այսօր Երեւանում մամուլի ասուլիս է հրավիրել: Իսկ Բաքվում նախօրեին տեղի ունեցած ասուլիսում Բ. Ֆասիեն հայտարարել է, թե այս շաբաթվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին են ներկայացվելու ԼՂ հակամարտության կարգավորման նոր առաջարկներ: «Այս նոր սկզբունքներով հակամարտության լուծման դեպքում հնարավոր կլինի, որ կողմերից յուրաքանչյուրը 50, նույնիսկ 80 տոկոսով իրեն բավարարված զգա»,- ավելացրել է Ֆասիեն: Վերջինիս խոսքերով՝ ԼՂ հարցով բանակցությունների ներկայիս փուլը «պրահյան գործընթացի» շարունակությունն է: Ի դեպ, Բ. Ֆասիեի այս այցին նախորդել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանի այցը տարածաշրջան, սակայն սպասվում է, որ վերջինս առաջիկա շաբաթվա ընթացքում դարձյալ կայցելի տարածաշրջան: Թե ինչո՞ւ են համանախագահներն այս անգամ առանձին-առանձին այցելում տարածաշրջան, պարզ չէ, սակայն պարզվում է, որ այս այցերից հետո մայիսի սկզբին Մինսկի խմբի երեք համանախագահները հանդիպելու են Մոսկվայում՝ ապրիլյան բոլոր բանակցությունների արդյունքները քննարկելու նպատակով: Բացի այդ, նախատեսվում է, որ մայիսի սկզբին երեք համանախագահները համատեղ այցելություն կիրականացնեն տարածաշրջան, որի նպատակը պետք է լինի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման կազմակերպումը, սակայն դեռ պարզ չէ, թե ե՞րբ եւ որտե՞ղ են հանդիպելու նախագահները: Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը չի բացառել, որ մայիսին արտասահմանյան որեւէ երկրում կարող է տեղի ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպում: Հարկ է նշել, որ ԼՂ խնդրի բանակցային փուլի վերջին ակտիվությունը հիմնականում կապվում է Ռամբույեի բանակցություններից ամենաշատը հիասթափված ամերիկյան կողմի գործադրած ջանքերի հետ: Բավական է նշել, որ վերջին 3-4 շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի մայրաքաղաք մեկնեցին Ադրբեջանի փոխարտգործնախարարը, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, իսկ ընթացիկ ամսվա վերջում էլ ԱՄՆ է մեկնելու Ադրբեջանի նախագահը, եւ նախատեսված է նրա հանդիպումն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ: Կարծիք կա, որ Իլհամ Ալիեւին Վաշինգտոն հրավիրելով` ԱՄՆ-ը աչք է փակում Ադրբեջանում ժողովրդավարության վիճակի, կեղծված ընտրությունների ու մարդու իրավունքների խախտումների վրա՝ փոխարենն ակնկալելով աջակցություն Իրանի հետ կապված խնդրում: Որոշ վերլուծաբաններ գտնում են, որ ԱՄՆ-ի կողմից Ալիեւին Վաշինգտոն հրավիրելն անմիջականորեն կապված է ԱՄՆ-ում ծրագրվող հակաիրանական արշավի եւ այդ համատեքստում ԼՂ խնդիրը լուծելու մտադրության հետ: Օրինակ՝ քաղաքագետ Զաֆար Գուլիեւի կարծիքով՝ Վաշինգտոնը կօգնի Ադրբեջանին ղարաբաղյան հարցում՝ փոխարենը փորձելով Ադրբեջանին ներքաշել հակաիրանական կոալիցիայի մեջ: Գուլիեւը համոզված է, որ ԱՄՆ-ի համար շատ կարեւոր է, որ Բաքուն լինի նոր կոալիցիայում, ինչպես դա եղավ Իրաքի հարցում: «Ադրբեջանի իշխանություններին երկար ժամանակ հաջողվում էր հավասարակշռված քաղաքականություն վարել, սակայն կան իրադրություններ, երբ ստիպված ես ընտրություն կատարել՝ Իրանի հարցում Վաշինգտոնը փաստորեն Ադրբեջանին ընտրություն չի թողել»,- կարծում է քաղաքագետը: Իսկ ահա Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը նախօրեին վստահեցրել է, թե Ադրբեջանի նախագահի այցն ԱՄՆ, որը սկսվելու է ապրիլի 28-ին, վաղուց էր ծրագրված: Ըստ Հասանովի, այցելության ընթացքում կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերություններ: «Մենք ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանք ենք տանում գլոբալ, համաշխարհային, էներգետիկ, հակամարտությունների կարգավորման եւ այլ խնդիրներ լուծելու ուղղությամբ»,- ասել է Հասանովը: Վերջինիս խոսքերով՝ այցելության շրջանակներում ԱՄՆ-ը, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, ուշադրություն է դարձնելու «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմանը հետեւելու հարցին»: Նա նաեւ ասել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ռամբույեում եւ համանախագահների մասնակցությամբ դրան նախորդած հանդիպումները ԼՂ հակամարտության կարգավորման հարցում «դրական երանգներ» են ստեղծել: «Մենք շատ ենք ուզում լուծել այդ խնդիրն այս տարի: Պետք է քննարկել հիմնական սկզբունքները եւ երկու կողմերի վրա էլ ճնշումներ գործադրել՝ դրանք կիրառելու համար»,- ասել է Հասանովը, հավելելով, թե ակնհայտ փաստ է, որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները: «Ադրբեջանն իրավունք ունի վերադարձնել իր տարածքները եւ վերականգնել իր տարածքային ամբողջականությունը: Որոշակի քայլեր արվելու են նաեւ այդ ուղղությամբ»,- նշել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավարը: Վերջինս նաեւ հայտարարել է, թե Ադրբեջանը ոչ միայն սպասում, այլեւ պահանջում է ԱՄՆ-ից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրներից, ճնշում գործադրել Հայաստանի վրա: Սակայն, ի տարբերություն որոշ վերլուծաբանների, Ալի Հասանովն ասել է, թե չի կարծում, որ Իրանի հարցը կդառնա ամերիկա-ադրբեջանական առաջիկա բանակցությունների հիմնական թեմա: