Կոալիցիոն կուսակցությունների մոտ այս օրերին հերթական գարնանային սրացումներն են սկսվել եւ, արդեն երկու օր է, նրանք ԱԺ-ում, մեղմ ասած, իրար կոկորդ են կրծում: Խոսքը ԱԺ հաստատմանը ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի» շուրջ ՀՀԿ-ՕԵԿ փոխհրաձգության մասին է:
Կառավարության որոշմամբ` բավական էժան գնով տեղի ունեցած մասնավորեցումները որակելով որպես հանցավոր գործարքներ, ՕԵԿ-ականները, այդ ամենի պատասխանատվությունը գցում են հանրապետականների եւ նրանց կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարության ուսերին: Ընդ որում, կոալիցիայի մաս կազմող ՕԵԿ-ականների հնչեցրած գնահատականներն ու որակումներն իրենց խստությամբ չէին զիջում ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի ու «Ազգային միաբանության» պատգամավորների հայտարարություններին: ՕԵԿ-ՀՀԿ փոխհրաձգությունը նախօրեին այն աստիճան էր սրվել, որ երեկ նույնիսկ «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանն էր կոալիցիոն ուժերին կոչ անում դուրս չգալ «քաղաքական կոռեկտության շրջանակներից, մանավանդ, որ այսօր կոալիցիայի մեջ հարաբերությունները բարվոք չեն»:
Իսկ նախօրեին ՕԵԿ-ն ու «Արդարություն» դաշինքը, իրար հերթ չտալով, ներկայացնում էին կատարված մասնավորեցումները` դրանք որակելով որպես «հանցավոր գործարքներ»: Օրինակ, «Օրբիտա» խանութը, որ գնահատվել է 3 մլրդ դրամ, սեփականաշնորհվել է ընդամենը 116 մլն դրամով, Վաղարշյան փողոցի վրա գտնվող մոտ 9 հազ. քառ. մետր տարածք զբաղեցնող «Հայջրնախագիծ» ինստիտուտը սեփականաշնորհել են քառակուսի մետրը 26 դոլարով, Կորյուն փողոցի վրա գտնվող մի քանի բարձրահարկեր, որոնցից մեկում տեղակայված է ՕԵԿ գրասենյակը, սեփականաշնորհվել է ընդամենը 45 միլիոն դրամով: Ի դեպ, այս վերջինի տերը, ինչպես հայտարարեց Վ. Դալլաքյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանն է։ Այդքանից հետո երեկ Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ 2001-2003թթ. հաշվետու ժամանակահատվածի համար պատասխանատվություն չեն կրում ՕԵԿ-ն եւ ՀՅԴ-ն, քանի որ այդ ժամանակ նրանք կառավարության մաս չեն եղել, եւ նույնիսկ հիշեցրեց, որ «2003 թվականի դեկտեմբերի 3-ին 10:15 րոպե 52 վայրկյանին դեմ են քվեարկել նույն այդ հաշվետվությանը»:
Ու քանի որ, օրինակ, ՕԵԿ-ն այս անգամ էլ է ընդդիմանում մասնավորեցման ծրագրին, երեկ Վիկտոր Դալլաքյանը ԱԺ ամբիոնից նրանց ստեղծված իրավիճակից դուրս գալու չորս ելք առաջարկեց: Առաջինն ըստ Վ. Դալլաքյանի այն է, որ ՕԵԿ-ը կողմ քվեարկի հաշվետվությանն ու կոալիցիոն մյուս ուժերի հետ համատեղ կրի դրա պատասխանատվությունը: Երկրորդ տարբերակ` ՕԵԿ-ը կարող է քվեարկությամբ մերժել հաշվետվությունն ու դուրս գալ կոալիցիայից, երրորդ` ՕԵԿ-ը կարող է մերժել հաշվետվությունը, բայց մնալ կոալիցիայի մեջ, եւ չորրորդ` հաշվետվությունը մերժելուց հետո կարող է սկսել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը: Հետո, լրագրողների հետ զրույցում պարոն Դալլաքյանն ասաց, որ կա նաեւ հինգերորդ տարբերակը, որը, սակայն, հնարավոր չէ զուտ ֆիզիոլոգիական տեսակետից: «Այս անգամ հազիվ թե գործի կույս մնալու եւ հաճույք ստանալու սկզբունքը, քանի որ այն ֆիզիոլոգիապես էլ անհնարին է»,- ՕԵԿ-ին փորձեց թասիբի գցել Վ. Դալլաքյանը:
Ըստ պտտվող լուրերի` նախօրեի «գզվռտոցից հետո» ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն եկել են փոխզիջման եւ իրենց ելույթներով չպետք է սրեին իրավիճակը: Սակայն ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ամփոփիչ ելույթով խախտեց պայմանավորվածությունն ու վերստին սրեց իրավիճակը: «Եղե՞լ են այսպիսի օրինակներ, իհարկե եղել են: Չասե՞նք այդ մասին, իհարկե, պիտի ասենք անպայման, որ վաղն էլ չանեն: Անողների ձեռքն էլ պիտի բռնենք, որ հասկանան: Չափ կա, սահման կա: Պիտի պայքարենք, որ նման երեւույթներ էլ չլինեն: Այս բոլոր փաստերը շարադրված են ԱԺ Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ, եւ ես այդ նյութերն ուղարկելու եմ Գլխավոր դատախազություն, որովհետեւ միլիոններ յուրացնողը պետք է պատժվի։ Եվ պետք չէ քննադատությունն ընդունել սվիններով. քննադատության նպատակը վերքին դարման անելն է, քննադատության նպատակը որեւէ մեկի աչքը հանելը չէ, եւ ոչ ոք ինձ չի կարող հանդիմանել Հայաստանի լավը ցանկանալու համար»,- զայրացած հայտարարեց Արթուր Բաղդասարյանը: Անտեղյակ մեկին կարող է թվալ, թե Արթուր Բաղդասարյանը կամ իր ղեկավարած ՕԵԿ-ը դրանից զերծ են, մաքուր են: Նա երեկ եւս թվարկեց իր արժեքից 100 եւ ավելի անգամ պակաս գնով մասնավորեցված պետական գույքի գործարքների մյուս օրինակները։ Իհարկե, ՕԵԿ-ականների այս հայտարարությունները խիստ գրգռեցին ու ափերից հանեցին ՀՀԿ-ականներին: Եվ երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ԱԺ ամբիոնից պատգամավորներին մի քանի օգտակար խորհուրդներ տվեց. նախ` եթե ունեն օրենքի խախտմամբ կատարված մասնավորեցման օրինակներ, ապա թող համապատասխան փաստերը ներկայացնեն իրավապահ մարմիններին, եւ երկրորդ` երբեք չհավատան մանկական հեքիաթներին: «Մտածում են, որ կոալիցիան էլ չկա, հիմա պիտի կոալիցիոն ուժերը բաժանվեն: Մեկը փոշոտվել է, մյուսը ծաղկի փոշու մեջ է… չկա այդպիսի խնդիր: Վերջին հաշվով բոլոր մոխրոտները չէ, որ հեքիաթի վերջում գեղեցկուհիներ են դառնում, մի՛ հավատացեք այդ հեքիաթներին»,- ՕԵԿ-ին մոխրոտիկների հետ համեմատելուց հետո Գալուստ Գրիգորիչն անցում կատարեց կոմպրոմատների թեմային. «Մի քիչ տոն տայինք, արդեն կոմպրոմատների վիճակ էր ստեղծվում եւ իրար տուն էինք քանդելու։ Որովհետեւ հենց որ կպանք՝ եղած-չեղած բաները գլխներին էր լցվելու»:
Ինչեւէ, 2001-2003թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագրի հաշվետվության քվեարկությունը տեղի է ունենալու այսօր: Երեկվանից Գալուստ Սահակյանը մոտենում էր նաեւ մյուս խումբ-խմբակցությունների պատգամավորներին եւ խնդրում անպայման գալ ու մասնակցել քվեարկությանը: Ի դեպ, արդեն ակնհայտ է, թե որ քաղաքական ուժն ինչպես է քվեարկելու: Դաշնակցականները, որոշ վերապահումներով, սակայն, կողմ են քվեարկելու նախագծին: ՄԱԿ խմբակցության նախագահ Գուրգեն Արսենյանը տեղեկացրեց, որ իրենք չեն կարող ողջունել կարեւորագույն գաղափարների վարկաբեկումն, ուստի քվեարկելու են դեմ։ Իսկ «Արդարություն» եւ «Ազգային Միաբանություն» խմբակցությունները հաշվետվության քվեարկությանը չեն մասնակցելու։ Իսկ ՕԵԿ անդամ պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու մասնավորեցման ծրագրին. «ՕԵԿ-ը դեմ է 2001-2003թթ. տեղի ունեցած մասնավորեցմանը, եւ մենք չենք կարող ու չենք պատրաստվում կողմ լինել մի գործընթացի, որը բազմիցս քննադատել ենք»,- ՕԵԿ խմբակցության անունից հայտարարեց Շահգելդյանը։
Սակայն ընդդիմադիրները համոզված են, որ ճիշտ կլինի, եթե մասնավորեցման ծրագրին դեմ արտահայտվողները բոյկոտեն քվեարկությունն ու այդկերպ տապալեն: Այլապես, եթե անգամ մասնակցեն ու դեմ քվեարկեն նախագծին, ապա դրանով քվորում կապահովեն եւ ԱԺ մեծամասնությանը հնարավորություն կտան հաշվետվությունը հաստատելը: Ու չնայած Վիկտոր Դալլաքյանը երեկ հերքում էր կույս մնալու եւ հաճույք ստանալու հավանականությունը, սակայն այն տարբերակը, որով կառաջնորդվի ՕԵԿ-ը, պրակտիկորեն կհերքի Դալլաքյանի թեզը: