Նախընտրական էմոցիաներ

15/04/2006

Ի պատասխան ՕԵԿ պատգամավորների պոռթկումներին, թե կառավարությունն էժան գներով է մասնավորեցրել Հայաստանի գույքը, երեկ ԱԺ-ում վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Այդ հարցերը քննարկվել են կառավարության նիստում, որին ներկա են եղել նաեւ ՕԵԿ պատգամավորները, եւ եթե հարցեր ունեին` կարող էին բարձրացնել հենց նիստի ընթացքում. կառավարությունը պատրաստ էր դրանց պատասխանել: Այդ հարցերը նախկինում էլ էին բարձրացվել, դրանք գաղտնիք չեն, եւ պաշտոնական տեղեկագրերում դրանց մասին մանրամասներ կան, եթե ընթերցեին` կիմանային մանրամասները»: Ա. Մարգարյանը նաեւ նշեց, թե բացի մասնավորեցման համար սահմանված գումարից, կան նաեւ այլ պարտավորություններ` ներդրումների տեսքով, որոնք նույնպես պետք է հաշվի առնել: «Օրինակ, «Օրբիտան» 700-800 մլն-ի պարտավորություններ է կատարել, մենք կարող էինք սա մտցնել բյուջեի մեջ եւ հայտարարեինք, որ թանկ ենք վաճառել: Մենք ոչ թե գնի վրա ենք ուշադրություն դարձնում, այլ աշխատատեղերի ու տնտեսական գործոնների»,- հայտարարեց Ա. Մարգարյանը: Լրագրողներից մեկի հարցին, թե կոալիցիան չի՞ պատրաստվում իր ներսում «խաղի կանոնները» հստակեցնել, որպեսզի ԱԺ-ում նման բուռն նախընտրական էմոցիաներ չլինեն, Ա. Մարգարյանը պատասխանեց. «Կոալիցիայի ներսում խաղի կանոնները հստակեցված են, եւ կոալիցիայի մասնակից կուսակցությունները որոշակի ազատություն ունեն նմանատիպ դիրքորոշումներ արտահայտելու համար: Իհարկե, այդ ազատությունից կարող է օգտվել ցանկացած կուսակցություն, ոչ միայն մեկը»: Նաեւ նշեց, թե յուրաքանչյուրն ինքը պետք է բարոյական որոշակի սկզբունքներ ունենա ու «ենթարկվի խաղի բարոյական կանոններին, այլ ոչ թե ցանկացած եղանակով ընտրողներ ճարելու խնդիր լուծի»: