Այսօր երեկոյան «Kanalturk» թուրքական մասնավոր հեռուստակայանը ցուցադրելու է Ատոմ Էգոյանի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արարատ» ֆիլմը: Հեռուստակայանի խոսնակը երեկ հավաստիացրել է, որ կինոնկարը ցուցադրվելու է առանց կրճատումների ու գրաքննության: Նրա վկայությամբ՝ ֆիլմը որոշվել է ցուցադրել այն բանից հետո, երբ հարցումը ցույց է տվել, որ հեռուստադիտողների 72%-ը ցանկանում է տեսնել Էգոյանի կինոնկարը: «Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը չի արգելել ֆիլմի ցուցադրումը: Գործակալությունը միաժամանակ հիշեցնում է, որ 2004-ին թուրքական մի ընկերություն մտադրվել է ցուցադրել «Արարատը» կինոթատրոններում, սակայն հետագայում հրաժարվել է այդ մտքից` մտավախություն ունենալով, որ կինոնկարի ցուցադրումը կարող է բողոքի ալիք բարձրացնել, իսկ կինոդահլիճները պետք է վերահսկեն ոստիկանները: