Մատաղ սերունդ

15/04/2006 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Ես վերջապես հասկացա, թե ինչ է նշանակում «մատաղ սերունդ»։ Ես այդ բանը հասկացա Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստանի մարզեր վերջերս կատարած իմ այցելությունների ընթացքում՝ նշված սերնդի ծնողների, ուսուցիչների, մի խոսքով, ավագների հետ զրուցելիս։ Բայց առայժմ մի կողմ թողնենք մեր մատաղ սերնդին ու խոսենք այս օրերի ամենակարեւոր իրադարձության՝ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի՝ Բուդապեշտում ընթացող դատավարության մասին։

Ապրիլի վեցին թե յոթին ինձ վերջապես բախտ վիճակվեց տեսնել Ռամիլ Սաֆարովին։ Հեռուստացույցի էկրանին երեւաց պարզ, սովորական մի մարդ, բավական համակրելի արտաքինով։ Համենայնդեպս, եթե hեռուստացույցի ձայնն անջատված լիներ, եւ ես արդեն hարյուրերորդ անգամ չլսեի կացնահարության մասին «Հայլուրի» խոսնակների մեկնաբանություններն ու դեպքի մանրամասները, ինձ կթվար, որ ադրբեջանցի այդ երիտասարդը դատարանի դահլիճում հայտնվել է ֆինանսական մեքենայությունների կամ էլ չարտոնված տնտեսական գործունեության համար։

Խոսնակն ասում էր, թե դատարանում Սաֆարովի արտասանած վերջին խոսքը ոչ մի տպավորություն չի թողել ներկաների վրա, եւ Սողոմոն Թեհլերյան ներկայանալու ջանքը ձախողվել է, քանի որ մեղադրյալի պաշտպանությունը կառուցված է եղել անմեղսունակության, բակային լեզվով ասած՝ «Գժին դատ չի հասնում» սկզբունքի վրա։

Թող տարօրինակ չթվա եւ թող չհարուցի ազգայնական շրջանակների ցասումը, բայց ասեմ, որ Ռամիլ Սաֆարովն իմ մեջ խղճահարություն է առաջացնում, քանի որ մարդու այդ տեսակը ոչ թե մարդուց է ծնվում, այլ սկիզբ է առնում ապիկար իշխանությունների սանձազերծած նույնքան ապիկար քարոզչությունից։ Եվ ուրեմն այդ քարոզչությունը մարդուն կացին տալով դարձնում է մարդասպան, հետո ընտրում դատարանում նրան պաշտպանելու անմեղսունակության մարտավարություն։ Այսինքն՝ այդ իշխանությունը խոստովանում է, որ իր քարոզչությամբ մարդկանց զրկում է բանականությունից։

Ես անկեղծորեն խղճում եմ Ռամիլ Սաֆարովին եւ գտնում, որ այդ մարդու եւ դատաքննության գործերում որպես իրեղեն ապացույց ընդգրկված կացնի միջեւ ոչ մի տարբերություն չկա։ Եվ եթե այսօր չի դատվում մարդուն կացին դարձնողը, ավելի լավ է դատվի հենց կացինը՝ ոճրագործության իրեղեն ապացույցը։

Ամերիկյան կինոներ են, չէ՞, պատահում, որ դատարանի առաջ կանգնած մարդը հանկարծ ազատ է արձակվում, եւ կինոյի երկրորդ մասն ամբողջությամբ ներկայացնում է նրա դեգերումներն արդարության լաբիրինթոսներում։ Ես այդտեսակ կինո նայողի պես ներքին լարվածությամբ ուզում եմ, որ Սաֆարովն ազատ արձակվի դատարանի դահլիճից ու վերադառնալով իր հայրենի երկիրը փորձի պարզել, թե ո՞վ եւ ինչո՞ւ իրեն կացին դարձրեց, եւ փորձի վրեժխնդիր լինել այն մարդուց, մարդկանցից, համակարգից, որի գաղափարաբանությունը հիմնված է քնած մարդ սպանելու պարտականության վրա։

Ես ուզում եմ, որ Սաֆարովը հերոս դառնա։ Չէ՞ որ այդ մարդը, մարդիկ, համակարգը նրան խոստացել էին հերոս դարձնել եւ դրժել էին իրենց խոստումը։ Բայց երեւակայական կինոյի երեւակայական շարունակությունը ոչ մի լավ բան չի խոստանում։ Այդ մարդը, մարդիկ, համակարգն ի վերջո բռնում են արդարության լաբիրինթոսներում դեգերող հերոսին եւ դատում արդեն հայրենիքում։ Եվ որպեսզի բանտ նստեցնելով չիրագործեն հերոս դարձնելու իրենց խոստումը, ադրբեջանական դատարանը դարձյալ առաջ է քաշում անմեղսունակության վարկածն ու հերոսին, բանտ ուղարկելու փոխարեն, գործուղում հոգեբուժարան։

Ծանր կինո ստացվեց։ Առանց happy end-ի։ Happy end չկա եւ չի կարող լինել մի տեղում, որտեղ կրթության, հետո նաեւ` հանրային քարոզչության հիմքում ընկած են ոչ թե մարդկային արժեքներն, այլ՝ վրեժխնդրությունն ու նպատակով արդարացված միջոցները։

Ղարաբաղի գյուղերից մեկում տնօրենը՝ ցույց տալով դպրոցի նոր շենքն, ափսոսում է, որ սպորտդահլիճ չկա։ Բնական է։ Բայց սպորտդահլիճ ունենալու անհրաժեշտությունը հիմնավորում է մատաղ սերնդի հայեցի կրթությամբ։ «Ի՞նչ կապ ունի սպորտդահլիճը հայեցի կրթության հետ»,- կզարմանա ընթերցողը։ Ունի, ունի։ Պարզվում է` սպորտդահլիճը պետք է մատաղ սերնդին զինվոր դարձնելու համար։ Իսկ երբ նույն տնօրենին հարցնում են, թե ի՞նչ է անելու «մատաղ սերունդը» դպրոցն ավարտելուց հետո, ասում է՝ դե բանակ կգնան, ափիցեր կդառնան, որ մեր երկիրը պաշտպանեն, եւ զինվորությունից ու ափիցերությունից բացի` դժվարանում է այլ աշխատանք նշել, որով կարող են զբաղվել գյուղացի երիտասարդները։

Ուրիշ մեկն էլ՝ իմանալով, որ Երեւանից ենք եկել, բողոքում է, թե էդ ինչ բաներ են ցույց տալիս Երեւանի ալիքներով (կարծում եմ, Անդրեի երգը նկատի չուներ), փոխանակ հայրենասիրական հաղորդումներ տան, որ մատաղ սերունդը հայրենասիրության ոգով դաստիարակվի։ «Ի՞նչ պիտի տան, որ չեն տալիս» հարցին անմիջապես պատասխանում է՝ հայրենասիրական թեմաներ։ Այսի՞նքն։ Այսինքն՝ մեր փառավոր անցյալը։ Ո՞ր անցյալը։ Դե, որ մեր զինվորները կյանքը չխնայեցին։

Հիմա, կարծում եմ, ընթերցողն ինքն էլ հասկացավ, թե ինչ է նշանակում «մատաղ սերունդ»։ Ամփոփելով ասեմ, որ «մատաղ սերունդը» մարդկանց մի բազմություն է, որը զրկված է ստեղծագործական աշխատանքի եւ՝ ի հետեւանք այդ աշխատանքի, լավ կյանքով ապրելու հնարավորությունից։ Մարդկանց մի բազմություն, ում բոլոր բջիջների մեջ ներարկված է թշնամանք եւ վրեժխնդրություն։ Մարդկանց մի բազմություն, ում ապրելու փոխարեն սովորեցնում են մեռնելու եւ հերոսանալու արվեստը։ Սա է մատաղ սերունդը, մատաղացու գառի նման մի բան, սակայն էական մի տարբերությամբ, որ մատաղացու գառը չգիտի իր գլխին գալիքը, իսկ մատաղ սերունդը խելքին մի քիչ զոռ տալով կարող է գլխի ընկնել, թե ինչ է սպասվում իրեն։

Գուրգեն Մարգարյանի անունը կրող դպրոցի կամ մանկապարտեզի մոտ մի երեխա հոր շալվարի փողքից քաշելով մի օր երեւի կհարցնի՝ հայրիկ, իսկ ո՞վ է Գուրգեն Մարգարյանը։ Եվ հայրը երեխային երեւի կպատասխանի՝ բալիկ ջան, սա մի տղա է, որին մենք խոստացել էինք հերոս դարձնել, բայց քնած ժամանակ մի ուրիշ տղա, որին նույնպես խոստացել էին հերոս դարձնել, կացնահարեց նրան։ Առաջինը մեռավ։ Երկրորդը… նույնպես։ Ահա այսպիսի մատաղ սերունդներ։