«Էստի համեցեք, էստի համեցեք…»
21-րդ դարի Գիքորներ
Դարեր շարունակ հայերը եղել են լավ վաճառականներ: Միգուցե դրա պատճառն այն է, որ «Մետաքսի ճանապարհն» անցել է Հայաստանով, կամ էլ այդ ջիղն ի սկզբանե նստած է մեր գեներում, բայց փաստը մնում է փաստ, որ անգամ տոտալիտար Խորհրդային Միության պայմաններում ամենաշատ «սպեկուլյանտները» (որոնք անկախացումից հետո իրենց միանգամից «բիզնեսմենի» տեղ դրեցին) Հայաստանում էին: Թե ի՞նչ են վաճառել մեր նախնիները՝ պատմաբանների պարզելու խնդիրն է: Իսկ այսօր մենք կփորձենք պարզել, թե ի՞նչ են վաճառում Երրորդ Հանրապետության քաղաքացիները:
Եվ այսպես, անկախության առաջին իսկ օրերից սկսած, արդյունաբերության կործանմանը զուգահեռ` Հայաստանում սկսել է ծաղկել առեւտուրը: Այսօր տնտեսության այդ ոլորտը Հայաստանում հասել է այնպիսի մակարդակի, որ ծախում են` ինչ պատահի (հանրապետության ողջ էներգահամակարգը), երբ պատահի («գիշերվա միլիոնին»), եւ ում պատահի: Բայց, ավելի լավ է, հերթով գնանք: Անցած դարի 90-ականների սկզբին մեծ թափ առավ «դախլային առեւտուրը», որի հետեւանքով մարդիկ հեշտությամբ կարող էին ձեռք բերել, ասենք, այն սիգարետները, որոնք մինչ այդ բավականին թանկ գնում էին միայն «Փուրթուլի բուդկից»: «Դախլեքից» կարելի էր գնել նաեւ նորահայտ «Մարս-Սնիկերսներն» ու «Յուկո-Զուկոները», որոնց լուծույթով արտասահմանում, հավանաբար կոլորադյան բզեզների դեմ էին պայքարում: «Դախլային» դարաշրջանի հետեւանքն այն եղավ, որ մի ողջ սերունդ թողեց դպրոցը եւ «նվիրվեց բիզնեսին»: Հետո եկավ «նավթա-մոմային» դարաշրջանը: Հենց այս դարաշրջանում սկսեցին ձեւավորվել «նոր հայերը», որոնք նավթին, մոմին եւ «Ֆուջիկաներին» զուգահեռ` օգտվելով մթությունից, սկսեցին կամաց-կամաց վաճառել Հայաստանի, այլեւս պատմություն դարձած արդյունաբերության, շրջանառու միջոցները (հատուկ մեր բիզնեսմեն-պատգամավորների համար ուզում եմ պարզաբանել, որ շրջանառու միջոցները ոչ թե տուրիստներն են, այլ պահեստներում մնացած հումքը, «ստանոկ-մստանոկները» եւ այլն): Իհարկե, եթե համեմատենք այսօրվա վայրենությունների հետ, այդ առեւտուրը կարելի է համարել Նյու Յորքի կամ Լոնդոնի բորսաներին համարժեք քաղաքակիրթ առեւտուր: Սակայն չմոռանանք, որ սերմերը, որոնք այսօր մուտանտ պտուղներ են տալիս, հենց այդ ժամանակ ցանվեցին: Այդ տարիներին ձեւավորվեց նաեւ անշարժ գույքի շուկան: Իհարկե, այն ժամանակ մարդիկ ոչ թե էլիտար շենքեր էին վաճառում, այլ` իրենց սեփական տները, որպեսզի կամ ընդմիշտ հեռանան այս «վայրենի առեւտրականների» երկրից, կամ էլ արվարձաններում տուն գնեն, իսկ մնացած գումարով ինչ-որ ժամանակ գոյություն պահպանեն: Այ, հենց այստեղ էլ սկսեց «գեղցի-էրեւանցիների» ժամանակաշրջանը, որոնք շրջանառու միջոցներից անցան հիմնական միջոցների վաճառքին, որոնց իրենք հետագայում, պետք եղած ժամանակ, «փայլուն» կանվանեն:
Մոտավորապես այդ ժամանակ ձեւավորվեց ամեն ինչ ծախելու ավանդույթը: Սկզբում քաղաքական գործիչները մի գիշերվա մեջ ծախեցին իրենց նախկին հովանավորներին, ավելի ուշ՝ «պոլիգլոտ-ընդդիմադիրը» երեք հարյուր հազար ԱՄՆ դոլարով ծախեց իր ընտրողներին, հետո «ազնիվ քյարփինջը» չծախեց ռուսներին, բայց մի քանի «Մերսեդեսով» ծախեց Արամ Սարգսյանին: Այսօր Մնջոյանը ծախում է դաշնակներին: Որոշ մարդիկ նախարար մնալու համար պատրաստ են ծախել ոչ միայն «Օրինաց երկիրը», այլեւ սեփական երկիրը: Մարդ էլ կա, որ այնքան է սիրահարվել Անդրանիկ Մանուկյանի ավտոներին, որ վաղուց իր սկզբունքներն է վաճառել: Այս ամենին զուգահեռ` վաճառվել է Երեւանի ողջ կենտրոնը, Ծաղկաձորը եւ Հայաստանի բոլոր հանքերը (կոնյակի գործարանին, կապի եւ ջրամատակարարման ոլորտին եւ օդանավակայանին այս «շուխուռի մեջ» անդրադառնալն ավելորդ է):
Ինչ վերաբերում է վերջին օրերին աղմուկ հանած Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկին, ապա ասում են, որ այդ գործարքն ապահովում է Հայաստանի անվտանգությունը: Գիտեք, այս մտքին կհամաձայնեմ միայն այն պարագայում, եթե ողջ ազգը (հատկապես ազգի սոցիալիստ-ազգայնական հատվածը) համաձայնի, որ հայ մարմնավաճառուհիներն իրենց մարմինը վաճառում են իրենց անվտանգությունն ապահովելու համար: Որովհետեւ, եթե նրանք դա չանեն, ապա սովից կմեռնեն: Նրանք էլ իրենց հացի խնդիրն են լուծում: Համաձայնեք, որ դա էլ անվտանգություն ապահովելու ինչ-որ ձեւ է:
Չգիտեմ` ինչո՞ւ եմ այսօր ավելի շատ ռեալիստ, քան լավատես: Բայց քանի որ լավատեսությունն իմ արյան մեջ է, համոզված եմ, որ «դախլչիների» սերնդից հետո կգան այնպիսի հայ երիտասարդներ, որոնք կվաճառեն ոչ թե իրենք իրենց, այլ` իրենց մտավոր կարողությունները, ոչ թե իրենց սկզբունքները, այլ` իրենց ստեղծած գիտական նորարարությունները, ոչ թե շրջանառու կամ հիմնական միջոցները (առավել եւս, որ էլ ոչ շրջանառու, ոչ էլ հիմնական միջոց չի մնացել), այլ` այդ միջոցներով արտադրած նյութական արժեքները: