Դատելով ամեն ինչից, Հայաստանում նախընտրական պայքարը թեւակոխում է նոր փուլ։ Չէ, խոսքը Տիգրան Կարապետյանի հանրահավաքի մասին չէ։ Մեր մեջ ասած, այդ հանրահավաքը ձախողվեց, բայց դրա համար չարժե առանձնապես ուրախանալ։ Դա ընդամենը բացահայտեց մի պարզ իրողություն` ժողովուրդն այնքան անտարբեր է, որ նույնիսկ Տիգրան Կարապետյանի հանրահավաքին չի գալիս։ Իսկ սա արդեն լավ նշան չէ։ Նման տիպի գործիչները սովորաբար բավականին մեծաթիվ հետեւորդներ են ունենում։
Խոսքը խորհրդարանական քննարկումների մասին է։ Այստեղ երկու օր շարունակ հանրապետականներն ու ՕԵԿ-ն իրար կոկորդ էին կրծում։ «Օրինաց երկիրը» քարուքանդ էր անում կառավարության ներկայացրած «2001-03թթ. սեփականաշնորհման ծրագրի հաշվետվությունը»` փաստերով հիմնավորելով, որ այդ տարիներին սեփականաշնորհման գործընթացն ուղեկցվել է հսկայական չարաշահումներով եւ ակնհայտ հանցագործություններով։ Իհարկե, կարելի է չկասկածել, որ հանրապետականների «արժանի հակահարվածը» շատ չի ուշանա, եւ շատ շուտով հանրության ուշադրությանը կներկայացվեն ՕԵԿ անդամների մասնակցությամբ կատարված համանման բազմաթիվ հանցագործություններ, բայց…
Ո՞րն է այս ամենի իմաստը։ Հասկանալի է, որ կառավարությունը 2001-03թթ. ընթացքում սեփականաշնորհումն իրականացրել է ճիշտ այնպես, ինչպես դա սովորաբար արվում է Հայաստանում։ Այսինքն` գտել են գնորդ, հետո «գին են խոսացել», հետո որոշել են, թե այդ գնի որ մասը պիտի մտնի բյուջե եւ որ մասը` տրվի որպես կաշառք (այսինքն` «վերխ»)։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ նաեւ, որ ցանկացած պաշտոնյայի, ով այդ տարիներին որեւէ առնչություն է ունեցել սեփականաշնորհման ոլորտի հետ, ցանկացած պահի կարելի է կալանավորել եւ վստահ լինել, որ արդարադատությունը դրանից չի տուժի։ Բայց մյուս կողմից էլ` բոլորի համար հասկանալի է, որ «Օրինաց երկրին» ջրի գնով սեփականաշնորհված պետական գույքն առանձնապես չի հետաքրքրում։ Հայաստանում որեւէ մեկը հավատո՞ւմ է, որ կոալիցիայի մաս կազմող պատգամավորներին առաջին հերթին պետական շահերն են հետաքրքրում։ Ինչ է, ՕԵԿ-ի պատգամավորները մինչեւ հիմա չգիտեի՞ն, թե ինչպես է ընթացել սեփականաշնորհումը։ Թե՞ նրանցից ոչ մեկը ջրի գնով պետական ունեցվածք չի ճանկել, բոլորն ապրում են բացառապես պատգամավորական աշխատավարձով եւ ամեն առավոտ իրենք իրենց համոզում են, որ ուսերին հրեշտակի թեւեր դեռեւս չեն աճել բացառապես վիտամինների պակասի պատճառով։
Ըստ էության, տեղի է ունենում հետեւյալը. կոալիցիայի մաս կազմող երկու ուժեր` ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն, փորձում են նախընտրական այս փուլում շարքից հանել ՀՀԿ-ին (մի քանի օր առաջ էլ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե առ այսօր իրենք չեն կարողանում պատասխանատվության ենթարկել «ՀՀՇ-ական վարչախմբի հանցագործներին», որովհետեւ այսօրվա իշխանությունների մաս կազմող որոշ ուժեր խոչընդոտում են դրան. քարն ակնհայտորեն նետված էր ՀՀԿ-ի բոստանը)։
Ընդդիմության դիրքորոշումն էլ է խիստ հետաքրքիր։ Վիկտոր Դալլաքյանն, օրինակ, գտնում է, որ պետք է սեփականաշնորհման այս հաշվետվությունը չընդունել եւ սկսել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը։ Փայլուն տրամաբանություն է։ Տարիներ շարունակ հայտարարում ես, թե Հայաստանում իրական իշխանությունը պատկանում է երկու հոգու, թե նրանք են ընդունում բոլոր որոշումները եւ պատասխանատվություն կրում ամեն ինչի համար, ու հանկարծ… որոշում ես անվստահություն հայտնել կառավարությանը (որից հետո, հասկանալի է, նույն այդ երկու հոգին պիտի ձեւավորեն նոր կառավարություն)։ Իսկ գուցե ընդդիմությունը հաշվարկել է, որ հենց ՀՀԿ-ն է Քոչարյանի հիմնական հենարանը, եւ որոշել է պայքարել այդ հենարանի դե՞մ։ Հազիվ թե։ Քոչարյանի հենարանը ոչ թե որեւէ առանձին ուժ է, այլ այն մթնոլորտը, որտեղ բոլորը պայքարում են նրա հենարանը դառնալու համար եւ պատրաստ են հանուն դրա իրար կոկորդ կրծել։ Իսկ եթե «գործընթացին» միանա նաեւ ընդդիմությունը, ավելի լավ. դրանից Քոչարյանի դիրքերը միայն կամրանան։
Իրականում ի՞նչ խնդիր է լուծվում ՀՀԿ-ին «շարքից հանելով»։ Հասկանալի է` 2007թ. ընտրություններում ՀՅԴ-ն, ոնց էլ լինի, մի 10% կստանա։ Մի այդքան էլ երեւի ՕԵԿ-ը կստանա։ Ընդդիմադիր բոլոր ուժերը միասին կստանան մի 20-30% (ավելին թույլ չեն տա)։ Իսկ ո՞վ պիտի ստանա «տակը մնացած» 50-60%-ը։ Այդքան ձայն ստանալու համար կազմակերպված ուժ է պետք, իսկ այսօր, ուզենք թե չուզենք, միակ այդպիսի ուժը ՀՀԿ-ն է (առայժմ)։ Ընդ որում, այդ ուժի կազմակերպվածությունը վտանգավոր է եւ՛ ընդդիմության համար (որովհետեւ ընտրակեղծիքներ իրականացնելու համար նույնպես կազմակերպվածություն է պետք), եւ՛ նախագահի համար (որովհետեւ որեւէ պահի կարող է դուրս գալ նրա վերահսկողությունից)։ Այլ կերպ ասած, ՀՀԿ-ին քաղաքական դաշտից դուրս մղելու գործին այսօր լծվել են եւ իշխանամետները (անկասկած` նախագահի լուռ համաձայնությամբ), եւ ընդդիմությունը։ Այլ հարց է, որ ընդդիմության մոտիվները մեծ հաշվով մնում են անհասկանալի։ Առանձնապես մեծ խորաթափանցություն պետք չէ` հասկանալու համար, որ եթե ՀՀԿ-ն ի վերջո դուրս մղվի, այդ տեղը, միեւնույն է, զբաղեցնելու են իշխանամետ դաշտի ուժերը։ Ընդ որում, այդ ուժերը հաստատ ավելի վերահսկելի են լինելու։
Մի խոսքով, նախընտրական պայքարը թեժանում է։