Այսօր այս երկու ընկերությունների արտադրանքի գները նույնն են: Տեսականորեն հնարավոր է, որ շուկայում 2 օլիգոպոլիստները փոխհամաձայնության գան եւ արհեստականորեն գին սահմանեն: Սակայն, «Արարատ ցեմենտի գործարանի» խորհրդի նախագահ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը դա բացառեց` նշելով, որ ցեմենտի գինը շուկան է թելադրում, այսինքն` որոշվում է բացառապես առաջարկի եւ պահանջարկի միջոցով: 11 ամիս առաջ «Արարատ ցեմենտի» արտադրանքի մեկ տոննայի գործարանային գինը 23.000 դրամ էր, այժմ` 33.000: Այս հանգամանքը Ս. Առուստամյանը բացատրում է միայն պահեստամասերի թանկացմամբ, որոնք միջազգային գներով ձեռք են բերվում ՌԴ-ից, Ուկրաինայից: Դրանք երկաթյա հաստաշերտ նյութեր են, որոնք դիմանում են մինչեւ 1400-1600 աստիճանի ջերմության: Այդ չօգտագործված պահեստամասերից մինչեւ վերջերս Հայաստանի տարածքում եղել են, սակայն վերջին 2-3 տարիներին դրանք այլեւս ներմուծվում են: Ս. Առուստամյանի հավաստմամբ, տարեկան 2 անգամ փոխվում են այդ պահեստամասերը, եւ ամեն անգամ 3-4 մլն դոլարի ներդրում է պահանջվում: Բնականաբար, սա արտահայտվում է ցեմենտի ինքնարժեքի մեջ: «Մուլտի գրուպի» տնօրենը համաձայն չէ այն տեսակետի հետ, իբր ցեմենտի գները վերջին շրջանում արհեստականորեն բարձրացվել են շինարարության աճին զուգընթաց: Ս. Առուստամյանը բերում է այն հիմնավորումը, որ «Արարատ ցեմենտն» իր արտադրանքի կեսից ավելին արտահանում է (անցյալ տարի գործարանի ապրանքաշրջանառությունը կազմել է 460.000 տոննա, որից 250.000-ն արտահանվել է Իրան, Իրաք եւ Վրաստան): «Միկա-Ցեմենտը» նույնպես արտահանում է Իրաք, Իրան եւ Վրաստան: Ընդ որում, Մ. Բաղդասարովի հավաստմամբ, այս տարի Վրաստան արտահանվող իրենց ցեմենտի ծավալները 30%-ով կաճեն:
Ցեմենտի մանրածախ գինը բարձր է գործարանայինից: Սա պայմանավորված է պարզ հաշվարկներով: «Արարատ ցեմենտը» գործարանային գնով (ընդ որում, տոննաներով) ցեմենտ է վաճառում տնտեսվարող սուբյեկտներին` առեւտրականներին, ովքեր տեղափոխում են դա, լցնում պարկերի մեջ ու վաճառում: Բնականաբար, այստեղ շատ ծախսեր են առաջանում` կապված տրանսպորտի, աշխատուժի հետ: Դրան գումարվում է տնտեսվարող սուբյեկտների ակնկալվող շահույթը, եւ ստացվում է, որ ցեմենտի մանրածախ գինը բարձրանում է՝ 35-40.000 դրամ: Ընդ որում, «Արարատ ցեմենտը» մանրածախ առեւտրի կետեր չունի, իսկ ուրիշների կետերում գները վերահսկել չի կարող:
Հայաստանյան ընկերություններն առաջարկում են հարաբերականորեն էժան ցեմենտ: Ս. Առուստամյանը ներկայացրեց հարեւան երկրներում եւ Եվրոպայում ցեմենտի գները՝ Ադրբեջանում 1 տոննա ցեմենտն արժե 120-130, Վրաստանում՝ 95-100, Իրանում՝ 120-140, Ռուսաստանում` 110-115 դոլար, եվրոպական երկրներում՝ 120-130 եվրո:
Գազի թանկացման եւ էլեկտրաէներգիայի հավանական թանկացման հետեւանքով որքանո՞վ կաճի տեղական ցեմենտի գինը: Ս. Առուստամյանն այժմ այս հարցին չի կարող պատասխանել, քանի դեռ «Արարատ ցեմենտն» այդ նոր սակագներով չի աշխատել: «Ցեմենտի արտադրության մեջ օգտագործվող նյութերից մենք միայն կրաքար եւ կավ ունենք, իսկ մյուսները (օրինակ` գիպս, երկաթե խարամ) գնում ենք: Հետեւաբար, պետք է հաշվի առնել նաեւ դրանց հնարավոր թանկացումը»,- ասում է Ս. Առուստամյանը: Իսկ Մ. Բաղդասարովը դեռ օրեր առաջ նշեց, որ թեեւ «Միկա-Ցեմենտի» արտադրանքը կթանկանա, այնուամենայնիվ, հարեւան երկրներում ցեմենտի գինը նույնպես կաճի, եւ իրենց արտահանումը դրանից չի տուժի: «Տարածաշրջանում ցեմենտի դեֆիցիտ կա. Ադրբեջանը գնում է ողջ վրացական ցեմենտը, Վրաստանը ներմուծում է Հայաստանից»,- ասաց Մ. Բաղդասարովը: Իսկ ցեմենտի գնի բարձրացման «անհրաժեշտությունը» նա այսպես մեկնաբանեց. «Մեզ մոտ միշտ ցեմենտն ավելի էժան է, քան հարեւան երկրներում: Մենք չենք կարող գինն այսպես ցածր պահել, որովհետեւ դրսից կգան, բոլորը կգնեն եւ Հայաստանի համար չի մնա: Այսօր պատվերների թիվն այնքան մեծ է, որ մեր գործարանները միասին չեն հասցնում. Իրանը, Իրաքը եւ Վրաստանը շատ ցեմենտ են պահանջում»:
Այսօր հայաստանյան ցեմենտի 2 գործարաններն էլ շահույթով են աշխատում: Դա բնական է, քանզի ցեմենտի նկատմամբ առնվազն կայուն պահանջարկ կա եւ՛ Հայաստանում, եւ՛ տարածաշրջանում: «Միկա-Ցեմենտը», որքան էլ տարօրինակ է, 2005թ. 300 խոշոր հարկատուների ցուցակում 292-րդ տեղում էր: «Արարատ ցեմենտի գործարանն» անցյալ տարի ունեցել է 505 մլն դրամի շահույթ: Եվ ընդհանրապես, Ս. Առուստամյանի հավաստմամբ, գործարանը ոչ մի տարի վնասով չի աշխատել: Ի դեպ, սկզբնական շրջանում «Արարատ ցեմենտը» շուկա մտավ ցածր գներով: «Դա արվեց Հայաստանում եւ դրսում մեր արտադրանքի բարձր որակն ապացուցելու համար»,- մեկնաբանում է Ս. Առուստամյանը: Ցեմենտի շուկայի մասնակիցներին մնում է միայն պահպանել իրենց ցեմենտի որակը եւ չօգտվել այն հանգամանքից, որ Հայաստանում այդ շուկան մրցակցային չէ: Պետք է միշտ հիշել բիզնեսի «ոսկե կանոնը», որ յուրաքանչյուր գործարար իր հաջողությունների համար պարտական է սպառողին: