Ուզունյանը սիրահարներին պատժել է

15/04/2006

Վճռաբեկ դատարանի շենքի մոտ վաղը ժամը 10:00-ին միտինգ է լինելու: Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչները պատրաստվում են բողոքել Ավան եւ Նոր Նորք համայնքների 1-ին ատյանի դատարանի նախագահ, դատավոր Սամվել Ուզունյանի անօրինական գործողությունների դեմ: Հիշեցնենք, որ խոսքը հոկտեմբերի 27-ի դատավարությունը նախագահող դատավորի մասին է: Բանն այն է, որ Նորաշեն գյուղի բնակիչ 22-ամյա Սարգիս Սողոմոնյանը փախցրել է իր հարսնացուին, ընդ որում` վերջինիս համաձայնությամբ: Այս նախաձեռնությունը, սակայն, աղջկա մորը, որը զբաղեցնում է Ս. Ուզունյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, դուր չի եկել: Փեսացուի փաստաբան Տիգրան Աթանեսյանի հավաստմամբ՝ Ուզունյանն իր աշխատակազմի ղեկավարին աջակցելու նպատակով Ս. Սողոմոնյանին հրավիրել է իր աշխատասենյակ եւ անգամ զենքով հարվածել: Այս սպառնալիքներից հետո աղջկա մայրը ստիպելով նրան տուն է տարել, իսկ հաջորդ օրը ստիպել է Ոստիկանությանը դիմում-բողոք ներկայացնել: Մարտի 22-ին Ս. Սողոմոնյանը ձերբակալվել է: Նորաշենի բնակիչները պնդում են, որ այս զույգը երկար ժամանակ ընկերություն է արել, եւ գյուղացիները ճանաչում են աղջկան, քանի որ Ս. Սողոմոնյանը նրան պարբերաբար հրավիրել է իրենց տուն: