Հրազդանի որբը

15/04/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

ՀՀ կառավարության ստորագրած ամեն մի համաձայնագիր հայ հասարակությունն ընդունում է որպես կատարված փաստ։ Նույնքան օբյեկտիվ փաստ, որքան ցանկացած երկրաշարժ կամ այլ տարերային աղետ։ Համաձայնեք, որ հասարակությունը հաշտվել է այն մտքի հետ, որ Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկն արդեն փոխանցվել (կամ հանձնվել) է ռուսական «Գազպրոմին»։ Ոչ ոք չի հիշում, որ նման արժեքի պետական գույքի սեփականաշնորհման (կամ ապապետականացման) միակ պատասխանատուն ԱԺ-ն է։ Մենք բոլորս վստահաբար գիտենք, որ խորհրդարանն` իր պոպուլիստական խումբ-խմբակցություններով հանդերձ, միշտ հլու-հնազանդ հաստատում է իշխանությունների ամեն մի որոշում։ Այսինքն` հայ հասարակությունն արդեն վստահ է, որ 2006թ. մարտի 6-ից` կառավարության նիստի օրից, Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ կոչված հանրային գույքն այլեւս ոչ եւս է։ Այսինքն` այլեւս չի պատկանում ՀՀ քաղաքացիներին, եւ խորհրդարանը չի զբաղվի այդ գույքի ապապետականացման նպատակահարմարությունը պարզելու խնդրով։ Ես էլ` որպես հայ հասարակության շարքային անդամ, գտնում եմ, որ 5-րդ էներգաբլոկը, որպես հանրային գույք, այլեւս ոչ եւս է։

5-րդի պատմության սկիզբը

Հրազդանի ՊՇԷԿ-ի նոր` 5-րդ էներգաբլոկ կառուցելու որոշումը Խորհրդային Հայաստանի (կամ ԽՍՀՄ) իշխանությունները կայացրել են անցյալ դարի 70-ական թթ. վերջին։ Հեռավոր Ռոստով քաղաքի Էներգետիկայի նախագծային ինստիտուտն այս կառույցի նախագծային ինժեներատնտեսական նախագծի աշխատանքներն ավարտել է 1984թ.։ ԽՍՀՄ Էներգետիկայի նախարարությունը 5-րդ էներգաբլոկը կառուցելու որոշումը Հայաստանի իշխանությունների լոբբինգի արդյունքում կայացրել է 1987թ.։ Մինչ այդ Հայաստանի իշխանություններին հաջողվել էր ԽՍՀՄ Մինիստրների խորհրդից թույլատվություն ստանալ` նոր բլոկի շինարարությունը սկսել մինչեւ նախագծի վերջնական հաստատումը` 1986թ. դեկտեմբերին։ Սա անգամ խորհրդային Հայաստանի համար աննախադեպ մեծարժեք կառույց էր` 1984թ. գներով արժեր 343 մլն 710 հազար խորհրդային ռուբլի։ Կառույցի շինարարությունը ԽՍՀՄ փլուզման պահին մնաց անավարտ։ Մինչեւ Հայաստանի անկախացումը կատարվել էր նախագծային արժեքի մեկ երրորդից պակաս գնով աշխատանք։ Անկախ Հայաստանը, որ ժառանգել էր էներգաբլոկի կիսակառույցը, 1993-ից մտավ մի ժամանակաշրջան, որ ժողովուրդն անվանում է ցրտի ու խավարի տարիներ։ Մասնագետներն այդ շրջանն անվանում են էներգետիկ ճգնաժամի տարիներ։ Այսօրվա իշխանությունները մի ժամանակ այլ անուն էին օգտագործում` «մազութի լափման տարիներ»։ Հետո նրանք հանձնաժողով գումարեցին, որ պարզեին լափողներին ու պատասխանատվության ենթարկեին։ Ավելի ուշ չկարողացան պարզել իրենց ու նախկինների «լափելու» մասնակցության չափն ու հրաժարվեցին այս որակավորումից։ Բայց սա այլ խնդիր է։

1993թ. Հայաստանի իշխանությունները որոշեցին ավարտել 5-րդ էներգաբլոկի շինարարությունը։ Այդ պահից սկսվեց որքան իրական, նույնքան դետեկտիվ մի պատմություն, որն առ այսօր բացատրություն չունի։ Որոշ մասնագետների հաշվարկով` շինարարությունն ավարտելու համար անհրաժեշտ էր մոտ 200 մլն դոլար։ Բայց մեր կառավարությունը, ինչպես միշտ, չհավատաց մեր մասնագետների հաշվարկին։ 1993թ. կառույցի մնացորդային արժեքի գնահատման համար Հայաստանը դիմեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին։ Այս բանկը մինչեւ 2002 թվականը չթաքցրած հետաքրքրություն ուներ Հայաստանի էներգահամակարգի նկատմամբ։ Բանկը 93-ին հրավիրեց գերմանական «Բեխտել» ընկերությանն` աշխատանքների ֆինանսական ծավալը գնահատելու համար։ «Բեխտելի» մասնագետները հաշվարկեցին, որ անհրաժեշտ է 89 մլն 900 հազար դոլար։ Արեւմտյան հաշվարկի այս թիթիզ ճշգրտությունը հավանաբար հավաստի թվաց մեր իշխանություններին։ Հատկապես, որ «Բեխտելից» հետո գնահատման մի վերահաշվարկ կատարեցին Զարգացման եվրոպական բանկի մասնագետները։ Նրանց գնահատականն արտաքուստ ավելի մանրակրկիտ էր` գնահատված էր 82 մլն 950 հազար դոլար։

1993-ի ապրիլին ՀՀ կառավարությունը Եվրոպական բանկի հետ պայմանագիր կնքեց, ըստ որի, մեզ տրամադրվելու էր 57 մլն 400 հազար դոլար վարկ` 5-րդի շինարարությունն ավարտին հասցնելու համար։ ՀՀ կողմից պայմանագիրը ստորագրել էր էներգետիկայի պետական նախարար Սեպուհ Թաշչյանը (հիշեք այս անունը, մենք նրան նորից ենք անդրադառնալու)։ Վարկային ծրագրի իրացման հենց սկզբից Եվրոպական բանկում կասկած կար, թե վարկային միջոցները նպատակային չեն օգտագործվում։ Պարբերաբար նույն կարծիքին էր հանգում ՀՀ կառավարությունը։ Վարկի օգտագործման 5 տարիների ընթացքում Եվրոպական բանկը ծրագիրը պարբերաբար կասեցնում էր։ Այդ ժամանակաշրջանում ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը երեք կարգադրություն է արել` վարկային ծախսերը ստուգելու նպատակով։ Եվս մեկ ստուգում 1997թ. սեպտեմբերին պահանջել էր ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը։ ՀՀ փառապանծ դատախազությունն ընդամենը 30-40 հազար դոլարի յուրացում հայտնաբերեց։ Բոլոր ստուգումների արդյունքում։ Փոխարենը հենց նույն` 1997թ. պարզվեց, որ շինարարության մնացորդային արժեքի գնահատումները սխալ էին։ Վարկային (գումարած` ՀՀ կառավարության հատկացնելիք) գումարը բավարար չէ։ Սխալ գնահատման պատճառով Հայաստանն արդեն 50 մլն դոլարից ավելի պարտք էր վերցրել, բայց դա բավական չէր աշխատանքներն ավարտելու համար։ Այս վարկի մայր գումարն ու տոկոսադրույքները Հայաստանը բարեխղճորեն վճարում է։ Շինարարությունը կիսատ էր մնացել։ Սխալ հաշվարկների համար ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց։ Ոչ արեւմտյան մասնագետները, ոչ էլ ՀՀ պետնախարար Սեպուհ Թաշչյանը (որն, ի դեպ, նույնպես արեւմտյան մասնագետ էր)։ Հայաստանցի էներգետիկները մինչեւ հիմա պատմում են, որ կառույցի աշխատանքները վերսկսելուց հետո 1993-ին հատուկ ինքնաթիռով Ռոստովից Հրազդան տեղափոխվեցին 12 տոննա փաստաթղթերը։ Երբ ՋԷԿ-ից զանգահարել ու Սեպուհ Թաշչյանին տեղյակ էին պահել այս մասին, նա կարգադրել էր դրանք ֆաքսով փոխանցել իրեն։ Այդ պահին մեր էներգետիկ համակարգի ղեկավարի սույն հրահանգը, եթե որեւէ մեկը լուրջ ընդուներ ու կատարեր, կարծում եմ, մինչեւ օրս էլ ավարտված չէր լինի 12 տոննա փաստաթղթի ֆաքսով փոխանցելու գործը։

Ավելի փոքրիկ ողբերգություն

Շինարարությունը վերսկսելու պահին ինժեներական իմաստով մի անլուծելի խնդիր կար։ 5-րդ էներգաբլոկի սարքավորումներից մեկը, որ արտադրվել էր Սանկտ Պետերբուրգում, անհնար էր Հայաստան տեղափոխել։ Զուտ այն պատճառով, որ Հայաստանը երկաթուղային կապ չուներ Ռուսաստանի հետ։ Փոթիից Հայաստան այդ սարքավորումը տեղափոխելու թույլտվություն տալու համար Վրաստանը Հայաստանից պահանջել էր նորոգել եւ ամրացնել 50 երկաթուղային կամուրջ։ Դրան գումարած, պարզ չէր` Սանահինի կամուրջը կդիմանա՞ նման ծանրության բեռնափոխադրմանը, թե՞ ոչ։

Որբի անլուր ճակատագիրը

Եվ այսպես, 50 մլն դոլարից ավելին ծախսելուց հետո 5-րդ էներգաբլոկի ճակատագիրն անհայտ էր։ Մետաղական կառույցներն, ինչպես հայտնի է, ժամանակի ընթացքում քայքայվելու հատկություն ունեն։ Հայաստանի առջեւ նոր խնդիր էր ծագում։ 100 մլն խորհրդային ռուբլի եւ 50 մլն դոլարից ավելի խժռած կառույցը պետք էր կոնսերվացնել։ 2001թ. չինական մի ընկերություն Հայաստանից մոտ 15 մլն դոլար ստացավ այդ ծրագիրն իրագործելու համար։ Հետո Հրազդանի հանրահայտ որբին Հայաստանը փորձեց նաղդել Ռուսաստանի վրա` «Գույք` պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում։ Բայց ռուսներն այդ պահին հպարտ էին։ Նրանք հրաժարվեցին` խոստանալով մտածել 5-րդ էներգաբլոկի մասին։ Հետո պարզվեց, որ տանը մնացած որբով հետաքրքրվում են Պարսկաստանի էներգետիկները։ Մերոնք ոգեւորվել էին։ Թվում էր, թե անճոռնի ճուտիկն, ուր որ է, վսեմաշուք կարապ կդառնա։ Կամ ՀՀ տնտեսության համար ոսկե ձվեր ածող հավ։ Բայց 5-րդ էներգաբլոկի հետ կապված այս հույսն էլ չիրականացավ։ Իրանի Իսլամական Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն քաղաքական հարաբերությունները մի կողմ թողնելով` մենք այլ բան արձանագրենք։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չդիմացան «Գազպրոմ» ռուսական ընկերության ճնշումներին։ Որբին մեր ձեռքից տարան։ Տարան, որ նրա արտադրանքը հետո հենց մեզ ավելի թանկ վաճառեն։ Հանաք բան չէ։ Կապիտալիզացիայի ծավալով «Գազպրոմն» աշխարհի խոշորագույն յոթերորդ ընկերությունն է։ Ձեւացնելով, թե հստակ չեմ հիշում` նշեմ, որ այս ընկերության կապիտուլյացիայի ծավալը 230 կամ 320 մլրդ դոլար է։ Իսկապես, ի՞նչ տարբերություն` «Գազպրոմը» ՀՀ պետբյուջեի 230, թե 320 տարվա ծավալ ունի։ Այս իմաստով մի մեղադրեք իշխանություններին։ Այդքան գումարի դիմաց անկախություն խաղալը հեշտ չէ։ Մխիթարվեք նրանով, որ տարեկան մի քանի հազար դրամ կխնայեք։ Առնվազն երեք տարի։ Որովհետեւ մինչեւ 2008թ. գազի սակագինը Հայաստանում չի փոխվի։ Այսօր այդ են ասում մեր տնտեսության ղեկավարները։

Իսկ վերջում ես ուզում եմ հիշեցնել ամերիկյան քաղաքական համակարգի հայրերից մեկի խոսքը` «Ընտրովի պաշտոնյաները ժամկետային պատկերացում ունեն տնտեսական խնդիրների մասին»։ Լյուդովիկոս XIV-ն ավելի ազնիվ էր (կամ պրիմիտիվ)։ Նա պարզապես ասում էր. «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ»։