Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը Բաքվում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի առարկում Հայաստանում ռուսական ռազմակայանների ներկայության դեմ: Նրա խոսքերով՝ դաշինքի դիրքորոշումն ամբողջությամբ համընկնում է ԵԱՀԿ-ի սկզբունքների եւ դիրքորոշումների հետ. ռազմակայաններ կարող են տեղակայվել, եթե համաձայն է ընդունող կողմը: «Վրաստանի կառավարությունը դեմ էր, եւ Ռուսաստանը դուրս է բերում իր ռազմակայանները, ինչը մենք ողջունում ենք: Իսկ Հայաստանի կառավարությունը դեմ չէ»,- հայտարարել է Ռոբերտ Սիմոնսը: Նա միաժամանակ նշել է, որ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ն իր առջեւ Ռուսաստանի հետ մրցելու խնդիր չի դրել, եւ համագործակցությունը յուրաքանչյուր երկրի հետ իրականացնում է հատուկ երկկողմ պայմանագրերի հիման վրա: «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությանը, այն ամբողջությամբ կախված է Հայաստանից եւ Ադրբեջանից: Եթե այդպիսի որոշում կայացվի, եւ կողմերը դիմեն ՆԱՏՕ-ին, դաշինքը կարող է քննարկել այդ խնդիրը»,- ասել է Ռ. Սիմոնսը: Նա փաստել է, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն ներգրավված չէ տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման գործընթացում, թեեւ խիստ մտահոգված է այդ խնդիրներով: «Կարգավորումն իրականացվում է ԵԱՀԿ հովանու ներքո: Մենք հույս ունենք, որ կողմերը համաձայնության կգան, ինչն էլ, իր հերթին, կնպաստի տարածաշրջանի պետությունների եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության զարգացմանն ու արդյունավետությանը»,- նշել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան: