«Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հայտարարությունը, թե Իրանին հաջողվել է հարստացնել ուրանը՝ նոր մարտահրավեր է միջազգային հանրությանը»,- ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Շոն Մքքորմակը: Խոսնակը հայտարարել է, թե չի կարող հաստատել Իրանի նախագահի խոսքերի հավաստիությունը: Միաժամանակ, Իսրայելի հետախուզության բարձրաստիճան մի աշխատակից, ելույթ ունենալով Իսրայելի ռադիոյով, ասել է, որ Իրանի նախագահի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը: «Թեեւ Իրանը դեռ ատոմային տերություն չէ, 2009 թվականին այդ երկիրը կարող է ատոմային ռումբ ունենալ»,- հավելել է հետախույզը: Հարկ է նշել, որ երեկ Թեհրան է ժամանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Մուհամադ էլ-Բարադեյը: