Սփյուռքն օտարերկրյա ուղղակի ներդրումներ (ՕՈՒՆ) է կատարում Հայաստանում, մասնավոր դրամական փոխանցումներ է իրականացնում, քաղաքական աջակցություն է ցուցաբերում եւ արտասահմանում հայկական մշակույթն է քարոզում: Այլ էթնիկ խմբերի փորձը ցույց է տալիս, որ Սփյուռքն ընդհանրապես մեծ դերակատարում ունի երկրների զարգացման վրա: Օրինակ, որոշ գնահատականների համաձայն, 1999թ. Չինաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների 70%-ն իրականացվել է ծագումով չինացիների կողմից: Սակայն նույնը չի կարելի պնդել Իսրայելի դեպքում: Թեեւ աշխարհում (մասնավորապես, ԱՄՆ-ում) սփռված միլիոնավոր հրեաները կարեւոր դեր են ունեցել Իսրայելի պետականության ստեղծման եւ հաջողության գործում, այնուամենայնիվ, նրանց կողմից կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումները եւ ակտիվների ձեռքբերումը կազմել է երկրի համախառն կապիտալի ընդհանուր ծավալի միայն 6%-ն Իսրայելի ողջ պատմության ընթացքում:
Ինչպիսի՞ն է Հայաստանն այս առումով: Ի՞նչ բաժին ունեն Սփյուռքի հետ կապված ներդրումներն օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալում, որո՞նք են սփյուռքահայերի ներդրումների ներգրավման գործընթացի վրա ազդող գործոնները եւ ներդրումային որոշումների դրդապատճառները: Այս հարցերին պատասխանելու համար «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի» (ՀՌԿԿ) աջակցությամբ ուսումնասիրություն է կատարել, որի համար ուսումնասիրվել են օտարերկրյա կապիտալով աշխատող շուրջ 2600 ընկերություններ եւ 6500 բաժնետերեր: Ուսումնասիրողները եկել են այն եզրահանգման, որ «Սփյուռքը կարեւոր դեր է կատարել Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման հարցում, սակայն այդ դերն ավելի փոքր է եղել, քան ենթադրում է տարածված կարծիքը»: Բանն այն է, որ 1994-2004թթ. Սփյուռքի հետ կապված ներդրողներին, որոնք կազմում են Հայաստանում օտարերկրյա ներդրողների թվի մոտ 70%-ը, բաժին է ընկել ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդամենը 25%-ը: Սփյուռքի հետ առնչություն ունեցող միջին ներդրողի կատարած ներդրումը կազմել է ընդամենը 150.000 դոլար, իսկ Սփյուռքից անհատական ներդրողների կամ ընկերությունների թիվը` 2200: ՀՀ-ում Սփյուռքի հետ կապված օտարերկրյա ուղղակի ներդրումների աղբյուրի տեսանկյունից առաջատարներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Իրանը, այնուհետեւ` Ֆրանսիան, Սիրիան ու Լիբանանը:
Եթե ՕՈՒՆ-ի կառուցվածքում Սփյուռքի հետ կապված ներդրողներին բաժին է ընկնում 25%-ը, ապա ովքե՞ր են մյուս ներդրողները: «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի վերլուծության համաձայն, 40%-ը բաժին է ընկնում ենթակառուցվածքային ներդրումներին («ԱրմենՏել», «ՀայՌուսգազարդ», «Բաշխիչ ցանցեր», «Հրազդանի էներգետիկ ընկերություն»), 24%-ը` Սփյուռքի հետ չկապված խոշոր ներդրումներին («Երեւանի կոնյակի գործարան», «Կաստել», «Արմենալ», խոշոր արդյունահանող, ինչպես նաեւ` «Գույք` պարտքի դիմաց» ծրագրում ներառված ընկերությունները), 4%-ը` «կեղծ» ներդրումին: Այս խումբը ներառում է այն ընկերությունները, որոնք գրանցված են որպես օտարերկրյա ընկերություններ, սակայն, համաձայն հետազոտության, ներկայացնում են հայաստանյան կապիտալ: Հայկական Սփյուռքին հետաքրքրող հիմնական ոլորտներն են` տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաները, ադամանդագործությունն ու ոսկերչությունը, զբոսաշրջությունը, ագրոբիզնեսը, թեթեւ արդյունաբերությունը եւ շինարարությունը:
Հետազոտական կենտրոնը Հայաստանում ներդրումներ կատարած սփյուռքահայ գործարարների շրջանում հարցումներ է կատարել` այդ ներդրումների շարժառիթների վերլուծության նպատակով: Հետազոտության համաձայն, Հայաստանում Սփյուռքի մասնակցությունը հիմնականում եղել է բարեգործության եւ մարդասիրական օգնության, քաղաքական աջակցության, մշակութային համագործակցության, տեղեկությունների ու գիտելիքների փոխանակման տեսքով: «Ներդրումային հնարավորությունների սանդղակում Հայաստանը Սփյուռքի համար դեռեւս բարձրագույն տեղ չի զբաղեցնում: Հայաստանը Սփյուռքի համար բավարար մրցակցային գործարար գրավչություն չունի»,- ասվում է կենտրոնի վերլուծության մեջ: Այնտեղ նշվում է, որ Հայաստանն օգտագործել է Սփյուռքի պաշարները` հենվելով հայրենասիրական զգացումների վրա, սակայն դրանք հանգեցրել են փոքրածավալ ներդրումների: Գտնելով, որ ներկա մոտեցումն այլեւս արդյունավետ չի կարող լինել` վերլուծողներն ընդգծում են ռազմավարական լուրջ փոփոխությունների անհրաժեշտությունը: Այսինքն, ներդրումների խթանման գործում խարիսխը պետք է գցել գործարար շարժառիթների, այլ ոչ թե` «ընկեր-բարեկամ», «հայրենասեր» հասկացությունների վրա: Վերլուծությունն առաջարկում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ Հայաստանը գրավիչ դառնա խոշոր անդրազգային ընկերությունների համար: Իհարկե, սփյուռքահայության կապերը կարող են նոր ռազմավարության համար ամենակարեւոր հիմնասյունը լինել: Հետազոտական կենտրոնը գտնում է, որ այդ ռազմավարության հիմնական հասցեատեր պետք է լինեն անդրազգային մեծ ընկերություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնող հայերը: