Միջնորդավորված ծառայություն

15/04/2006

Երեկ տեղի է ունեցել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ: «ԱրմենՏելի» դիմումի հիման վրա հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են հեռահաղորդակցության ոլորտի մի քանի շուկաներ: Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ինտերնետ ծառայությունների մատուցման լիցենզիա ստացել է 213 տնտեսվարող սուբյեկտ, սակայն նրանց գերակշռող մասը մատուցում է միջնորդավորված ծառայություն: Այսինքն, ինտերնետ ստանում են ոչ թե «առաջին ձեռքից»՝ «ԱրմենՏելից», այլ միջնորդավորված՝ առավել խոշոր պրովայդերներից, այնուհետեւ «իրացնում» այն: Առավել խոշոր պրովայդերները տասն են, որոնց մատուցած ծառայությունների ծավալներում ընդգրկվում են նաեւ պրովայդեր-սպառողների մատուցած ծառայությունների ծավալները: Աշխատակազմի կողմից Հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացվել նաեւ փոստային փոխադրումների մի քանի շուկաներում «Հայփոստ» ընկերությանը գերիշխող դիրք ունեցող ճանաչելու մասին հարցը, որը հետաձգվել է, քանի որ ուսումնասիրությունում ընդգրկված չեն եղել միջազգային փոստային փոխադրումների ծավալները: Հանձնաժողովի որոշմամբ, «Բահագս» ՍՊԸ-ն 100.000 դրամով տուգանվել է կարագի շուկայում թույլ տված անբարեխիղճ մրցակցության, իսկ ինտերնետ ծառայություններ մատուցող 4 տնտեսվարող սուբյեկտ՝ 500.000-ական դրամով՝ պահանջված տեղեկատվությունը չներկայացնելու համար։