Իրական կյանքում պատկերը հակառակն է

15/04/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Գնորդներն էլ դժգոհում են, որ 40-50 դոլարով տաբատ կամ բլուզ են գնում, բայց երկար չեն կարողանում հագնել, որովհետեւ անորակության պատճառով մի քանի անգամ լվանում են ու գցում: Երբ մի անգամ փորձեցինք քաղաքի կենտրոնում գտնվող հագուստի խանութներից մեկի տիրոջից ճշտել, թե ինչո՞ւ է իր ապրանքն այդքան թանկ գնահատել, որ չի վաճառվում, նա բազմաթիվ պատճառաբանություններ թվարկեց:

– Նախ ինքնաթիռների տոմսերն են թանկացրել,- ասաց խանութպանը: -Հետո էլ մեր մաքսայինում կաշիներս քերթում են: Հարկայինն էլ գալիս է, անկախ առեւտրից` մի թիվ է կրակում, որը ամեն ամիս մեծանում է: Դե արի ու այս պայմաններում էժան ապրանք վաճառի: Մթերային խանութներն այս վտանգից որոշ չափով ապահովագրված են այն առումով, որ գոնե առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքը, անկախ ամեն ինչից, միշտ լավ է լինում: Եթե նույնիսկ ներկրողներն իրենց մոնոպոլ դիրքերից ելնելով` այդ սննդամթերքի գները բարձր պահեն, միեւնույն է, շահութաբեր վաճառք կունենան: Եվ ստացվում է, որ մեր սպառողն իր միջոցների մեծ մասը ներդնում է սննդամթերքի գնման համար: Սա աղքատ երկրներին բնորոշ երեւույթ է:

Իսկ վերջին 1-2 տարիներին Հայաստանի սպառողական շուկայում դիտարկվող այսօրինակ հետաքրքիր, բայց վտանգավոր զարգացումները գնալով խորանում են: Սպառողները դժգոհում են, որ պարբերաբար ամեն ինչ թանկանում է: Այդ թանկացումն, իհարկե, կտրուկ եւ այնքան էլ պատճառաբանված չի եղել, բայց մեր բնակչությունը դժգոհում է, որ իր ստացած աշխատավարձն այլեւս չի բավարարում: Դժգոհողները զարմանում են, որովհետեւ այս ընթացքում իրենց պահանջները ոչ միայն չեն ավելացել, այլ նույնիսկ կրճատվել են: Մի խոսքով` կյանքը թանկացել է: Իսկ տնտեսագիտական տերմինոլոգիայով ասած՝ տեղի է ունեցել գնաճ՝ բարձր տոկոսանոց: Այս իրավիճակն ավելի է սրել դոլարի արժեզրկումը: Բայց նույն տնտեսագիտական օրենքները ենթադրում են, որ դոլարի արժեզրկման դեպքում ոչ թե գնաճ, այլ գնանկում պետք է տեղի ունենար, մանավանդ, որ Հայաստանի շուկայի առաջարկած ապրանքների մեծ մասը ներկրվում է: Այսինքն` ներկրողներն այստեղից էժան դոլար են գնում, բայց դրան համապատասխան իրենց ապրանքը չեն էժանացնում: Այս թեմայի շուրջ շատ է խոսվել ու գրվել: Իսկ մեր իշխանությունները միշտ փորձել են մեզ համոզել, որ գնաճ տեղի չի ունեցել, կամ էլ շատ քիչ է եղել: Իսկ մնացած ամեն ինչ բնական հունով է գնում:

Փորձագետներից ոմանք պնդում են, որ մեզ մոտ դոլարի արժեզրկումն ու գնաճը արհեստական՝ սպեկուլյացիայի ճանապարհով է եղել: Բայց իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում հակառակն ապացուցելու համար: Իշխանություններին օգնում եւ նրանց ասածները հաստատում է ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունը, որի տվյալների համաձայն` 2006թ. հունվար-փետրվար ամիսներին 2006թ. նույն ժամանակահատվածի համեմատ տեղի է ունեցել ընդամենը 1,5 տոկոս գնաճ: Որպեսզի համոզվենք, որ այս տվյալները չեն արտացոլում իրական պատկերը, բերենք մի քանի ապացույց. նախ՝ 2005թ. մայիսի մեկից ավելի քան 30 տոկոսով բարձրացավ խմելու ջրի սակագինը: Անցած տարի նույն այս ժամանակ կարտոֆիլի՝ մեզ համար հիմնական համարվող սննդամթերքի 1 կգ-ն արժեր 100-150 դրամ: Այս տարի այն արժե 150-200 դրամ: Անցած տարի շաքարավազի 1 կգ-ն արժեր մոտ 250 դրամ, այս տարի՝ արդեն 320 դրամ: Անցած տարի մի պահ բենզինի 1 լ-ն արժեր 320 դրամ, իսկ հիմա արդեն 350 դրամ է: Տավարի մսի 1 կգ-ն անցած տարի այս ժամանակ 1400-1450 դրամ էր, այսօր այն արժե 1600-1650 դրամ: Հացի գնի մեջ այդ թանկացումը տեսանելի չէ, որովհետեւ վաճառողների եւ գնորդների վկայությամբ, հացթուխները ոչ թե գինն են բարձրացրել, այլ քաշն են մի 50-60 գրամի չափ կրճատել: Մենք թվարկեցինք լայն սպառման ապրանքների գների փոփոխությունը: Իհարկե, չենք կարող հիշել բոլոր ապրանքների գները: Չի հիշում նաեւ թոշակառու տիկին Սվետան, որն ապրում է ամուսնու հետ: Նա ունի կոնկրետ հաշվարկ. վստահ հիշում է, որ անցած տարի 5000 դրամով գնած սննդամթերքն իրենց երկուսին բավարարում էր մեկ շաբաթ: Իսկ այս տարի այդքան գումարով գնած սննդամթերքը չի բավարարում նույնիսկ 5 օր: Շաբաթը լրացնելու համար նրանք եւս 3000 դրամ են ծախսում: Տիկին Սվետան կոնկրետ սննդամթերքով՝ մսի, շաքարավազի, կարտոֆիլի, կանաչու, խնձորի եւ մնացած սննդամթերքի գները թվարկելով՝ ապացուցում էր, որ այս տարի 8000 դրամով ավելի քիչ գնումներ է կատարում, քան անցյալ տարի 5000 դրամով: Փաստորեն, տնային տնտեսուհին իր առօրյա կենցաղային պարզ հաշվարկով ամբողջությամբ «սխալ է հանում» մեր թե՛ Վիճվարչության, թե՛ բոլոր պաշտոնյաների ներկայացրած խճճված բացատրությունները:

Նույն Վիճվարչության տվյալներով` այս տարվա հունվար ամսվա համեմատ փետրվարին դիտվել է 0,2 տոկոս գնանկում: Բայց վաճառքի կետերում հունվարին տավարի 1կգ միսն արժեր 1550 դրամ, իսկ փետրվարին՝ արդեն 1600 դրամ: Թեթեւակի թանկացում նկատվել է «շուկայական» շատ սննդամթերքների գնի մեջ: Կենցաղային այլ օգտագործման ապրանքների մեջ դժվար է ապրանք առ ապրանք հիշել գները եւ դրանց փոփոխությունները: Բայց միայն սննդամթերքի գների փոփոխությունը բավարար է, որպեսզի չհավատանք Վիճվարչության ներկայացրած գնանկմանը եւ վստահորեն պնդենք, որ տեղի է ունեցել հակառակ երեւույթը՝ գնաճ:

Զարմանալի է, որ այս վիճակով «Հայաստանը համարվել է ԱՊՀ միակ երկիրը, ուր գրանցվել է սպառողական գների ինդեքսի անկում: Հայաստանում գնանկումը հունվար-փետրվար ամիսներին կազմել է 1,5 տոկոս»: Այս դեպքում ԱՊՀ երկրների վիճակագրական կոմիտեին տվյալները տվել է Հայաստանի Վիճվարչությունը: Բայց թե ինչո՞ւ է արդյունքը տարբեր ստացվել՝ 0,2-1,5 տոկոս, դժվար է ասել: Երեւի իրար հետ չեն համաձայնեցրել:

Իսկ ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը կանխատեսել էր, որ տարվա վերջում գրանցվելու է ընդամենը 3-4 տոկոս գնաճ: