«Որ երկիրն ինձ տուն գնելու, ընտանիք ստեղծելու հնարավորություն տա, որ երկրի հասարակությունն ինձ որպես մարդ հարգի՝ դա էլ կլինի իմ հայրենիքը»,- ասում է նա: Իգորն ասում է, որ մարդը, երբ իր երկրում փակված, հասարակությունից մեկուսացած է, երբեք այդ երկիրն իր տունը չի կարող համարել ու, որպես կանոն, մի օր դուռը բացելու-գնալու է: Ոչ տուն ունի, ոչ հայրենիք, ոչ էլ մտերիմներ… Ասում է՝ հայրենիքը վրադ կողպեք է դնում, որ չփախչես, ու բռնակալի նման քեզ դատապարտում է մահվան. «Մենք պետական երեխաներ ենք, մեր տերը պետությունն է, որը պետք եղած ժամանակ օգտագործում, մաշեցնում, ապա անխնա դեն է նետում»: Գավառի մանկատնից հետո Իգորը սովորել է շինարարական քոլեջում եւ այդ ընթացքում ապրել է 10-րդ ուսումնարանին կից հանրակացարանում: Քոլեջն ավարտելուց հետո զինվորական ծառայության է անցել: Պատերազմի տարիներին Իգորին ուղարկել են Մեղրիի հատուկ նշանակության ջոկատում ծառայելու: 2 տարի դիրքերի 3-րդ գծում է եղել: Ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել է հանրակացարան, իր սենյակի դուռը բացել, տեսել է` մի կին է երեխաների հետ ապրում. «Սենյակն ինձ էր պատկանում, պարզապես չէի կարող կնոջը դուրս անել, մտածեցի` ավելի լավ է, ես փողոցում մնամ, քան 2 երեխա ունեցող կինը»,- ասում է Իգորը: Հանրակացարանից դուրս գալուց հետո ուղիղ 2 տարի ապրել է շենքերի մուտքերում, կայարանի պատերի տակ, շախմատի տան նստարանների վրա: Ասում է, որ արդեն վարժվել էր, ձմռան ամենասարսափելի ցրտին դիմանում էր. «Խրամատներում ձյան տակ էինք սահման պահում, դա ինձ համար կարծես հետագա կյանքիս նախավարժանքը լիներ»: Իգորը սիրում է աշխատել եւ անգամ փողոցներում ապրելու տարիներին շինարարության վրա բանվորություն է արել: Միակ պրոբլեմը նրա համար քնելու տեղն էր, որի բացակայության պատճառով Իգորն աշխատանքն ավարտելուց հետո մի ծածկ էր գտնում, որ տեղացող ձյունից պաշտպանվեր, բաճկոնը գցում էր վրան ու սառը գետնին քնում: «Աշխատանքից չեմ խեղճանում, պատրաստ եմ ամենածանր գործն անել: Հասկանո՞ւմ եք, հիմա որ պատմում եմ` գիտեմ, որ ձեզ համար տարօրինակ է, բայց մեզ մոտ մի քիչ ուրիշ է: Մանկատանն ապրած մարդիկ մի քիչ չեն զգում էդ ցուրտը, խավարը, սովոր ենք, որովհետեւ աչքներս բացելուն պես էդ խավարն ու ցուրտն ենք տեսել»: Ոստիկանները շատ են անհանգստացրել, մշտապես փողոցներից բռնել, ծեծել են: Ասում է, ոստիկանները չէին հավատում, որ ինքը գնալու տեղ չունի, անօթեւան է: Հետո, երբ տեսել է, որ դիակի պես մարմինը քարշ տալով ապրել չի լինում, գնացել է ՆԳ նախարարություն: Վարչության պետին խնդրել-աղաչել է, որ իրեն կալանավորեն, ուղարկեն գաղութ, այլապես ինչ-որ անկանխատեսելի քայլի կգնա: «Ասեցի` ձեր մոտ գործեր կլինեն, որոնք բացահայտված չեն, գցեք իմ վրա, գործ սարքեք վրաս, ես ինքս կխոստովանեմ, նույնիսկ «02»-ով կասեմ, որ ես եմ արել, մենակ թե տարեք ինձ գաղութ,- պատմում է նա: -Բայց ինձ գժի տեղ դրեցին, մտածեցին` խելագարված մարդ եմ, մի պաշտոնով մարդ էլ հայհոյելով դուրս վռնդեց»: Իգորի մտքով նույնիսկ անցել է՝ մի վատ բան անել ու հայտնվել գաղութում, որ քնելու տեղ ունենա: Իգորը պատմում է, որ մի օր, երբ շատ սոված է եղել` որոշել է առիթն օգտագործել, շուկայում մի կին վաճառականի տաղավարից ցանկացել է խնձոր գողանալ, բայց չի կարողացել: Վաճառականը նկատել է, հարցրել է` հո վատ չի՞ զգում իրեն, ու Իգորը պատմել է, թե ինչ էր պատրաստվում անել: Կինն այնքան է ազդվել, որ խնձոր հյուրասիրելուց բացի` Իգորին տարել է տուն ու մեկ ամիս խնամել է նրան: Ասում է` գիտի, որ կալանավայրը, հանցագործ աշխարհն իր տեղը չէ, բայց գոնե քնելու տեղ կունենար, իսկ փողոցում անպաշտպան ես, ու քեզ դրդում են հանցագործության: «Փողոցում քնելիս չգիտես` որտեղ մաքրվես, որ դուրս գաս մարդկանց մեջ աշխատես: Դառնում ես լեշ… Սպորտսմենն ինչպե՞ս է հաղթահարում տարածությունը: Վազքի ժամանակ ստարտ են տալիս, չէ՞, որ թափ հավաքի, հիմա մեր ոտքի տակ թափ չկա, չես կարողանում վազել»:
Ժամանակին հանրակացարանում ապրելու հարցում Իգորին աջակցել է Վազգեն Սարգսյանը, որի տված թղթով եւ Հրանուշ Հակոբյանի տրամադրած ուղեգրով նա տեղավորվել է Նոր Նորքի զանգվածի հանրակացարանում, ուր հիմնականում փախստականներն էին ապրում: «Մտա 5-րդ կորպուս, հետո ուղարկեցին 6-րդ կորպուս, հետո էլի ուղարկեցին, ստեղից էնտեղ էին ուղարկում… Դե՛, մերը միշտ ապօրինի ա, գաղտնի, մեր հարցը մարդկանց խղճի խայթի վրա է հիմնված»: Այնուամենայնիվ, հանրակացարանում մի որոշ ժամանակ ապրել է: Հիմա նրան թույլ են տվել ապրել Քանաքեռի հանրակացարանում ու ցանկացած պահի կարող են նորից վռնդել: Բացի խղճահարությունից, հանրակացարանի պարետին Իգորը պետք է, շինարար է: Ասում է, որ մանկատանը մեծացած մարդկանց գիշերվա զրուցակիցներն առնետներն ու շներն են: Հավատում է իր համոզմունքին, որ երբ մանկատան սանը պետությանը պետք է լինում` քարի տակից էլ նրան գտնում են, ինչպես պատերազմի ժամանակ. «Եթե վաղը պարզվի, որ ես ազգին պետք եմ, անմիջապես ինձ կնկատեն: Օրինակ՝ զինգրքույկս փողոցներում քնելու ժամանակ կորցրել եմ, գնացի Զինկոմ, խնդրեցի վերականգնել, որովհետեւ վաղը կարող եմ որպես կռված մարդ պետք գալ: Ասեցին՝ մենք ինչ իմանանք, որ դու Իգոր Կարամանյանն ես ու ծառայել ես, ասեցին` պիտի գնաս միլիցիա որտեղ որ ապրում ես, ասեցի, որ տուն ու գրանցում չունեմ: Չտվեցին… սենց խառը կանաչու վիճակ ա, որ չգիտես, թե դու ով ես, ում ես պատկանում»:
«Ատում եմ շլանգը»
Իգորն ասում է, որ մանկատան սանի պիտակը մշտապես «քացու տակ» է պահում որբ մարդուն: Ասում է, որ աշխատանքի վայրերում երբեք չի ասում, որ ինքը մանկատան սան է, որովհետեւ մարդկանց վերաբերմունքը կտրուկ փոխվում է: «Մասիվում ապրելու տարիներին ոչ ոք չիմացավ, որ մանկատանն եմ մեծացել: Աշխատում եմ, որ չիմանան, որովհետեւ առաջին հերթին խղճահարություն ես նկատում»,- ասում է նա: Ասում է՝ մանկատանը մեծացած աղջիկները չեն կարողանում ընտանիք կազմել, որովհետեւ հասարակության մեջ արմատավորված է, թե նրանք անբարոյական են, իսկ տղաներին համարում են հանցագործներ: Իգորը հիմա, երբ շինարարություն է անում` առաջին հերթին բաղնիք-զուգարանից է սկսում, որովհետեւ փողոցներում ապրելու ժամանակվանից մնացած լողանալու, հիգիենիկ լինելու բարդույթ ունի: Մի բարդույթ էլ ունի ռետինե խողովակների հետ կապված: «Գավառի մանկատանը շլանգն առնում էին ոչ թե այգիներ ջրելու, այլ երեխաներին ծեծելու համար: Երբ շլանգ եմ տեսնում` շոկ եմ ապրում: Ատում եմ շլանգը, որովհետեւ ծեծում էին ահավոր: Հեռու եմ փախնում, երբ տեսնում եմ՝ վախենում եմ…»:
Իգորին հարցնում եմ՝ հարազատներ ունե՞ս, պատասխանում է՝ «Հարազատներ բոլորն էլ ունեն, բայց ո՞ւր են նրանք: Մինչեւ պապուս գտա` մեռավ: Որոշել էի նրան օգնեմ հակառակն ապացուցելու համար: Գնացի Ավան-Առինջ, գտա, մորս հայրն էր, ասաց, որ մայրս երկրաշարժից մահացել ա, հորս մասին էլ տեղեկություն չուներ: 98 տարեկան էր, ծերունական դեգրադացիա էր մոտը, շատ բաներ չէր հասկանում ու հազիվ էր ապրում: Որոշեցի նրան տեր կանգնեմ՝ աշխատում, պահում, խնամում էի»: Այդուհանդերձ, Իգորը հասցրել է 1 ամիս պահել պապին, նույնիսկ դայակ է վարձել, որ աշխատանքային ժամերին իր բացակայության ընթացքում պապի մասին հոգ տանի նա: «Փառք Աստծո, ստացվեց, պահեցի: Միշտ փորձել եմ հակառակն անել: Այսօր ոչ թե կուզենամ, որ հայրս ինձ գտնի ու օգնի, այլ ուզում եմ ես իրան պահեմ, հոգ տանեմ իրա մասին: Ուզում եմ հասկանա, որ կյանքն ինձ չի կոտրել»: Պապի մահից հետո Իգորին վռնդել են այդ բնակարանից, որովհետեւ Իգորը գրանցում չի ունեցել: