Երեկ կայացած ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում ներկայացվեց 2005թ. տարեկան հաշվետվությունը, ըստ որի` ակադեմիայի անցած տարվա գործունեությունը համարվեց գրեթե ռեկորդային: Հաշվետվությունը ներկայացնող ԳԱԱ փոխպրեզիդենտ, ակադեմիկոս-քարտուղար Էդուարդ Ղազարյանը հատկապես երեք փաստ առանձնացրեց, որոնք ռեկորդային են եղել՝ 2005թ. ԳԱԱ-ն հրատարակել է 138 մենագրություն, կազմակերպել շուրջ 20 միջազգային գիտաժողովներ, եւ գիտության մեջ զգալի ներդրումների համար շուրջ մեկ տասնյակ գիտնականներ արժանացել են պարգեւների եւ միջազգային պատվավոր կոչումների: Ակադեմիկոսների կողմից որեւէ առարկություն չեղավ: Ի տարբերություն վերջին շրջանի ակադեմիական մյուս ժողովների, այս հավաքն անցավ առանց բուռն կրքերի եւ քննարկումների: Միայն՝ օգտվելով ԿԳ նախարար Սերգո Երիցյանի եւ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի ներկայությունից, մի փոքր էլ լացեցին գիտության ֆինանսավորման վատ վիճակից՝ հույս ունենալով, որ վերջիններիս իրենց բողոքները տեղ կհասցնեն: