Երեկ Արաբկիր համայնքի Բաբաջանյան փողոցի հարսանյաց հանդիսությունների սրահում Եհովայի վկաները Քրիստոսի մահվան հիշատակի երեկո էին կազմակերպել: «Մենք ոչինչ չունենք թաքցնելու, կարող եք մասնակցել այս միջոցառմանը, սակայն, խնդրում ենք, մեզ մի լուսանկարեք»,- պահանջում էին դահլիճի անդորրը հսկող Եհովայի վկաները: Հատկապես արգելեցին նկարել իրենց «դակլադչիկին», որովհետեւ «դակլադչիկը գլավար» չի: «Դակլադչիկն» ըստ էության այն մարդն էր, որը դասախոսության ձեւով ներկայացնում էր օրվա խորհուրդը: Իսկ եթե նրա նկարը թերթերում հայտնվի, կարող է թյուրիմացություն ստացվել, եւ ոմանք որպես լիդեր ընդունեն նրան. ահա այսպիսի մտավախություն ունեին Եհովայի վկաները: «Դուք ինքներդ էլ տեսնում եք, որ մեզանից ոչ մեկը լիդեր չի, մենք բոլորս էլ հավասար ենք, մեր մեջ լիդեր հասկացություն գոյություն չունի»,- համոզում էին նրանք: Նրանք արգելեցին նաեւ Եհովայի այլ վկաների հետ օրվա խորհրդի հետ կապված մեկնաբանություններ խնդրել: «Մենք ինտերվյուների համար հատուկ ներկայացուցիչ ունենք, կարող եք իր հետ խոսել, բայց այսօր հարմար օր չի»,- իսկ հասարակ Եհովայի վկան իր հավատքի շուրջ զրուցելու, իր ընկալումներն ազատ արտահայտելու իրավունք չունի փաստորեն: Ի դեպ, ոչ պաշտոնական տեղեկություններով` հանրապետությունում հաշվվում են շուրջ 20.000 Եհովայի վկաներ: