Տարածաշրջանում ընթացող գլոբալ տեղաշարժերը ոչ միայն կապված են ԱՄՆ-ի կողմից նոր «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի իրականացման հետ, որի վերջնական նպատակն է գրավել եւ տնօրինել տարածաշրջանի երկրների վառելիքաէներգետիկ պաշարները, աշխարհա-ռազմավարական դիրքերը, այլեւ ուղղված են հայ էթնոսի դեմ: Խոսքերս հիմնավորելու համար բերեմ զուտ չոր թվեր եւ փաստեր: Այսպես, 1991թ. դրությամբ տարածաշրջանի երկրներում հայերը կազմում էին ընդհանուր հաշվարկով մոտ 5 մլն 450 հազար մարդ, որից Հայաստանի Հանրապետությունում` 3,8 մլն մարդ, Իրանում` 210 հազար հայ, Իրաքում` 18 հազար հայ, Լիբանանում` 150 հազար հայ, Սիրիայում` 120 հազար հայ, Թուրքիայում` 150 հազար հայ, Քուվեյթում` 3,5 հազար հայ, Հորդանանում` 2,3 հազար հայ մարդ: Սրան անհրաժեշտ է գումարել նաեւ Վրաստանում բնակվող, 1991թ. դրությամբ, հայերի ընդհանուր քանակը, որը կազմում էր մոտ 500 հազար մարդ, որից Աբխազիայում` 80 հազար, իսկ Աջարիայում` 18 հազար մարդ: Անդրկովկասի մյուս հանրապետությունում` Ադրբեջանում 1988թ. դրությամբ` սումգայիթյան կոտորածներից առաջ, բնակվում էր ընդհանուր հաշվով մոտ 530 հազար հայ, որից 138 հազարը` ԼՂՀ-ում, իսկ 4 հազարը` Նախիջեւանի Հանրապետությունում: Այսպիսով, եթե հանրագումարի բերենք վերոհիշյալ թվերը, ապա կարելի է ֆիքսել, որ 1991թ. նախօրեին տարածաշրջանում ապրում էր ընդհանուր հաշվով մոտ 5,45 մլն հայ: Հարկ է նաեւ նշել, որ այդ նույն ժամանակահատվածում Չեչնիայում բնակվում էր մոտ 17 հազար հայ, Հյուսիսային Օսեթիայում` 15 հազար, Թուրքմենիայում` 30 հազար հայ մարդ: ԽՍՀՄ փլուզումից հետո, ԱՄՆ-ի գլխավորությամբ` Արեւմուտքի` համաշխարհային գլոբալ քաղաքական եւ մշակութային ասպարեզում, հիմնական հակառակորդ մնաց իսլամական աշխարհը: Արեւմուտքից դեպի մեր տարածաշրջան արշավը հանգեցրեց լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների, որոնց արդյունքում տեղի են ունենում ոչ միայն տարածաշրջանի երկրների օկուպացիա եւ սահմանների վերաձեւափոխում, այլեւ մեր` հայ ազգի ներկայացուցիչների զանգվածային միգրացիա, արտագաղթ այս նույն տարածաշրջանից: Այսպես, 2005թ. դրությամբ մեր տարածաշրջանի երկրներից ընդհանուր հաշվով արտագաղթել է մոտ 2 մլն 237 հազար հայ: Այդ թվում՝ ՀՀ-ից` 1991-2005թթ. միջեւ ընկած ժամանակաշրջանում փաստացի արտագաղթել է մոտ 1 մլն 400 հազար հայ, որը կազմում է 1991թ. դրությամբ փաստացի բնակվող ազգաբնակչության մոտ 35 %-ը: Այդ նույն ժամանակաշրջանում Իրանից հեռացել են 70 հազար հայեր, որը կազմում է 30 %-ը, Թուրքիայից` 80 հազար հայ` 55 %-ը, Լիբանանից` 50 հազար հայ` 33%-ը, Սիրիայից` 45 հազար հայ` 35 %-ը: Իրաք հայկական զորախումբ ուղարկելով եւ դրանով իսկ միանալով ամերիկա-բրիտանական «դեմոկրատ» ագրոսերներին, Իրաքի հասարակությունը սկսեց թշնամաբար տրամադրվել Իրաքում բնակվող հայ բնակչության հանդեպ, որի արդյունքում հայերը մասսայաբար արտագաղթեցին Իրաքից, եւ երբեմնի ծաղկող Իրաքի հայ 18 հազարանոց գաղութից այժմ այնտեղ բնակվում է մոտ 6 հազար հայ մարդ, այսինքն՝ արտագաղթեց իրաքահայության 65%-ը: Իրաքահայերի մեղքերը թողնենք հայ այն պատգամավորների, քաղաքական գործիչների խղճին, ովքեր քվեարկեցին Իրաք հայկական զորախումբ ուղարկելու օգտին, եւ անդրադառնանք Անդրկովկասի մյուս երկու երկրներից հայերի արտագաղթին: Այսպես, 2005թ. հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանից արտագաղթել է հայ ազգաբնակչության 100%-ը, չհաշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությունը: Վրաստանից արտագաղթել է այնտեղ բնակվող 500 հազար հայերի մոտ 36 %-ը, որը կազմում է 180 հազար մարդ, այդ թվում` Աբխազիայի եւ Աջարիայի արտագաղթածները միասին վերցրած: Չեչնիայից այնտեղ ընթացող պատերազմի հետեւանքով արտագաղթել է տեղի հայ բնակչության 95%-ը (16 հազար մարդ), Հյուսիսային Օսեթիայից` մոտ 40%-ը (6 հազար մարդ), Թուրքմենիայից արտագաղթել է 14 հազար հայ մարդ (մոտ 45 %-ը): Եթե հանրագումարի բերենք վերը նշված փաստերը, ապա կստանանք, որ 1991թ. մինչեւ 2005թ. ընկած տարիների ընթացքում տարածաշրջանի երկրներից արտագաղթել-հեռացել է մոտ 2 մլն 237 հազար հայ մարդ, որը կազմում է տարածաշրջանում բնակվող հայ էթնոսի մոտ 38 %-ը: Մեկ անգամ եւս ցավով փաստենք, որ 2005թ. դրությամբ հայ ազգաբնակչությունը, էթնիկ տարրը Անդրկովկասի եւ Մերձավոր Արեւելքի երկրներից հեռացել է, եւ այդ 38 տոկոսը պետք է առանձին վերլուծության նյութ դառնա: Վերջին 15 տարվա ընթացքում հայերը, հայկական էթնոսի տեսակը պակասել է 2,3 մլն մարդով: Ո՞ւմ մեղքով եւ ինչի՞ հետեւանքով է տարածաշրջանից հեռանում, պակասում հայ ազգը: Որոշ քաղաքագետների կարծիքով` դա կապվում է Ղարաբաղյան շարժման հետ, «Ղարաբաղ Կոմիտեի» կամ «Միացում» կազմակերպության վարած անհեռատես քաղաքականության հետեւանքով, ՀՀՇ-ի, ՀՅԴ-ի, համաշխարհային մասոնական օթյակների, Թուրքիայի կամ Հայաստանում առկա համատարած կոռուպցիայի պատճառով: Սակայն, իմ կարծիքով, հայերը հեռանում են տարածաշրջանից եւ առաջին հերթին` Հայաստանից այն պարզ պատճառով, որ հայ մարդը, էթնիկ տարրը չի տեսնում իր զավակների, ապագա սերունդների համար զարգացման, ապահով ապրելու եւ ընդլայնվելու հեռանկար: Որոշ դեպքերում հայերը հեռանում են, քանզի կա ֆիզիկական ոչնչացման վտանգ: Հայաստանից հեռանում են, քանզի Հայաստան պետությունը չի ապահովում երկրում սոցիալական արդարության մթնոլորտ, բարոյահոգեբանական ազնիվ եւ առաքինի միջավայր, արարելու եւ ստեղծագործելու տարրական պայմաններ: Հայ մարդը հեռանում է Հայաստանից, որովհետեւ Հայաստան պետությունը, իր բոլոր ինստիտուտներով հանդերձ, ծառայում է 5-6 օլիգարխների եւ նրանց կլանների շահերին: Այն ժամանակ, երբ պետությունը դեմքով շուռ կգա դեպի հայ էթնոսը եւ կձգտի ապացուցել, որ Հայաստանը ոչ միայն 5-6 անարժանների բիզնես – երկիր է, այլ 3 մլն մարդկանց հայրենիք, բնօրրան, այդ օրվանից միգուցե կդադարի հայ էթնոսի արտագաղթը Հայաստանից եւ տարածաշրջանի երկրներից ընդհանրապես: Կգա՞ն արդյոք այդ ժամանակները: Իրերի նման ընթացքի դեպքում, կարծում եմ` ոչ, քանզի արտագաղթի տենդենցը շարունակվում է, եւ միայն 2005թ. դրությամբ Հայաստանից արտագաղթել է 80-85 հազար մարդ: Այս պատկերն է նաեւ տարածաշրջանի բոլոր երկրներում: Ի դեպ, վերջերս հայաստանյան որոշ վերլուծական կենտրոնների կողմից հասարակության մեջ համառորեն ներմուծվում է թուրքական վերլուծական կենտրոնների այն գաղափարը, որ իբր Թուրքիայի Արեւելքում ապրում են մուսուլմանացած եւ չմուսուլմանացած 2,5-3,0 մլն հայեր: Սա արվում է այն պատճառով, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո այդ 3,0 մլն չակերտավոր հայերը լցվեն Հայաստան` իրենց երբեմնի «հարազատների» գիրկը: Նպատակը պարզ է` վերափոխել Հայաստանի Հանրապետության էթնիկ կազմը՝ հօգուտ մուսուլմանացած հայերի: Ասածիս ապացույցը գտնելու համար, կարծում եմ, հերիք է միայն երեկոները շրջել մայրաքաղաք Երեւանի կենտրոնական սրճարաններում եւ փողոցներում, եւ կհամոզվենք, որ շուտով կգտնվենք Հալեպում կամ Ստամբուլում: