Հետպատերազմյան այդ դժվար տարիներին գործող դիսկո-ակումբներն այսօր, չգիտես ինչու, չկան, եւ այսօրվա երիտասարդները զրկված են այդ ժամանցային վայրից օգտվելուց: Ստեփանակերտում հիմա կա մի փոքրիկ դիսկո-ակումբ, որտեղ, ինչպես երիտասարդներն են ասում, հավաքվում են հիմնականում դպրոցահասակ պատանիներ ու աղջիկներ:
Գյուղաբնակ երիտասարդների հետ ունեցած զրույցներում շատերը նշում են, որ իրենց բնակավայրում չկա նույնիսկ մի սենյակ, որտեղ երիտասարդները կարող են հավաքվել, կազմակերպել իրենց ժամանցը: Օրինակ, Մարտունու շրջանի վերաբնակեցվող Ջիվանի գյուղի բնակիչ, 23-ամյա Մինաս Շահինյանն ասում է, որ գյուղում շատ ձանձրալի է, քանի որ երիտասարդների համար ժամանցի կազմակերպման ոչ մի հնարավորություն չկա: «Չկա այնպիսի մի սենյակ, որտեղ կարելի է երիտասարդներով հավաքվել ու զբաղվել: Հիմնականում հավաքվում ենք որեւէ մեկի տանը, զրուցում, կատակում եւ այլն: Իսկ եթե, ասենք, դպրոցում մի երաժշտական կենտրոն լիներ, կարելի էր հաճախակի դիսկոտեկներ կամ այլ միջոցառումներ կազմակերպել: Իսկ այսպես շատ կտրված ենք արտաքին աշխարհից եւ զարգացումներին տեղեկանում ենք միայն հեռուստատեսությամբ: Ճիշտ է, հազվադեպ գնում ենք մայրաքաղաք, բայց դա այսօրվա երիտասարդին բավարար չէ: Հիմնականում շփվում ենք մոտակա Կարմիր Շուկա եւ Շեխեր գյուղերի երիտասարդների հետ: Շեխեր ջահելներով գնում ենք կամ մեկի ծնունդին կամ բանակի քեֆին, եւ այլն, իսկ մշակութային միջոցառումներին, եթե իհարկե դրանք լինում են, չենք մասնակցում, քանի որ տեղյակ չենք լինում: Եթե տեղյակ լինենք` հաճույքով կգնանք»,- մեր զրույցի ժամանակ նշեց Մինասը:
Հարկ է նշել, որ Ղարաբաղում կան նաեւ այնպիսի բնակավայրեր, որտեղ երիտասարդներին մտահոգող հարցերը գտնվում են ղեկավարության ուշադրության կենտրոնում, որն իր հերթին փորձում է ոչ միայն լուծել երիտասարդների զբաղվածության, այլեւ ազատ ժամանցի խնդիրը։ Օրինակ, Հադրութ շրջկենտրոնում հետաքրքիր մարզական եւ մշակութային միջոցառումներ են կազմակերպվում, այստեղ գործում է դիսկո-ակումբ, վերջերս ակումբում նույնիսկ բիլիարդի սեղան են տեղադրել։ Օրինակ, Հադրութի Մեծ Թաղլար գյուղի երիտասարդների ազատ ժամանցի խնդրի լուծմանն աջակցում են թաղլարցի բարերարները, որոնց միջոցներով գյուղում յուրօրինակ երիտասարդական կենտրոն է կառուցվել, որտեղ ներկայումս գործում են շախմատի, շաշկու խմբակներ, երիտասարդները հնարավորություն ունեն զբաղվել բիլիարդով եւ օգտվել համակարգիչներից: Մեր տվյալներով, Մարտունի շրջկենտրոնում երիտասարդները նախատեսում են բանավեճի ակումբ բացել:
Տեղեկության կարգով նշենք, որ ներկայումս հանրապետությունում գործում են 15-ից ավելի երիտասարդական կառույցներ, որոնք նույնպես ձգտում են երիտասարդության առօրյան հետաքրքիր դարձնել: Նախկինում «Միասնություն» երիտասարդական կազմակերպությունը մասնաճյուղեր ուներ նաեւ հանրապետության տարբեր շրջաններում, սակայն ներկայումս մի շարք պատճառներով այդ մասնաճյուղերը չեն գործում:
Իսկ ինչպե՞ս են անցկացնում առօրյան մայրաքաղաքի երիտասարդները, ի՞նչ ժամանցի վայրեր կան երիտասարդների համար: Այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով որոշեցինք փոքրիկ հարցում կատարել երիտասարդների շրջանում:
Արամ Գեւորգյան, 24 տարեկան. «Պետք է ասեմ, որ կոնկրետ ինձ համար այստեղ չկան ժամանցի վայրեր: Նախկինում գոնե կային դիսկո-ակումբներ, իսկ հիմա միայն մի փոքրը կա, որտեղ դպրոցականներ են հավաքվում, եւ իմ տարիքի տղաների համար այնտեղ հետաքրքիր չէ: Հիմա ամեն մեկը յուրովի է անցկացնում իր ազատ ժամանակը: Օրինակ, կան ընկերական որոշ խմբեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր վայրը` բարը կամ սրճարանը, որտեղ ընկերներով հավաքվում են. ոմանք ինչ-որ խաղեր են խաղում, ոմանք` պարզապես զրուցում եւ երաժշտություն լսում: Անձամբ մենք ընկերներով հավաքվում ենք աշխատանքից հետո` որեւէ մեկի տանը, մեկ-մեկ` որեւէ բարում, կամ էլ զբոսնում ենք քաղաքում»:
Իրինա Ավետիսյան, 19 տարեկան, ուսանող. «Ազատ ժամանակս, իհարկե, եթե ունենում եմ, անց եմ կացնում ընկերուհիներիս հետ: Շատ հաճախ մեր երիտասարդական կազմակերպության անդամներով ինչ-որ հետաքրքիր միջոցառումներ ենք կազմակերպում եւ ձգտում մեր օրը հետաքրքիր անցկացնել: Իհարկե, շատ վատ է, որ դիսկո-ակումբներ չկան: Կարծում եմ, դրանց առկայության դեպքում երիտասարդների օրն ավելի աշխույժ կանցնի: Իսկ հիմա երիտասարդները բավարարվում են եղածով՝ այցելում են քաղաքում կազմակերպվող համերգներին ու այլ միջոցառումներին»:
Մարատ Ավանեսյան, 26 տարեկան. «Ասեմ, որ ամեն մարդ յուրովի կարող է կազմակերպել իր առօրյան, եւ ինչքան ֆինանսապես ապահով լինես, այնքան ավելի լավ կարող ես անցկացնել օրդ: Բայց քանի որ դա չկա, ձգտում եմ սահմանափակումներ մտցնել իմ ժամանցում: Օրինակ, առաջ, երբ ես աշխատանք ունեի, ընկերներիս հետ հաճախ գնում էի բարեր, այցելում էի ինտերնետ-սրահներ, որտեղ համեմատաբար հետաքրքիր էր անցնում ժամանակս: Հիմա աշխատանք չունեմ, իսկ դա նշանակում է, որ որոշ բաներից զրկվում եմ»: