2005թ. հոկտեմբերին կազմակերպության մեջ դիտորդի կարգավիճակ ստացավ ԱՄՆ-ը՝ մի շարք համառ ջանքերի արդյունքում: ԱՄՆ-ի համար Սեւծովյան տարածաշրջանը կարեւոր էներգաառաքման հանգույց եւ Կովկասում ու Միջին Ասիայում իր ազդեցությունը հաստատելու խթան է հանդիսանում: Այդ նպատակին հասնելուն է ուղղված նաեւ Ռումինիայում եւ Բուլղարիայում բազաների կառուցումը:
ԱՄՆ-ը ձգտում է ակտիվորեն մասնակցել տարածաշրջանում անվտանգության ոլորտում համագործակցությանը, ապահովելով ՆԱՏՕ-ի մասնակցությունը բոլոր նման նախաձեռնություններում: Ներկայումս տարածաշրջանում գործում է սեւծովյան մերձափնյա երկրների հիմնադրած «Blackseafor» ինստիտուտը, որը պատասխանատու է անվտանգության ոլորտում համագործակցության համար: Կառույցի գործառույթների մեջ են մտնում որոնման եւ փրկարարական գործողություններ, մարդասիրական օգնություն եւ շրջակա միջավայրի պահպանություն: ԱՄՆ-ը նաեւ մտադիր է Սեւ ծով տեղափոխել ՆԱՏՕ-ի «Ակտիվ ջանքեր» զորավարժությունները, որոնք Միջերկրական ծովում անց են կացվում 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո՝ Թուրքիայի մասնակցությամբ:
Զորավարժություններն ուղղված են ծովային հաղորդակցությունների վերահսկմանն ու կասկածելի նավերի դեմ հակառակ գործողություններին: Նույնատիպ գործառույթ է կատարում Թուրքիայի «Ներդաշնակություն Սեւ ծովում» նախաձեռնությունը, որին միանալու մասին վերջերս հայտարարել է Ռուսաստանը: Եթե նույնատիպ քայլ ձեռնարկի ԱՄՆ-ը, մի շարք խնդիրներ կծագեն, մասնավորապես, Մոնթրյոյի պայմանագրի հետ կապված: Պայմանագիրը սահմանափակում է ոչ սեւծովյան երկրներին պատկանող նավերի բեռնատարողությունը՝ սեւծովյան նեղուցներով նրանց նավարկման դեպքում, եւ սահմանափակում է Սեւ ծովում նրանց նավարկման ժամանակը: Պարբերաբար տեղեկատվություն է հայտնվում այն մասին, որ ԱՄՆ-ը Պայմանագրում փոփոխություններ մտցնելու լոբբինգ է անում, սակայն առայժմ՝ անարդյունք:
Երկրորդ խնդիրը կարող է դառնալ այն հանգամանքը, որ վերջերս Թուրքիան հակված է Սեւծովյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցության ուժեղացումը թույլ չտալու՝ ռուսաստանյան դիրքորոշմանը: Սակայն անհրաժեշտ է հիշել, որ Սեւ ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի դերի նվազումը չի նշանակում տարածաշրջանում օդային գործողությունների կանխարգելում: Ամերիկյան ինքնաթիռները Ռումինիայի եւ Բուլղարիայի բազաներից թռչելով կարող են հասնել Կովկաս, իսկ հետո` եւ Իրան, եւ Միջին Ասիա:
www.mediadialogue.org