«Ադրբեջանի տնտեսության մեջ թուրք գործարարների ներդրումները, առանց հաշվի առնելու էներգետիկ հատվածը, կազմել են 2,2 միլիարդ դոլար: Այսօր ներդրումների ընդհանուր ծավալը հասնում է մոտ 4,5 միլիարդ դոլար գումարի»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ երեկվա հանդիպման ժամանակ հայտարարեց նրա թուրք գործընկեր Ահմեդ Նեջեթ Սեզերը, որը Բաքու էր ժամանել պաշտոնական այցով:
Նրա խոսքերով, ներդրողների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու դեպքում տվյալ ներդրումները կարող են մեծանալ: Ընդ որում, ինչպես ընդգծեց Թուրքիայի ղեկավարը, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալն անփոփոխ աճում է. «Եթե 2004 թվականին այն կազմում էր 550 միլիոն դոլար, ապա 2005 թվականին՝ 795 միլիոն: Այս տարի կողմերը ծրագրում են տվյալ թիվը հասցնել մինչեւ միլիարդի»:
Իր հերթին Ի. Ալիեւն ասաց, որ պաշտոնական Բաքուն մեծ կարեւորություն է տալիս այդ այցելությանը: Նա նշեց, որ Ադրբեջանը համագործակցում է Թուրքիայի հետ տարբեր ոլորտներում, եւ դա միշտ կարեւոր է եղել նաեւ տարածաշրջանային փոխհարաբերությունների տեսանկյունից:
Ա. Սեզերն ընդգծեց, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության մեջ համերաշխությունը կարող է լավ օրինակ ծառայել տարածաշրջանի բոլոր պետությունների համար: «Երկու եղբայր ժողովուրդների անվտանգության ապահովման համար գործընկերային ներդրումն առավել կընդլայնվի նոր նախագծերի իրագործման արդյունքում, որոնք կիրականացվեն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագծի հետ միասին: Վերջինս շահագործման է հանձնվելու մոտակա ամիսներին, եւ ես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հրավիրեցի դրա բացման առիթով տոնական միջոցառումներին մասնակցելու»,- նշեց թուրքական պետության ղեկավարը: Տնտեսական համագործակցության ոլորտում մոտակա հեռանկարների հարցը շոշափելով, Ա. Սեզերը հայտնեց նաեւ, որ երկու նախագահների միջեւ անցկացված հանդիպման ընթացքում ընդգծվեց Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի եւ Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու նախագծերն իրագործելու կողմերի վճռականությունը: Թուրքիայի նախագահն ընդգծեց, որ Ի. Ալիեւի հետ իր հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական եւ քաղաքական կապերի զարգացման հարցերը եւ տարածաշրջանային հակամարտությունների թեմաները: Մասնավորապես` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը: «Թուրքիան միշտ աջակցել է եւ այսուհետեւ կաջակցի այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը: Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը տեսնում ենք խաղաղ բանակցությունների ճանապարհով Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման համատեքստում»,- ասաց Ա. Սեզերը, եւս մեկ անգամ ընդգծելով, որ Անկարան պատրաստ է բոլոր անհրաժեշտ ջանքերը ներդնելու հայ-ադրբեջանական հակամարտության լուծման համար: Շոշափելով կիպրոսյան հիմնախնդրի կարգավորման հարցը, նա գոհունակություն արտահայտեց տվյալ թեմայի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումից: Մասնավորապես` թուրք-կիպրոսցիներին միջազգային մեկուսացումից հանելու առնչությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված միջոցներից: Իր հերթին, նախագահ Ալիեւը նշեց, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա. «Մենք կարեւոր նշանակություն ենք տալիս թուրք նախագահի այցելությանը: Վստահ եմ, որ Ահմեդ Նեջեթ Սեզերի այցը Բաքու` երկկողմ հարաբերությունների զարգացման նոր խթան կդառնա»:
Ի. Ալիեւը նաեւ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է մնում: «Մենք պայքարում ենք, որպեսզի այն լուծվի միջազգային իրավական նորմերի հիման վրա: Այսինքն, Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ, պայմանով, որ մեր փախստականները վերադառնան հարազատ հողեր: Այդ սկզբունքներն արտացոլում են ինչպես իրականությունը, այնպես էլ արդարությունը, եւ համապատասխանում են միջազգային իրավունքին»,- ընդգծեց Ի. Ալիեւը:
Նշենք, որ հայ-ադրբեջանական հակամարտության լուծման հարցերն առավել սուր էին դրված երկու նախագահների հանդիպման օրակարգում: «Տվյալ դեպքում Թուրքիան միշտ գտնվում է Ադրբեջանի կողքին եւ աջակցում է նրան: Այդ աջակցությունը շատ կարեւոր է մեզ համար: Թուրքիայի դիրքորոշումն արդարացի է, եւ Ադրբեջանը երախտապարտ է նրան դրա համար»,- ընդգծեց Ի. Ալիեւը:
Ի. Ալիեւը հաղորդեց, որ իր թուրք գործընկերոջ հետ բանակցությունները վերաբերում էին նաեւ միջտարածաշրջանային նախագծերին, մասնավորապես, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան արտահանող խողովակաշարի եւ Հարավ-Կովկասյան գազատարի շինարարությանը: Ադրբեջանի նախագահի խոսքերով, այդ օբյեկտները հաջողությամբ կառուցվում են եւ արդեն այս տարի շահագործման կհանձնվեն: Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երթուղով երկաթուղային հաղորդակցության բացման հարցին անդրադառնալով, Ի. Ալիեւը նշեց, որ «կողմերը դրա վերաբերյալ տարակարծություններ չունեն»: «Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանն ակտիվ մասնակցություն կունենան նախագծում, եւ մենք հույս ունենք հաջողության հասնել»,- նշեց Ի. Ալիեւը:
Այնուամենայնիվ, չի կարելի ուշադրություն չդարձնել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ փոխհարաբերությունների որոշ նրբություններին: Սկսենք նրանից, որ Հյուսիսային Կիպրոսը միջազգային մեկուսացումից դուրս բերելու առնչությամբ Ադրբեջանի քայլերն այսօր լուրջ խնդիրներ են ստեղծում պաշտոնական Բաքվի համար` արդեն Եվրամիության հետ փոխհարաբերություններում, եւ արգելակում են այդ միջազգային կազմակերպության հետ համագործակցության գործողությունների ծրագրի հաստատման վերաբերյալ բանակցությունները: Հարավային, այսինքն` հունական Կիպրոսը պաշտոնական Բաքվից գրավոր երաշխիքներ է պահանջում այն բանի վերաբերյալ, որ Ադրբեջանը երբեք չի ճանաչի թուրքական Կիպրոսի պետական անկախությունը: Հակառակ դեպքում հույները սպառնում են շրջափակել «Նոր հարեւանության քաղաքականություն» ծրագրում Ադրբեջանի ներգրավումը:
Ադրբեջանի տնտեսության մեջ թուրքական ներդրումների հարցում էլ ժամանակն է փոխել շեշտադրումները: Նախ` արդեն հիմա կարելի է խոսել ոչ միայն Ադրբեջանում թուրքական ներդրումների մասին, այլեւ թուրքական տնտեսության մեջ ադրբեջանական ներդրումների մասին, չնայած եւ, մասամբ՝ ստվերային: Երկրորդը. մոտակա ժամանակներում թուրքական տնտեսության մեջ ներդրումներ անելու Ադրբեջանի հնարավորություններն անհամեմատ կգերակշռեն թուրքական կողմի ռեսուրսներին: Եվ վերջապես, ամեն ինչ այնքան էլ անամպ չէ ղարաբաղյան կարգավորման հարցում: Թուրքական պաշտոնական անձինք մշտապես եւ միաձայն վստահեցնում էին, որ Հայաստանի հետ սահմանները կբացեն միայն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումից հետո, չնայած մեր թերթը բազմիցս գրել է, որ պաշտոնական Անկարային Երեւանի հետ փոխհարաբերություններում ունեցած սեփական խնդիրներն էլ են բավական: Այդպես էլ եղավ: «Միջազգային դիտորդները սպասում են, որ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանները»,- հայտարարեց Թուրքիայի արտաքին կապերի հարցերով վարչապետի խորհրդական, թուրքական խորհրդարանի պատգամավոր Էղեմեն Բաղիշը, ելույթ ունենալով Նյու Յորքի Արտաքին կապերի հարցերով խորհրդում: «Մենք Հայաստանին ընդունում ենք որպես ինքնուրույն պետություն: Մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, բայց մենք հարգում ենք նրանց (հայերի) անկախության իրավունքը հավասարապես՝ ինչպես նախկին բոլոր խորհրդային հանրապետությունների»,- ասաց նա: Թուրքիայի վարչապետի խորհրդականը նշեց, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանները չի բացում եւ չի հաստատում դիվանագիտական հարաբերություններ, «քանի որ Հայաստանը չի ընդունում Թուրքիայի հետ այդ սահմանները»: «Հայաստանի Սահմանադրությունը կոչ է անում չընդունել Թուրքիայի հետ սահմանները»,- նկատել է Բաղիշը:
Այսպիսով, թուրք-հայկական սահմանների բացման նկատմամբ Անկարայի պաշտոնական վերաբերմունքը կախված է նաեւ արտաքին քաղաքական իրադրությունից: Այսինքն, այն փոփոխվում է «սպառման» առարկայից կախված: Երբ հայտարարությունները հասցեագրված են Ադրբեջանին, Անկարան «հիշում է» ղարաբաղյան հակամարտության մասին, իսկ երբ անհրաժեշտ է Արեւմուտքում հիմնավորել Երեւանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելուց հրաժարվելը, որպես փաստարկ օգտագործվում է Հայաստանի կողմից Թուրքիայի տարածքային ամբողջականության չընդունումը: Այդ պատճառով էլ առանձնապես հարկ չկա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ փոխհարաբերությունները կապել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը, որպեսզի մեր վրա լրացուցիչ պարտականություններ չվերցնենք, նույնիսկ՝ եղբայրական երկրի առջեւ: Որպես եզրահանգում նշենք, որ Թուրքիայի նախագահի այցն Ադրբեջան սկզբում նշանակված էր այս տարվա հունվարի 25-26-ին, բայց եղանակային վատ պայմանների պատճառով կայացավ երեկ: Այսօր Ա. Սեզերը կհանդիպի ադրբեջանական կառավարության ղեկավար Արթուր Ռասիզադեի հետ եւ կայցելի Հեյդար Ալիեւի հիմնադրամ: Այսքանով թուրքական նախագահի այցն Ադրբեջան կավարտվի:
www.mediadialogue.org