«Պլաստիկ վիրահատությունը հարուստ խավի համար է»

15/04/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մասնագետների դիտարկմամբ, վերջին ութ տարիների ընթացքում Հայաստանում պլաստիկ վիրահատությունները վերելք են ապրում։ Ապրիլի 12-14-ը Երեւանում տեղի է ունենում պլաստիկ վիրահատությանը նվիրված միջազգային 5-րդ գիտաժողովը, որի աշխատանքներին մասնակցում են աշխարհի գրեթե բոլոր ծայրերից ժամանած անվանի վիրաբույժներ, պրոֆեսորներ` ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Եգիպտոս, Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն, Վրաստան, Կիրգիզիա եւ այլն։

Ըստ «Պլաստիկ վերականգնողական եւ էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ, Էրեբունի բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Սեթ Ղազարյանի, գիտաժողովը Հայաստանում հրավիրելու առաջարկն արվել է դեռեւս 2004 թվին, երբ Հայաստան էր այցելել ՌԴ պլաստիկ եւ վերականգնողական վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Նիկոլայ Միլանովը։ Նրա խոսքերով, նման կարեւոր կոնգրեսի մեր երկրում անցկացնելը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը վիրաբուժության այս ճյուղի իր ավանդույթներով եւ զարգացման տեմպերով տարածաշրջանում առաջատարներից է եւ չի զիջում նույնիսկ զարգացած երկրներին։ Գիտաժողովի նպատակն է` ծանոթանալ բնագավառի գիտական նվաճումներին, վերականգնել եւ ամրապնդել կապերը եւ ինտեգրվել Եվրոպական ասոցիացիային։ Պլաստիկ վերականգնողական առաջին վիրահատությունը Հայաստանում կատարվել է 1983-ին` Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում, իսկ էթնիկ վիրահատությունները` 1990-ականների սկզբներին` Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնում։ Ս. Ղազարյանի ասելով, եթե նախկինում հասարակության կողմից նման վիրահատություններն արժանանում էին պարսավանքի, ներկայումս վերաբերմունքը հիմնովին փոխվել է. պլաստիկայի դիմում են նույնիսկ ընտանիքներով` ասենք, կինը ցանկանում է վերացնել հետծննդաբերական տհաճ հետքերը, իսկ ամուսինը` ճաղատությունը։

«Երբ մենք սկսել էինք զբաղվել ճաղատության վերականգնման խնդրով, չէինք կարող պատկերացնել, թե Հայաստանում որքան ճաղատ կանայք կան»,- նշում է վիրաբույժը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ գոյություն ունի էսթետիկ վիրաբուժության այլընտրանքային տարբերակ` դերմատոկոսմետոլոգիա, հատուկ դեղամիջոցներ, որոնք ներարկվում են կնճիռների մեջ եւ երիտասարդացնում 10 տարով, սակայն դրանց ներգործությունը վեց ամիս է։ Պարզվում է, որ որոշ հայ կանայք որեւէ երեկույթի գեղեցիկ տեսքով ներկայանալու համար դիմում են նման բժշկական միջամտության։ Սակայն, ինչպես հավաստիացնում է Ս. Ղազարյանը, պլաստիկ վիրահատությունները թանկ հաճույք են ողջ աշխարհում. սովորաբար այն հարուստ խավի համար է։

Վիրաբույժը նաեւ կարծում է, որ վիրահատվել ցանկացողների շրջանում սխալ կանխակալ վերաբերմունք է ձեւավորված բժիշկների հանդեպ, վերջիններիս վերաբերվում են ինչպես «փայտիկով մարդու»։ Մինչդեռ, շատ հաճախ, հաջող վիրահատությունների ելքը որոշվում է ոչ թե բարձր տեխնոլոգիաներով եւ վիրաբույժի պրոֆեսիոնալիզմով, այլ հիվանդի դեմքի, մարմնի, ենթամաշկի կառուցվածքային առանձնահատկություններով։ «Բոլոր անհաջող վիրահատությունները հիվանդին հոգեբանորեն սխալ նախապատրաստելուց են»,- ասում է վիրաբույժը։

«Ամենահայկական քիթ – 2006»

Պլաստիկ էսթետիկ վիրահատությունից ամենատարածվածը Հայաստանում, անկասկած, քթի վիրահատություններն են։ Ըստ անթրոպոլոգ (մարդաբան) Նվարդ Քոչարի, պետք չէ հավատալ այն առասպելներին, թե մեր նախապապերը գեղեցիկ քթով են եղել, արմենոիդի քթի միջինացված կառուցվածքը ունեցել է հետեւյալ պատկերը` երկար, ուռուցիկ քթամեջ, կախված քթածայրեր եւ նեղ ու շեղ քթանցքեր։ 20-ամյա Նաիրա Բաղդասարյանը վերջերս է կատարել քթի պլաստիկ վիրահատություն։ «Ոչ միայն արտաքնապես, այլեւ հոգեբանորեն եմ փոխվել։ Սկզբնական շրջանում մի փոքր հիասթափվեցի` տեսնելով, որ իմ երազած «մոդելը» չի ստացվել, սակայն հետո հաշտվեցի` մտածելով, որ այն իմ դեմքին համապատասխանում է»,- ասում է նա։

Արդեն երրորդ տարին է` ինչ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության բաժանմունքի նախաձեռնությամբ անցկացվում է «Ամենահայկական քթի» անսովոր մրցույթը։ Բաժանմունքի վարիչ Կարեն Դանիելյանի խոսքերով, այս բարեգործական ակցիան նախատեսված է ուսանողության համար եւ կազմակերպվում է (անվճար կամ 75 եւ 50% զեղչով) ամռան ամիսներին, եւ մրցանակային տեղերը բաշխվում են ամենատգեղ ազգային առանձնահատկությունով օժտվածների միջեւ։ Նա նշում է, որ վիրահատվել ցանկացողների թիվը տարեցտարի ավելանում է, իսկ տարիքը տատանվում է 15-75 տարեկանների միջեւ։ Առջեւում «Ամենահայկական քիթ – 2006»-ն է։