Էրեբունի թանգարանի հարեւանությամբ գտնվող ավտոշուկայի տարածքում ականատես եղանք ՀՀ Գլխավոր դատախազության որոշ աշխատակիցների անհարգալից վերաբերմունքին` նշված տարածքում իրենց ծառայությունը կատարող Ոստիկանության ՊՊԾ գնդի եւ Երեւան քաղաքի ՊԱՏ բաժնի պետավտոտեսուչների նկատմամբ: ԳԱԶ 31-10 մակնիշի 001 ԼՍ 10 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոններն` երթեւեկելով հանդիպակաց ուղղությամբ, ավտոմեքենան կայանել էր կայանումը արգելող նշանի տակ: Ավելին, վարորդը, որը ներկայացավ ՀՀ Գլխավոր դատախազության աշխատակից, ավտոմեքենան վարում էր վարագուրապատման սահմանված կարգի կամ ապակիների գունամշակման ստանդարտների խախտմամբ, ինչն օրենքով սահմանում է` օրինազանցին ենթարկել վարչական պատասխանատվության: Քիչ անց ականատես եղանք, թե ինչպես «Chevrolet NIVA» մակնիշի 22 LL 292 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը` ավտոմեքենան վարելով համընթաց ուղղությամբ, խոչընդոտ հանդիսանալով հանդիպակաց ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների համար, ավտոմեքենան կայանեց հետիոտնի համար նախատեսված երթեւեկելի հատվածում` մայթի վրա: Ճանապարհային երթեւեկության կանոնները կոպիտ կերպով խախտող անձին փորձեցին կարգի հրավիրել իրենց ծառայությունը կատարող Ոստիկանության աշխատակիցները, սակայն օրինազանցը դեռ մի բան էլ սպառնաց. «Ես Գլխավոր դատախազության աշխատող եմ, ստեղ պիտի կայնեմ»: Ոստիկանների զգուշացմանը, թե տարածքում ներկա են նաեւ լրագրողներ, ովքեր հնարավոր է լուսանկարեն` վերջինս շտապեց վախեցնել. «Ովքեր դուխ կունենան լուսանկարել իմ ավտոմեքենան կամ իմ կողմից կատարված խախտումները` գործ կունենան դատ ու դատաստանի հետ»: Այդուհանդերձ, համարձակվում ենք տպագրել ՀՀ Գլխավոր դատախազության աշխատակից ներկայացած անձանց կողմից թույլ տված ճանապարհային երթեւեկության խախտումներն արձանագրած լուսանկարները` վստահ լինելով, որ դատ ու դատաստանի առաջ, որպես կանոն, կանգնում են օրինազանցները, ոչ թե դրանք լուսաբանողները: