Ներդրումների քողի տակ

15/04/2006

Հիշենք անկախացման սկզբնական տարիները, երբ ԱՊՀ էին գալիս տարբեր օտարերկրյա կազմակերպություններ՝ «ներդրումների» դրոշի տակ թաքնված: Բայց այսօր կարծես այդ ընկերություններն այնքան էլ չեն հուզում հասարակությանն ու համապատասխան մարմիններին: Այսօր Հայաստանում ավելի հաճախ խոսվում է հունական «ԱրմենՏելի», ռուսական «ՌԱՕ ԵԷՍ»-ի մասին, քան օրինակ, «Vision»-ի կամ «Օրիֆլեյմի»: Ի՞նչ է, նկատելի չէ՞, որ Հայաստանում այնպիսի թաղ չկա, որտեղ «Օրիֆլեյմի» մի քանի «դիստրիբյուտոր» կանայք չապրեն: Ցանցային մարքետինգի շնորհիվ այս ընկերությունը հայտնի է նույնիսկ օծանելիքի եւ կոսմետիկայի հետ առնչություն չունեցող անձանց: Հետեւաբար, այս ֆիրմաները, «Օրիֆլեյմի» օրինակով նույնպես մեծ դեր են խաղում մեր տնտեսության մեջ եւ հնարավոր է՝ ոչ միայն տնտեսության:

1967 թ. հիմնված շվեդական «Օրիֆլեյմ» ընկերությունը, որը 3 գործարաններ ունի Լեհաստանում, Հնդկաստանում եւ Շվեդիայում եւ մոտ 3000 մասնաճյուղեր ԱՊՀ-ում, այսօր տարեկան 500 մլն եվրոյից ավելի արտադրանք է թողարկում, որից 210 մլն-ը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին: Սկզբնական շրջանում այս ընկերության արտադրանքն իրացվում էր մեծածախ եւ մանրածախ առեւտրային կետերի միջոցով, իսկ հետո՝ միայն ուղղակի վաճառքի տեսքով: Պատահական չէ, որ ԱՊՀ-ում «Օրիֆլեյմի» «անկախ խորհրդատուների» թիվը գերազանցում է 800.000-ը: 2000թ. ընկերությունն ԱՊՀ-ում 2 մասնաճյուղ բացեց՝ Վրաստանում եւ Ղազախստանում, իսկ 2001-2002թթ. Երեւանում, Մինսկում, Աստանայում, Բիշքեկում, Տաշքենդում եւ Մոնղոլիայում բացվեցին «Օրիֆլեյմի» գրասենյակներ:

Ընկերությունը 1992թ. առաջինը մտավ ռուսական շուկա՝ Ռուսաստանի համար «մշուշոտ» ժամանակահատվածում, երբ իշխանության եկած «ժողովրդավարների» ամբողջ ուժերն ուղղված էին իրենց քաղաքական թշնամիներին թունավորելուն եւ պետական սեփականությունը զավթելուն: Բնականաբար, «Օրիֆլեյմը» միտք չուներ արտադրություն կազմակերպել ԱՊՀ-ում: Փոխարենը, սկսվեց մի «պատերազմ», որի նպատակը, փորձագետների կարծիքով, տեղական օծանելիքի արտադրությունը ֆինանսական ծանր դրության մեջ դնելն էր: Միաժամանակ, սպառողը հայտնի ֆիրմայի անվան տակ օգտվում էր չինական եւ լեհական արտադրության երկրորդ սորտի արտադրանքից: Ըստ էության, այս գործընթացն այսօր էլ շարունակվում է՝ միայն թե ավելի մեծ մասշտաբներով եւ ուղղակի ցանցային վաճառքների տեխնոլոգիայի կիրառմամբ, ինչը հնարավորություն է տալիս խուսափել հարկերից եւ օգտագործել տեղացի առեւտրականների «հնարավորությունները», որոնք չնչին գումարներով, դիտավորյալ կամ չգիտակցված խաբում են սպառողին եւ պետությանը:

Ռուսական ինտերնետային լրատվամիջոցներից մեկում հրապարակվել էր մի հոդված, որում վերլուծական տեղեկատվություն կար՝ ամենայն հավանականությամբ, պատրաստված հատուկ ծառայությունների կողմից: Դրանում ցույց էր տրված «Օրիֆլեյմի» գործունեության անօրինական բնույթը (հարկերից խուսափում, ստվերային մաքսային սխեմաներ, անորակ արտադրանք եւ այլն): Սակայն, այդ հրապարակումն իշխանությունների ուշադրությունը սեւեռում էր տարբեր արտասահմանյան առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների տանիքի տակ հնարավոր լրտեսության փաստի վրա: Նույն «Օրիֆլեյմի» ղեկավար պաշտոնները զբաղեցնում են ՆԱՏՕ-ի երկրների հատուկ ծառայությունների «նախկին աշխատակիցները»: Չի բացառվում, որ ֆինանսավորվելով դրսից եւ լավ տիրապետելով երկրի ներքաղաքական եւ տնտեսական ինֆորմացիաներին, հետապնդում են ավելին, քան տնտեսական շահերն են: Հատկապես այն դեպքում, երբ ուսումնասիրելով ընկերության գործարար ակտիվությունը՝ փորձագետները եկել են այն եզրակացության, որ ՌԴ-ում «Օրիֆլեյմը» վնասով է աշխատում: Իսկ ընկերության ղեկավարությունը հակառակն է պնդում՝ իբր, ԱՊՀ-ից ֆինանսական մուտքերն աճման միտում ունեն:

Այս առնչությամբ, վերջերս ՌԴ նախագահ Վ. Պուտինը, ելույթ ունենալով ԱԱԾ-ի կոլեգիայում, պարզ արտահայտվել է, որ պետք է առավել ուշադիր լինել այն հարցում, թե ովքեր են ֆինանսական օգնություն ստանում դրսից: Իսկ ռուսական լրատվամիջոցները համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրում են այն փաստի վրա, թե «Օրիֆլեյմի» նման ընկերություններն ինչ գործունեություն են ծավալում այնպիսի երկրներում, ինչպիսիք Վրաստանն, Ուզբեկստանն ու Հայաստանն են: Նույնիսկ վարկած կա, որ հենց այդ կազմակերպություններն են ֆինանսավորում «գունավոր» հեղափոխությունները:

Պատրաստեց Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆԸ