Ֆինանսիստը
Նավթի ապագա հայ արքան ծնվել է 1842թ. Թիֆլիսում: Մանթաշովի մանկությունն ու պատանեկությունն անցել են պարսկական Թավրիզ քաղաքում, որտեղ նրա հայրը զբաղվում էր գործվածքեղենի վաճառքով: Լինելով ընտանիքի միակ արու զավակը` Ալեքսանդրը մանկուց օգնում էր հորը առեւտրային գործերում:
1869թ. նա տեղափոխվում է Մանչեստեր, որն այդ ժամանակ մանուֆակտուրայի խոշոր կենտրոններից էր, որտեղից էլ հորը գործվածքեղեն է մատակարարում: Մանչեստերյան շրջանը կարեւոր դեր ունեցավ երիտասարդ Մանթաշովի ձեւավորման գործում, այստեղ նա ոչ միայն ծանոթացավ մանուֆակտուրային բիզնեսի այբուբենի հետ, այլ խորասուզվեց եվրոպական բիզնեսի բարդությունների մեջ, հաղորդակից դարձավ անգլիական մշակույթին: Մանթաշովը տիրապետում էր անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներին:
1872թ. հայր եւ որդի Մանթաշովները վերադառնում են Թիֆլիս: Էրիվանյան հրապարակի վրա գտնվող «Կովկաս» հյուրանոցի առաջին հարկում նրանք գործվածքեղենի խանութ են բացում, հետո` երկրորդը եւ սկսում են զբաղվել գործվածքեղենի մեծածախ առեւտրով: 1887թ., հոր մահից հետո, Ալեքսանդրը գնում է թիֆլիսյան առեւտրային բանկի արժեթղթերի մեծ մասը, որը կարեւոր դեր ուներ ողջ Կովկասի առեւտրում, եւ դառնում է նրա գլխավոր բաժնետերը, իսկ հետագայում զբաղեցնում է նաեւ բանկի ադմինիստրատիվ խորհրդի նախագահի պաշտոնը: Ի դեպ, «Տիմկոմ» բանկը Կովկասի միակ ֆինանսական հաստատությունն էր, որի արժեթղթերը գնահատվում էին Սանկտ Պետերբուրգյան բորսայում:
90-ականների սկզբին Մանթաշովն արդեն առաջին գիլդիայի վաճառական էր եւ Թիֆլիսի Քաղաքային դումայի իրավասու: Հենց այդ ժամանակ էլ նա սկսեց հետաքրքրվել նավթով: Նա ժամանակին նկատեց Բաքվի նավթարդյունաբերության զարգացման հեռանկարները:
Նավթարդյունաբերողը
Սա համաշխարհային նավթաբիզնեսի ձեւավորման շրջանն էր: Ընդերքային սեւ հեղուկը ձեռներեցներին անհավանական շահույթ եւ նոր հսկայական հեռանկարներ էր խոստանում: Անհրաժեշտ էր պարզապես փողեր ներդնել եւ հմտորեն կառավարել գործը: Հենց այդպես էլ արեց Մանթաշովը: Նրա գլխավոր հաշվապահի նախաձեռնությամբ ոչ մի թուղթ գործավարության մեջ չէր մտնում առանց «Աստծով» մակագրության:
Մանթաշովը ռիսկից չէր վախենում: Միքայել Արամյանցի հետ համատեղ գնված վնասաբեր նավթահորերը շատ շուտով սկսեցին շահույթ բերել: Նավթի վերամշակման համար մանթաշովյան ֆիրման Բաքվում կառուցեց կերոսինի եւ քսայուղերի գործարան, նավահանգիստ եւ էլեւատոր` նավթն ու մազութը պոմպով տեղափոխելու համար: Նրա ֆիրմային էին պատկանում Բաթումիում գտնվող տարաներ արտադրող գործարանը եւ նավթամբարը, Զաբրատում` մեխանիկական արհեստանոցը, Օդեսայում` նավթատար կայանը եւ 100 վագոն ցիստեռնները, որոնք շրջանառվում էին Ռուսաստանի հարավ-արեւմտյան երկաթուղային ճանապարհներում: Մանթաշովը Անգլիայում գնեց 3 տանկերներ, որոնցով նավթը Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա եւ այլ միջերկրածովյան երկրներ էր մատակարարվում:
1899թ. հիմնվեց «Ալ. Մանթաշով եւ Կո» առեւտրի տունը, որն անմիջապես ներկայացուցչություններ, գրասենյակներ եւ պահեստներ բացեց Եվրոպայի եւ Ասիայի ամենախոշոր քաղաքներում` Սմիռնեյում, Սալոնիկում, Կ.Պոլսում, Կահիրեում, Պորտ Սաիդում, Դամասկոսում, Լոնդոնում, Բոմբեյում եւ Շանհայում: Շուտով Մանթաշովը դառնում է մի շարք համաշխարհային նավթային ընկերությունների բաժնետեր, որոնց թվում էր «Նոբել եղբայրներ» ընկերությունը: Նավթի ընդհանուր պաշարների 51,3%-ն եւ Կասպից ծովի նավթի մնացորդների 66,8%-ը կենտրոնացված էին նրա ֆիրմայում: 1904թ. Բաքվի նավթն արդյունահանման ծավալով զիջում էր միայն «Նոբել եղբայրներին» եւ Ռոտշիլդ եղբայրների «Կասպիական սեւծովյան ընկերությանը»:
Մի անգամ, երբ Մանթաշովը ճանապարհորդում էր Վիեննա-Փարիզ գնացքով, նրա ուղեկիցը մի քչախոս մարդ էր: Մանթաշովի՝ նրա հետ զրույց տանելու բոլոր փորձերն ապարդյուն են անցնում: Եվ միայն, երբ խոսք է գնում Բաքվի նավթարդյունաբերության մասին, քչախոս ուղեկիցն աշխուժանում է: Զրույցի ընթացքում նա նավթահանման վերաբերյալ մի քանի մասնագիտական հարցեր է տալիս եւ իմիջիայլոց ասում, որ նրան Բաքվում հայտնի միակ մարդը Ալեքսանդր Մանթաշովն է: Մանթաշովը ժպտում է անծանոթին եւ ներկայանում: Դրանից հետո զրուցակիցն այլեւս չի խոսում: Մի քանի օր հետո Մանթաշովը հայտնի միլիոնատեր բարոն Ռոտշիլդի կողմից մակագրված աշխարհիկ ընդունելության հրավեր է ստանում: Այդ հրավերի երկտողից Մանթաշովը հասկացավ, թե ով էր իր քչախոս ուղեկիցը:
Մանթաշովը ֆինանսավորեց Բաքու-Բաթումի նավթամուղի շինարարությունը եւ 1907թ. կառուցեց աշխարհում առաջին 835 կմ երկարություն ունեցող նավթամուղը, իսկ բիզնեսմենին «նավթի արքա» հռչակեցին: 1899-1909թթ. նրա ընկերությունն իր հիմնական կապիտալի ծավալով (22 մլն ռուբլի) ամենախոշորն էր ռուսական արդյունաբերության մեջ:
Ասում են, մինչեւ նավթի հանք գտնելը Մանթաշովն անձամբ էր այն ուսումնասիրում: Նա գիտեր, որ հարուստ հանքատեղին անսպասելիորեն կարող է սպառվել եւ, հակառակը, անհեռանկարային հորատանցքից նավթի շատրվան խփել: Երկրաբանների, նավթագործ մասնագետների, ինժեներների շքախմբով շրջապատված, նա ուսումնասիրում էր հողակտորը, բազմաթիվ հարցեր էր տալիս, ուշադիր զննում էր հողի գույնը, փխրունությունը եւ այլն, մինչեւ անգամ հոտոտում էր այն: Հետաքրքրվում էր հարեւան հողակտորների վիճակով: Մեկ էլ հանկարծ կանգ էր առնում եւ ձեռնափայտը գետնին խփելով` ասում էր. «Հենց այստեղ էլ հորատեք»: Ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե ինչով էր պայմանավորված տվյալ կետի ընտրությունը: Սակայն նրա որոշումը միշտ վերջնական էր լինում: Իսկ ամենազարմանալին այն էր, որ երբ սկսում էին նրա նշած տեղում հորատել, գետնից նավթի շատրվան էր խփում:
Բարերարը
Մանթաշովի ժամանակակից, հայ դասական գրականության ներկայացուցիչ Ալեքսանդր Շիրվանզադեն այսպես է գրել նրա մասին. «Ոչ թե հսկայական գումարներն էին, այլ սիրտը. ահա թե ինչն էր, որ միակ եւ մեծագույն դերը ունեցավ Մանթաշովի բարեգործական գործունեության մեջ: Նա նվիրատվություններ էր անում ոչ թե սին փառասիրությունից ելնելով, կամ էլ որեւէ հետին մտքով, այլ միայն այն պատճառով, որ նրան այդպես էր թելադրում իր զգայուն հոգին, նրա բարեգործությունը իր մեջ իսկական քրիստոնյայի դրոշմ էր կրում: Ձախ ձեռքը չգիտե, թե աջն ինչ է տալիս»:
Տասներկու համախոհների հետ նա Թիֆլիսում հիմնում է «Կովկասի հայկական բարեգործական միությունը»: Նա Ներսիսյան հոգեւոր ճեմարանի կառուցման համար 300 հազ. ռուբլի է հատկացնում: 1910թ. նա Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին հանգանակում է 250 հազ. ռուբլի, որի միջոցներով կառուցվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայիս խորանը (շինարարությունն ավարտվեց 1914թ.):
Մանթաշովը ֆինանսավորեց հիսուն հայ տաղանդավոր երիտասարդների կրթությունը Ռուսաստանի եւ Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում: Նրանցից շատերը հետագայում զարգացրեցին հայկական մշակույթը եւ գիտությունը, նրանց թվում էր հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասը:
Սակայն Մանթաշովի ամենից աչքի ընկնող գործերից է Փարիզի Ժան Գուժոն փողոցի վրա գտնվող Սբ. Հովհաննես Մկրտչի եկեղեցին: Գործարարն այսպես է բացատրել հենց Փարիզում գտնվող հայկական եկեղեցու համար այդքան առատ հանգանակություն անելու իր քայլը. «Սա այն քաղաքն է, որտեղ ես ամենից շատ եմ մեղքեր գործել»: Սա սփյուռքի ամենագեղեցիկ հայկական եկեղեցին է: Դրա կառուցման համար 1904թ. Մանթաշովը ծախսել է 1 մլն 540 հազ. ֆրանկ, հետո հանձնել իր ժողովրդին: Այս գործի համար Ֆրանսիայի նախագահն Ալեքսանդր Մանթաշովին պարգեւատրել է «Պատվավոր լեգեոնի շքանշանով»:
Մարդը
Մանթաշովը չէր սիրում ի ցույց դնել իր հարստությունը եւ բավականին համեստ կյանք էր վարում: Նա ոսկի չէր սիրում եւ չէր էլ կրում, նրա միակ զարդը պիջակի գրպանի բնական ծաղիկն էր: Թիֆլիսում նա նույնիսկ սեփական կառք չուներ, քանի որ սիրում էր զբոսնել կամ էլ տրամվայով շրջել:
Պատմում են, որ զբոսանքների ժամանակ Մանթաշովն իր մոտ 20 ոսկե դրամ էր պահում, որը հավասար էր 5 ռուբլու: Ամեն անգամ Թիֆլիսի ռեալական քոլեջի մոտով անցնելիս նա, իբր պատահաբար, մոտենում էր կարիքի մեջ գտնվող աշակերտներին եւ հետաքրքրվում էր. «Ինչպե՞ս է հորդ առողջությունը: Անպայման կհաղորդես նրան իմ ողջույնը»: Իրականում այս ֆրազը քողարկում էր այն պահը, երբ Մանթաշովը, շրջապատի համար աննկատ եւ առանց զրուցակցի հպարտությունը վիրավորելու, նրա գրպանն էր դնում ոսկեդրամ: Դրա հետ մեկտեղ նա բավականին մարդամոտ, աշխույժ եւ կատակասեր անձնավորություն էր: Մի անգամ, երբ նա վճարում է սափրիչին, վերջինս նկատում է՝ «Ձեր տղան երկու անգամ շատ է տալիս»: Իսկ Մանթաշովն այսպես է պատասխանում. «Դե նա Մանթաշովի որդին է, իսկ ե՞ս ով եմ»:
Նրա նախասիրություններից էր թատրոնը: Հենց Մանթաշովի միջոցներով է կառուցվել «Պիտոեւյան թատրոնի» շենքը, որը ներկայումս կրում է Շոթա Ռուսթավելու անունը: Փարիզի «Academic National de Musiqe»-ում նա սեփական օթյակ ուներ: Մանթաշովը երազում Էր նմանատիպ մի թատրոն կառուցել Երեւանում, բայց չհասցրեց: Հայկական ֆիլհարմոնիկ փոքրիկ դահլիճը քաղաքին արված նրա նվերն է:
Ալեքսանդր Մանթաշովը մահացել է 1911թ. ապրիլի 19-ին, Սանկտ Պետերբուրգում: Հինգ օր հետո նրա մարմինը տեղափոխել են Թիֆլիս: Նրան հուղարկավորել են կնոջ կողքին, Վիեննական տաճարի դամբարանում, որի գխավոր եկեղեցիներից մեկի վերականգնումը կատարվել էր նրա հանգանակության շնորհիվ:
Պատրաստեց Կամո ՄԱՅԻԼՅԱՆԸ