Մեր աղբյուրների համաձայն, 2006թ. հունվարի 1-ից ապրիլի 6-ը ՀՀ-ում կատարվել է սպանության եւ սպանության փորձի 39 դեպք, որից 21-ը մահացել են, 18-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ կատարված հանցագործություններից 32-ի դեպքում կատարողները եղել են ոչ սթափ վիճակում:
Ապրիլի 5-ին Կ. Ուլնեցու փողոցի 76 շենքի 14 բնակարանում հայտնաբերվում են տարեց ամուսիններ` Ա. Գրիգորյանի եւ Պ. Մանուկյանի խոշտանգված դիակները: Անհայտ հանցագործը բութ գործիքով հարվածել էր ամուսինների գլխներին` պատճառելով սալջարդի բազմաթիվ վնասվածքներ: Դատափորձաքննության արդյունքում պարզվել է, որ մոլագարը սպանությունը կատարելուց հետո անդամահատել եւ խոշտանգման էր ենթարկել տարեց ամուսինների դիակները, սառնասրտորեն կտրել էր ամուսնու սեռական օրգաններն ու կնոջ նստատեղը: Նույն օրը Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները սպանություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկում սպանված ամուսինների փեսային, ոչ մի տեղ չաշխատող, նույն հասցեում բնակվող` 1954թ. ծնվ. Սերյոժա Մխիթարյանին: Պարզվում է` վերջինս, լինելով ոչ սթափ վիճակում, կենցաղային հարցերի շուրջ նախ վիճաբանում, ապա բութ գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցնում տարեց ամուսիններին: Որոշ ժամանակ անց ձեռքն է վերցնում խոհանոցային դանակն ու սառնասրտորեն անդամահատում արդեն մահացած իր զոհերի դիակները: Կատարված սահմռկեցուցիչ ու դաժան հանցագործության հանգամանքները պարզվում են Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների Դատախազությունում: Հարուցվել է քրգործ` ՀՀ Քրօր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերի հատկանիշներով, որը նախատեսում է պատիժ` 8-15 տարի կամ ցմահ ազատազրկում: Մեր տեղեկություններով, նախատեսվում է մոլագարին ենթարկել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության, որը կատարվելու է «Նուբարաշենի» հանրապետական հոգեբուժական հիվանդանոցում:
Իսկ մարտի 21-ին, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմում 1946թ. ծնվ. Կոնստանտին Նուրդինը եւ հայտնում, որ նախորդ գիշերը խանութում գնումներ կատարելու ժամանակ ծանոթացել է իրեն անծանոթ 2 երիտասարդների հետ, ապա նրանց հրավիրել իր տուն, որտեղ որոշ ժամանակ կերուխում են անցկացրել, իսկ հետո անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրեն, տակնուվրա արել բնակարանը, սակայն, ոչինչ չգտնելով, դատարկաձեռն հեռացել են: Նուրդինին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Մարտի 29-ին ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման է ենթարկվում Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ Արման Այվազյանը (ծնված 1989թ.)։ Կատարված առերեսման ժամանակ դաժանաբար ծեծի ենթարկված Կ. Նուրդինը ճանաչում է նույն սեղանի շուրջ կերուխումի մասնակից Ա. Այվազյանին: Վերջինս արդարանում է, թե ավազակային հարձակման գաղափարը պլանավորվել է աստիճանաբար, կենացներին զուգահեռ, թմրած ուղեղով, երբ բնակարանի տերը հարբած վիճակում սկսել է իրեն եւ իր ընկերոջը հայհոյել եւ վախեցնել, թե ինքը տանը 10.000 ԱՄՆ դոլար ունի եւ որ ցանկացած պահի իրենց նմաններին «կառնի ու կծախի»: Արդյունքում ընկերոջ հետ որոշում են տիրանալ գումարին։ Ծեծի են ենթարկում «հյուրասեր» Նուրդինին, կապում ձեռքերն ու ոտքերը, բնակարանը տակնուվրա անում, սակայն ոչինչ չգտնելով` ձեռնունայն հեռանում: Այվազյանը կալանավորված է: Ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ` մյուս հանցակցի` ոմն Մրդոյի անձը պարզելու եւ բերման ենթարկելու ուղղությամբ: