Կիրակի օրը հանրահավաք էր կազմակերպել Տիգրան Կարապետիչը, որը ժողովրդին համոզում էր, թե նրանց տնից հանել էր «հայրենասիրության մասին» միասին զրուցելու համար: Միայն առաջին հայացքից էր անիմաստ թվում Կարապետիչի «ազգանվեր» նախաձեռնությունը, որովհետեւ իրականում Կարապետիչն իր հանրահավաքով փորձում էր ինչ-որ մարդկանց ցույց տալ իր էլեկտորատի չափը, որն իր կազմակերպած մոմավառության ու եթերում երգուպարի ողջ ընթացքում իր կողքին է եղել։ Նա ուզում էր որոշ անհավատների ցույց տալ, որ ժողովուրդը մեծ թափով կարձագանքի իր ցանկացած կանչին: Իրականում այդ հանրահավաքը որոշակի հաշվետվություն էր իշխանություններին ու քաղաքական ուժերին, թե քանի ձայն ունի նա եւ քանի ձայն կարող է ապահովել առաջիկա ընտրություններին: Բնականաբար, ոչ ոք չի հավատում, որ Կարապետովիչը «ժողովրդի հետ հայրենասիրության մասին խոսելու» նպատակով մարդկանց կհանի փողոց, երբ նա իր ուզած թեմայով ցանկացած օր` սրտի ուզած ժամին ու ժամաքանակով կարող է խոսել իր տրամադրության տակ գտնվող հեռուստաընկերության եթերից։ Սակայն, դատելով հանրահավաքի մասնակիցների քանակից՝ Կարապետովիչը պետք է որ հուսահատված ու հիասթափված լինի։ Նա կարողացել էր հավաքել ընդամենը 3500-4000 մարդ:
Առաջիկայում կուսակցություններից շատերը միտինգային նախաձեռնություններով հանդես կգան: Դրանցից մի քանիսը խնդիր ունեն իշխանություններին ցուցադրելու առաջիկա ընտրություններին իրենց «ձայները», էլեկտորատը, այլ խոսքով, թե «քանիսանոց տղերք են», մի քանիսն էլ խնդիր ունեն իրենց «հնարավորություններն ու կարողությունները ցուցադրել», ասենք, ԱՄՆ-ին, ՌԴ-ին… Օրինակ, մեր տեղեկություններով, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ամիսներ առաջ ամերիկացի քաղաքական գործիչներից մեկի մոտ հպարտացել էր, թե ապացուցելու համար, որ իր էլեկտորատն ամենամեծն է, կարող է «Օրինաց երկրի» «մայկաներով» հազարավոր մարդկանց դուրս բերել փողոց: Սա էլ ձեւ է: Բայց, ցավոք, ամերիկացիները չեն հետաքրքրվել, թե քանիսո՞վ է
Ա. Բաղդասարյանը մարդկանց հագցնելու այդ «մայկաները»: «Օրինաց երկիրն» իր պաշտոնաթերթը, որքան հայտնի է, տպագրում է 30.000 տպաքանակով եւ անվճար բաժանում: Չենք զարմանա, եթե մի օր էլ Արթուր Բաղդասարյանն ասի, թե 30.000 մարդ կա իր հետեւից գնացող: Ինչեւէ, հանրահավաքների սեզոնը բացվեց Տիգրան Կարապետիչով: Տեսնենք` ով է լինելու հաջորդ հաշվետուն: