Վայր է դրել մանդատը

12/04/2006

ԱԺ ՄԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Պողոսյանը երեկ իր դիմումի համաձայն դադարեցրեց իր պատգամավորական լիազորությունները: Նա իր այդ քայլը մեկնաբանել է այլ աշխատանքի անցնելու ցանկությամբ: Խոստովանենք, որ սա մեր ԱԺ պատմության մեջ աննախադեպ երեւույթ է: «Մինչեւ ընտրվելը ես եղել եմ «Մշակ» ՓԲԸ նախագահ: Այդ ընկերությունը գիտատեխնիկական ոլորտում գործող բարձր տեխնոլոգիաների ընկերություն է: Այն ինձնից բավական լուրջ ժամանակ է խլելու: Ուստի որոշեցի դիմել այդ քայլին: Նաեւ` որպեսզի ճիշտ լինեմ օրենքի առաջ»,- մեզ հետ զրույցում ասաց Լ. Պողոսյանը: Չէ՞ որ ՀՀ այլեւս նախկին Սահմանադրությունը եւս արգելում էր պատգամավորներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, ինչո՞ւ ինքն այդ ժամանակ վայր չդրեց իր մանդատը: «Ես բաժնետեր եմ, հիմա ավելի շատ ժամանակ եմ որոշել տրամադրել. «բաժնետոմսերը հաշվելու համար»,- կատակեց նա: Նկատենք, որ այսօր պատգամավորների գերակշիռ մասը զբաղվում է բիզնեսով, համաձայն օրենքի, նրանք էլ կամ պետք է վայր դնեն մանդատը, կամ թողնեն իրենց բիզնեսը: Արթուր Բաղդասարյանն էլ այս առնչությամբ ասաց. «Որքան տեղյակ եմ, մյուս պատգամավորները դուրս են եկել բիզնեսից: Եթե մի քանի հոգի դուրս են եկել, ապա մյուսներն էլ պարտավոր են օրենքին ենթարկվել»,- ասաց Ա. Բաղդասարյանը: Թե ով է փոխարինելու Լ. Պողոսյանին՝ դեռեւս հայտնի չէ: ՄԱԿ համամասնական ցուցակում հաջորդը ոմն Արմեն Ալավերդյանն է: Սակայն ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը վստահեցրեց, որ իրենք այդ հարցին կպատասխանեն կուսակցությունում քննարկելուց հետո միայն:

Ա.Գ.