4000 ձայն Կարապետիչին

12/04/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Անտեղյակներին տեղեկացնենք, որ ԺԿ ղեկավարը Տիգրան Կարապետյանն է` նույն ինքը` ԱԼՄ հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետիչը: Հետաքրքիր է, այդ ի՞նչ էր ուզում հանրությանն ասել ԱԼՄ-ի ղեկավարը, որ չէր կարողացել ասել իր հեռուստաընկերության եթերից ու ստիպված հանրահավաք էր հրավիրել: Պարզվեց, որ հանրահավաքը հրավիրվել էր հայրենասիրության մասին խոսելու նպատակով, համենայնդեպս, հանրահավաքի սկզբում այդպես հայտարարվեց այն վարողի կողմից: Հարկ է նշել, որ վերոնշյալ հանրահավաքում, որն իրենց ներկայությամբ պատվել էին ԱԼՄ-ի բազմաթիվ դափնեկիրներ` մոտ հազարի հասնող զմրուխտներ, ադամանդներ ու ասմունքի եւ երգարվեստի բնագավառի հանրաճանաչ այլ դեմքեր, մի քանի «բացահայտումներ» եղան: Հանրահավաքի հենց սկզբից պարզ դարձավ, որ հայրենի ընդդիմադիրները նենգորեն ստում են` հայտարարելով, թե հեռուստաեթերը փակ է իրենց համար: Ավելին, պարզվում է, որ հայրենի ընդդիմությունը սեփական մի ամբողջ հեռուստաընկերություն ունի: Բանն այն է, որ Տիգրան Կարապետիչի գլխավորած ԺԿ-ն որոշել է կենտրոնամետության թիթիզությունները դնել մի կողմ ու անցնել ընդդիմադիր դաշտ: Հիմա մեր իշխանությունները միջազգային հանրության առջեւ կարող են պարզերես հայտարարել, թե նախօրեին Հայաստանում կտրուկ աճ է գրանցվել նաեւ ժողովրդավարության բնագավառում: «Պետք է ի սկզբանե հայտարարենք ձեզ մեր դիրքորոշումը. հարգելիներս, մենք ընդդիմադիրներ ենք»,- դիմելով ներկաներին` հանրահավաքում իր ելույթի սկզբում հայտարարեց Տ. Կարապետյանը: Ավետաբեր այս հայտարարությանը հետեւեցին ներկաների բուռն ծափահարությունները, սակայն հռետորը շտապեց ավելացնել, որ իրենց ընդդիմադիր կեցվածքը կառուցողական է: Թե հատկապես ինչի՞ն, եւ ինչո՞ւ են ընդդիմադիր, մնում է միայն ենթադրել, քանզի այդ մասին խոսք չեղավ: Ինչեւէ, իր ելույթի մեջ Կարապետիչը նաեւ նշեց, որ «յուրաքանչյուր պրոբլեմ, յուրաքանչյուր խցանում, որը մեզ մտահոգում է, որը չի թողնում զարգանալ մեր պետականությանը, առաջընթաց ունենալ, մեզ մտահոգում է»: ԺԿ-ին ու մասնավորապես Տ. Կարապետյանին մտահոգում է ժողովրդի ցավը, աղքատիկ կենսաթոշակները, մենաշնորհը…: Ըստ Տ. Կարապետյանի, մենաշնորհը, առանց հաշվի առնելու, որ մենք անցումային փուլում ենք գտնվում ու զարգացման համար մեզ գումարներ են պետք, Հայաստանից «մեծ ու մեծ գումարներ է արտահանում», ինչը Տ. Կարապետյանի գնահատմամբ` կողոպուտ է: Դե քանի որ նախընտրական տարի է, հայրենասիրության մասին խոսելու նպատակով հրավիրված հանրահավաքի ժամանակ Տ. Կարապետիչը խոսեց նաեւ ժողովրդահաճո այլ բաների մասին: Ինչեւէ, խոսելով ավանդների փոխհատուցման մասին, նա «ավանդների խնդիրը» որակեց կիսամիջոց եւ խաբեբայություն: «Չի կարելի հասնել այն պայմաններին, որ ժառանգը չի կարող ստանալ ծնողի գումարը: Դուք պատկերացրեք` ի՞նչ է ստացվելու հիմա. երիտասարդները պետք է դողդողալով երկարացնեն իրենց ծերերի կյանքը, որ հասնի հերթը, որ իրենք գումար ստանան: Դա անընդունելի է հայի համար»,- հայտարարեց Տ. Կարապետյանը` ավելացնելով, թե գումարով չպետք է մտահոգված լինենք մեր տարեցների մասին, այլ այդ մտահոգությունը պետք է հոգուց բխի: Հայրենասիրության ծիրին մեջ տեղի ունեցող հանրահավաքն աչքի ընկավ ասելիքի բացակայությամբ: Ելույթ ունեցող բոլոր 3-4 հռետորներն էլ տարբեր ձեւակերպումներով, շարունակ, ըստ էության, մի բան էին ասում. «շատ ու շատ խնդիրներ կան, որոնք մեզ այսօր մտահոգում են, եւ մենք պատրաստ ենք կանգնել ժողովրդի կողքին: Եվ այսօր մենք հավաքվել ենք, որ ասենք, որ մենք կանք»: Թեեւ պետք է նշել, որ Տիգրան Կարապետիչը ներկաներին նաեւ բացատրում էր, որ եթե «մենք չստեղծենք քաղաքացիական հասարակություն, չենք կարող լինել միավոր»: «Քաղաքում հազարավոր պրոբլեմներ կան, եւ մենք պետք է այսօր հավաքվենք եւ խոսենք այդ մասին: Ոչ մեկը մեր տեղն այդ բանը չի անի»,- հայտարարեց ԱԼՄ-ի ղեկավարն ու ավելացրեց, թե իրենց համար անընդունելի է, երբ «ցանկանում են էներգետիկ կախման մեջ դնել»: Այն, որ իրենց ասելիքը ԺԿ-ն ու մասնավորապես Տ. Կարապետիչը շատ ավելի արդյունավետ ու հարմար ճանապարհով կարող են հասցնել հանրությանը, փաստ է: Հետեւաբար, պետք էր ենթադրել, որ հանրահավաքը հրավիրվում է, որպեսզի ինչ-որ գործնական շարունակություն ունենա: Ու քանի որ մեր ընդդիմադիրների սիրած «գործողությունն» էլ Բաղրամյան փողոց գնալն է, դե Կարապետիչն էլ այլեւս ընդդիմադիր է, չէր բացառվում, որ ներկաներին կառաջարկվի գնալ Բաղրամյան փողոց: Սակայն, ինչպես իր ելույթում նշեց Տ. Կարապետյանը, իրենք չեն առաջարկում գնալ Բաղրամյան փողոց, այլ առաջարկում են գիտակցել, որ «մեզնից է կախված վաղվա օրը»: «Մենք պետք է գիտակցենք, որ այս հնարավորությունը մեզ տրվում է, որ մենք կարողանանք համախմբվել, բռունցքավորվել եւ ցույց տալ մեր ներուժը: Եկեք հենց այստեղ, այս վայրկյանին ցույց տանք մեր կոչով, որ կա բարի դաշտ»,- ներկաներին կոչ արեց Տ. Կարապետյանը, ինչին հաջորդեցին «բարի դա՜շտ, բարի դա՜շտ» անհասկանալի բառակապակցության վանկարկումները: «Այսօր Ծաղկազարդ տոնն է, տեսեք ինչ եղանակ է: Ամեն ինչ մեզ հուշում է, որ պետք է միասին լինենք: Ես միշտ կլինեմ ձեզ հետ: Միշտ կարող եք գտնել մեզ մոտ մեր խոսքը, մեր բռունցքը, մեր ձեռքը»,- այսպես եզրափակեց իր ելույթը Տ. Կարապետյանը: