Ժիրինովսկուն լուրջ են ընդունում

12/04/2006

Ինչպես տեղեկացրել էինք «168 Ժամի» նախորդ համարում, Վլադիմիր Ժիրինովսկու գլխավորած «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցությունն ապրիլի 24-25-ին Մոսկվայում կազմակերպում է «Հայրենասիրական կուսակցությունների համաշխարհային կոնգրեսի» երրորդ համագումարը, որին Հայաստանից, ըստ մեր տեղեկությունների, հրավիրված են կոալիցիայի մաս կազմող ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը, ինչպես նաեւ Վազգեն Մանուկյանի ղեկավարած ԱԺՄ-ն: Ընդ որում, վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իր կուսակցությունը նախորդ երկու համագումարներին էլ է մասնակցել: Այս հայտարարությանն արձագանքեց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: «Կոնգրեսի նախորդ երկու համագումարներին ես անձամբ մասնակցել եմ` ատենապետի մակարդակով ներկայացնելով ՀՌԱԿ-ը: Եվ 2 տարի այնտեղ ոչ մի հայաստանյան կուսակցության լիդերի չեմ հանդիպել»,- ասաց ՀՌԱԿ ատենապետը: Նրա խոսքերով, քանի որ միշտ համագումարներն անցկացվել են ապրիլի 24-ին, ինքը «ստիպել» է, որ բոլորը 1 րոպե լռությամբ հարգեն Եղեռնի զոհերի հիշատակը: «Դեռ ավելին, ես Ժիրինովսկու հետ պայմանավորվածություն ունեի, որ կոնգրեսի երրորդ համագումարը պետք է անցկացվեր Հայաստանում, սակայն Ռուսաստանի նախկին դեսպան Անատոլի Դրյուկովի խարդավանքների պատճառով դա չիրականացավ»,- նշեց Հ. Առաքելյանը: Իսկ այս տարի ՀՌԱԿ-ը մասնակցելո՞ւ է այդ միջոցառմանը: «Պատասխանել ենք, որ մասնակցելու ենք, սակայն դեռ չգիտենք: Թող Վազգեն Մանուկյանը գնա ու ստիպի, որ հարգեն Եղեռնի զոհերի հիշատակը»,- ասաց ՀՌԱԿ ատենապետը: Ի դեպ, վերջինից փորձեցինք պարզել նաեւ, թե ինչ է նշանակում «հայրենասիրական կուսակցություն»: «Հիտլերն ու Մուսոլինին նույնպես հայրենասերներ էին, սակայն պատրիոտը պետք է ճանաչի իր երկրի սահմանները եւ դրանցից դուրս չգա»,- պատասխանեց Հ. Առաքելյանը: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հրավերին, ապա հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել էր, որ ինքը «կոնկրետ հրավեր դեռ չի ստացել եւ նման ինֆորմացիա չունի»: Սակայն, ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանը մեզ վստահեցրեց, որ կուսակցությունը հրավիրված է «հայրենասերների» կոնգրեսին, եւ «ամենայն հավանականությամբ, կմասնակցի»: Այսինքն, Գ. Սահակյանը կամ տեղյակ չէ ՀՀԿ հրավերներից, կամ էլ խուսափում է ընդունել այն փաստը, որ հայաստանյան «հայրենասերների» ցուցակը որոշում է ՌԴ ԱԳՆ-ն կամ էլ Ժիրինովսկին: ՌԴ Պետդումայի փոխնախագահ Վլադիմիր Վոլֆովիչը, որը պատրիոտ երեւալու համար հրաժարվում է իր հոր ազգությունից (հիշեցնենք, որ նրա հայրը հրեա է), Ռուսաստանում նստած` եզրակացություններ է անում, թե Հայաստանում ովքե՞ր եւ ի՞նչ սկզբունքներով են «հայրենասեր» համարվում: Ամենազարմանալին, սակայն, այն է, որ Հայաստանում Ժիրինովսկուն ու նրա հրավիրած ոչինչ չասող «Հայրենասիրական կուսակցությունների համաշխարհային կոնգրեսին» մերոնք այնքան լուրջ են վերաբերվում, որ դեռ քննարկում են նրա հրավերը: Հետաքրքիր է՝ ինքը` Ժիրինովսկին, հայրենասե՞ր է: Ի՞նչ կարծիք ունի այս հարցի վերաբերյալ ՌԴ սովորական քաղաքացին: Իսկ մենք կարծում էինք, որ Ժիրինովսկուն Հայաստանում միայն Սարգիս Ասատրյանն է լուրջ ընդունում:

Կ.Թ.