Մեծ աղմուկ ոչնչի՞ց

12/04/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Այնուամենայնիվ, փոքր-ինչ անհավատալի է, որ «Գազպրոմի» նման լուրջ ընկերությունը կարող է այդպիսի անպատասխանատու վերաբերմունք ունենալ իր պաշտոնական կայքէջում տեղադրվող ինֆորմացիայի նկատմամբ։ Իսկ այդ մի նախադասության վրա հիմնվելով՝ բոլորը սկսել են դատողություններ անել։ Օրինակ, հանրահայտ «The New York Times»-ը մեջբերում է նավթի եւ գազի գծով փորձագետ Ռոման Էլագինի խոսքերը. «Հայաստանն արդյունավետորեն վաճառեց էներգիայի աղբյուրների հետ կապված իր ապագա հեռանկարները՝ ներկայիս ցածր գնի դիմաց։ «Գազպրոմը» ներկայումս Հայաստանի միակ գազ մատակարարողն է։ Հայաստանը կարող էր դիվերսիֆիկացնել իր մատակարարման ուղիները։ Սակայն վերահսկելով գազամուղը՝ «Գազպրոմը» վերահսկում է նաեւ իր մրցակցի մատակարարումը»։

Հիմա մերոնք ասում են՝ թյուրիմացություն է եղել, եւ «Գազպրոմն» իր կայքէջից հանել է գազամուղին վերաբերող այդ հատվածը։ «Ռեգնումի» հավաստմամբ, այս ընկերությունից պատասխանել են, թե տեղի է ունեցել պարզապես «ձեւակերպման շտկում»։ Իսկ այն լուրը, թե Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկից բացի, «ՀայՌուսգազարդին» են անցնելու նաեւ ՀՀ գազի համակարգի այլ օբյեկտներ, ռուսական ընկերությունը որեւէ կերպ չի մեկնաբանել։ «The New York Times»-ի հոդվածի հեղինակը՝ Էնդրյու Կրամերը, փորձել է մեկնաբանություններ ստանալ «Գազպրոմից»՝ արդյոք գազամուղը ձեռքբերելով` ընկերությունը նպատակ ունի՞ բացառել մրցակցությունը։ «Գազպրոմի» խոսնակը հավաստիացրել է, որ իրենք մտադրություն չունեն արգելք հանդիսանալ իրանական գազի արտահանմանը, եւ հռետորական հարց է ուղղել՝ ինչո՞ւ պետք է ձեռք բերենք գազամուղը եւ այն չաշխատեցնենք։ Սա նշանակո՞ւմ է, որ «Գազպրոմի» խոսնակն անուղղակիորեն հաստատել է լուրերը, թե ընկերությունը վերահսկողություն է ձեռք բերել գազամուղի նկատմամբ: Դժվար է ասել։ Սակայն ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի այն փաստարկը, թե գազամուղը չի կարող վաճառվել, որովհետեւ անավարտ կառույց է, բաժնետոմսեր չունի, վստահություն չի ներշնչում։ Չէ՞ որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը նույնպես անավարտ է։ Ինչ վերաբերում է 5-րդ բլոկին, ապա մեր երկրի ղեկավար անձանց դիրքորոշումը պարզ է. բոլորն աշխատում են արդարացնել «Գազպրոմի» հետ կնքված գործարքը։ Արդյունքում առաջ են գալիս հակասական արտահայտություններ։ Օրինակ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ ասել է, թե Հայաստանը 5-րդ բլոկը չի վաճառել գազի գինն իջեցնելու համար, քանզի գազի գինը մնացել է նույնը՝ 110 դոլար: «Վաճառքը կապ չունի գազի գնի հետ»,- հայտարարել է նա։ Մեջբերենք ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, ում կարծիքով, այս գործարքի արդյունքում Հայաստանը մոտակա 3 տարիներին գազ կստանա երաշխավորված ցածր գնով. «Մեզ հաջողվեց պայմանավորվել հաջորդ 3 տարիներին էժան գնով գազ ստանալու վերաբերյալ, ինչն, անկասկած կխթանի հայկական արտադրանքի արտահանումը»։ Միգուցե երկրի առաջին եւ երրորդ դեմքերը (ըստ Սահմանադրության) միմյանց հետ համաձայնեցնե՞ն իրենց ասելիքը։

Ինչպես եւ սպասվում էր՝ 5-րդ բլոկի վաճառքն արդարացրեց նաեւ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Եթե ուշադիր հետեւեք մեր պաշտոնատար անձանց արտահայտություններին, ապա կպարզեք մի հետաքրքիր հանգամանք։ Պարզվում է՝ այսքան ժամանակ բանակցություններ տարվել են ոչ թե 110 դոլարից ցածր սակագին հաստատելու ուղղությամբ, այլ, որ հետագա 3 տարիներին այն 110 դոլարից չբարձրանա։ Ու սրա դիմաց էլ տվել են (կներեք՝ շահավետ պայմաններով վաճառել են) Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը։ Ըստ էության, ռուսներն իրենց դիրքերը չզիջեցին եւ հետ չկանգնեցին իրենց առաջարկած գնից։ Մերոնք էլ հիմա ստիպված փորձում են ցույց տալ, որ իրենց նպատակն ամենեւին էլ Ռուսաստանի կողմից սակագնի իջեցումը չէր։ Հետաքրքիրն այն է, որ ըստ Ռ. Քոչարյանի, բոլորը պետք է հիանային այս գործարքով։ Անդրադառնալով ընդդիմադիր կուսակցությունների՝ այս գործարքին տված գնահատականներին՝ Ռ. Քոչարյանն ասել է. «Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք միշտ ինչ-որ բանից դժգոհ են»։ Հիմնական արդարացումը հետեւյալն է. 5-րդ բլոկը մոռացության էր մատնված, այն պահելու համար Հայաստանն ամեն տարի հսկայական գումարներ էր ծախսում, եւ սա իդեալական գործարք է։ Սակայն մի քանի ամիս առաջ նույնպիսի ոգեւորությամբ խոսում էին նաեւ իրանական ներդրումային ծրագրի մասին։ «Իրանը երբեք պոտենցիալ գնորդ չի եղել: Պարզապես Իրանը ցանկացել է ոչ թե գնել Հրազդանի ՋԷԿ-ը, այլ վարկավորել 20-25 տարով, որից հետո Հայաստանը պիտի վերադարձներ այդ գումարը հոսանքով կամ դրամով»,- երեկ հայտարարել է Ա. Մարգարյանը:

Զարմանալի է. մեզ միշտ թվացել է, թե վարկավորման տարբերակով էներգաբլոկը վերանորոգելը շատ ավելի շահավետ է։ Առաջին` այն մնում էր որպես Հայաստանի սեփականություն, եւ երկրորդ՝ Հայաստանը վարկը վերադարձնելու էր էլեկտրաէներգիայի տեսքով։ Անհասկանալի է` ինչո՞ւ է Ա. Մարգարյանն այս փաստը նշել որպես իրանական ծրագրի հակափաստարկ։ Չէ՞ որ արդիականացված էներգաբլոկն այնպիսի արդյունավետությամբ է գործելու, որ Հայաստանը գրեթե կրկնակի անգամ շահած է դուրս գալու։ Օրինակ, նախնական պայմանավորվածության համաձայն` Իրանն իր տրամադրած յուրաքանչյուր 1խմ գազի դիմաց ստանալու է 3կվտ էլեկտրաէներգիա, իսկ մասնագետների կարծիքով, 5-րդ բլոկն այդ 1խմ-ով կկարողանա արտադրել 5,5 կվտ։ Իրանը էլեկտրաէներգիայի մեծ պահանջարկ ունի, ավելցուկային 2,5 կիլովատտը կարելի է շահավետ գնով վաճառել այդ երկրին։ Այս ծրագիրն, ամենայն հավանականությամբ, կաշխատի, անկախ նրանից, թե ով կլինի 5-րդ բլոկի սեփականատերը։ Տարբերությունն այն է, որ շահույթը կգնա ոչ թե Հայաստանի բյուջե, այլ «Գազպրոմի» բաժնետերերի գրպանը։ Որոշ իշխանամետ քաղաքական գործիչներ այսօրինակ հաշվարկներ անողներին մեղադրում են ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ՝ դժգոհելով, թե ով պատահի` զբաղվում է տնտեսագիտությամբ։ Իսկ նման որոշում կայացնելիս լուրջ ուսումնասիրություն կատարվե՞լ է՝ ի՞նչ է շահում եւ ի՞նչ է կորցնում Հայաստանը։

Միակ օգուտն այն է, որ վաճառքից ստացված գումարներով կառավարությունը վճարելու է բնակչության սպառած գազի մի մասը։ Սակայն դա նույնպես ժամանակավոր է։ Ա. Մարգարյանը չի բացառել, որ գալիք տարի 65 դրամ սակագինը, հնարավոր է, «մի փոքր բարձրանա»։ Ըստ էության, սա տրամաբանական տարբերակ է։ Բոլորն էլ հասկանում են, որ վաղ թե ուշ ստիպված ենք լինելու գազի դիմաց վճարել այնքան, որքան մյուսները։ Խնդիրն այն էր, որ այդ գնի բարձրացումը շեշտակի չլինի (միանգամից 2 անգամ), քանի որ դա կարող էր լուրջ հարված հասցնել տնտեսությանը։ Եթե կառավարությունը 3 տարի անընդմեջ չփոխի սուբսիդավորման չափը, ապա 3 տարի հետո կարող ենք հայտնվել աղետալի վիճակում։ Ապագայում «Գազպրոմը» մեզ համար սահմանելու է շատ ավելի բարձր գին, քան ներկայիս 110 դոլարը։ Մեր փոխհատուցման «ներքին ռեսուսները», այսինքն` 5-րդ բլոկի վաճառքից ստացված 188,8 մլն դոլարը, սպառված է լինելու, վաճառելու բան չենք ունենալու, եւ տնտեսվարող սուբյեկտներն ու բնակիչները կանգնելու են այնպիսի իրավիճակի առաջ, երբ ստիպված են լինելու գազի դիմաց վճարել 2, իսկ միգուցե` 3 անգամ մեծ գումար։

Որպեսզի տնտեսությունն աստիճանաբար ադապտացվի գազի բարձր գնին, հարկավոր է հաջորդ 3 տարիների ընթացքում փոքրացնել սուբսիդավորման չափը։ Սա անխուսափելի պահանջ է։ Սակայն մասնագետների կարծիքով, սուբսիդավորումը էականորեն կնվազի 2007թ.

2-րդ կեսին, քանի որ մայիսին սպասվում են ԱԺ ընտրություններ։ Ոչ ոք չի ուզում ընտրությունների շեմին ինֆլյացիա առաջացնել եւ բնակչության աչքին վատամարդ դուրս գալ։