«Այս գործարքը, որ մենք կատարեցինք, երեւի թե հաջող գործարք էր,- Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը Ռուսաստանին հանձնելու մասին երեկ Ակադեմիայում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը : -Մենք 5-րդ բլոկը չենք տվել գազի գինն իջեցնելու համար, ինչպես գիտեք` գազի գինը նույնն է մնացել՝ 110 դոլար: Սա ուղղակի պատեհ առիթ էր, որ այս գործարքը կատարվեր: Մենք հնարավորություն ունեցանք ավելի մեծ չափով կոմպենսացիա տալ մեր բնակչությանը»:
Իսկ մենք մինչեւ հիմա գիտեինք, թե որեւէ բան վաճառելու դեպքում արժեքը գումարով են ստանում: Ռուսաստանը գումարով Հայաստանին տալիս է այդ օբյեկտի 250 մլն դոլար արժեքի ընդամենը 60 մլն դոլարը: Մնացածը գազով է փակելու: Այսինքն` ստացվել է ապրանքափոխանակություն՝ 5-րդ բլոկը տալիս են, փոխարենը գազ են վերցնում: Տվյալ դեպքում ձեւակերպումներն էական չեն: Գործարքը տեղի է ունեցել: Եվ արդեն պարզ է, որ ՀՀ իշխանությունները փորձում են այս գործարքը հանրությանը ներկայացնել որպես դարի գործարք, մեծ ձեռքբերում: ՀՀ վարչապետը դրա համար արդեն բացատրություն գտել է:
«Մենք մեր արդյունաբերությունը մրցունակ դարձրեցինք,- համոզում է Անդրանիկ Մարգարյանը: -Մեր հարեւան երկրներում գազի գնի բարձրացման պատճառով ինքնարժեքն էլ բարձրացավ: Մենք կարողացանք կոմպենսացիա անել եւ մեր արդյունաբերությունը պահել այնպիսի վիճակում, որ ավելի մրցունակ լինի, քան այսօր ԱՊՀ մյուս երկրները»:
Տնտեսությունը մրցունակ դարձնելու այս միջոցը, իհարկե, ծիծաղելի է: Ի՞նչ է ստացվում. մեր կառավարությունը բյուջեից մոտ 180 մլն դոլար է տալիս բնակչությանը, որ առաջիկա 3 տարում սովից չմեռնի՞, եւ արտադրությանը, որ ամբողջովին կանգ չառնի՞: Այդ դեպքում, երեք տարի հետո ինչպե՞ս ենք մրցունակ տնտեսություն պահելու: Թե՞ խնդիրն այնպես է դրված, որ երկնիշ թվով վագրային թռիչք ունեցող տնտեսությունը հաջորդ ընտրություններից հետո միանգամից պայթի ու դառնա Ռուսաստանի ծայր աղքատ կցորդը:
Գազի գնի թանկացման շուրջ բանակցություններում Հայաստանն Իրանի գազամուղը եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը Ռուսաստանին չհանձնելու համար աշնանից էր պայքարում: Սակայն արդյունքը ցույց տվեց, որ մեր իշխանությունները ոչ մի ձեւով ի վիճակի չեն դիմակայել Ռուսաստանի որոշումներին: Դա զգացվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի ելույթից, երբ այդ բոթը ժողովրդին էր հայտնում: Ռուսաստանն ուզեց եւ վերցրեց, ոչինչ, որ Հայաստանը մի քանի ամիս պոչ խաղացրեց:
Բայց այս գործարքից բավականին անհասկանալի հանգամանքներ են մնացել: Նախ` հասարակությանը մինչեւ վերջ հայտնի չդարձավ, թե Իրան-Հայաստան գազամուղն, ի վերջո, հանձնվե՞ց Ռուսաստանին, թե՞ ոչ: Մերոնք դա ամբողջությամբ են հերքում, իսկ ռուսները՝ մասամբ: «Գազպրոմ» ընկերության ինտերնետային կայքում ապրիլի 6-ի տեղեկատվության մեջ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի հետ միասին նշված է նաեւ «գազի ոլորտի այլ օբյեկտներ»: Բացի Իրանի գազամուղից Հայաստանը գազի ոլորտի այլ օբյեկտներ չունի: Մեր իշխանություններն այդ գազամուղը հանձնելու մասին չեն հայտնում հավանաբար այն պատճառով, որ դեռ չեն գտել դարի գործարք որակելու հարմար ձեւակերպումը: Նույն տեղեկատվության մեջ նշված է, որ գործարքի ավարտից հետո «Գազպրոմինն» է լինելու «ՀայՌուսգազարդի» հիմնադիր կապիտալի որակյալ մեծամասնությունը: Ինչպես հայտնի է, «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնեմասի 45 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը, 45 տոկոսը՝ ռուսական «Գազպրոմին» եւ 10 տոկոսն էլ` «Իտեռա» ընկերությանը: Չնայած բազմիցս է նշվել, որ «Իտեռան» նույն «Գազպրոմին» պատկանող ընկերություն է: Կառավարության համապատասխան որոշման մեջ նշված է, որ «Ռուսաստանի Դաշնության «Գազպրոմ» ԲԲԸ-ի առաջարկած՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կամ ՀՀ տարածքում «Գազպրոմ» ԲԲԸ-ի հիմնադրած նոր իրավաբանական անձի հետ (համապատասխան անձը՝ այսուհետ Գնորդ) կնքել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի առքուվաճառքի պայմանագիր»: Սա նշանակում է, որ 5-րդ բլոկը պետք է անցնի կամ «ՀայՌուսգազարդի», կամ էլ նոր բացվող ընկերության հաշվեկշիռ: Թե ինչպես է եղել, դեռ պարզ չէ, մեկնաբանություններ չկան ո՛չ մեր կառավարության ներկայացուցիչների կողմից, ո՛չ էլ՝ «ՀայՌուսգազարդից»:
«ՀայՌուսգազարդի» հիմնադիր կապիտալը 280 մլն դոլար է, որից 45 տոկոսը կամ 126 մլն դոլարը ՀՀ կառավարության բաժնեմասն է, նույնքան գումար էլ «Գազպրոմինն» է, մնացած 28 մլն դոլարն էլ «Իտեռայինն» է: Հրազդանի 5-րդ էներգաբլոկը վաճառեցին 250 մլն դոլարով: Եթե օբյեկտն անցել է «ՀայՌուսգազարդին», ապա հիմնադիր կապիտալն այդքանով էլ ավելանում եւ կազմում է 530 մլն դոլար: Եթե որեւէ բան չփոխվի, ապա ՀՀ կառավարությունը պետք է լինի այդ գումարի 45 տոկոսի՝ մոտ 238 մլն դոլարի կամ 5-րդ բլոկի ինչ-որ մի մասի բաժնետերը: Սակայն դժվար թե ռուսական կողմն այսպիսի պայմանի համաձայներ: Ռուսական մամուլում, մասնավորապես` «Կոմերսանտ» թերթում, նշված է, որ այս գործարքից հետո «ՀայՌուսգազարդում» «Գազպրոմի» բաժինը դառնում է մոտ 82 տոկոս: Իսկ թե մեր կառավարությանը տոկոսային կամ գումարային ինչքա՞ն մաս է մնացել, դեռ պարզ չէ:
Իսկ ՀՀ վարչապետը երեկ հայտարարեց, թե Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը «Գազպրոմին» վաճառելու գործարքը կամրապնդի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը եւ կբարձրացնի նրա մրցունակությունը: Պայմանագրով ռուսները խոստացել են 2 տարվա ընթացքում 140 մլն դոլարի ներդրում կատարել եւ էներգաբլոկը հասցնել 400 մեգավատտ հզորության: Դատելով «Գույք` պարտքի դիմաց» ծրագրով Ռուսաստանին անցած գործարանների ճակատագրից, կարելի է եզրակացնել, որ նշված ներդրումները դժվար թե իրականանան: Թեպետեւ չի բացառվում, որ «Գազպրոմը» որոշ չափով բարձրացնի 5-րդ բլոկի արտադրողունակությունը: Չէ՞ որ մեծ շահույթներ է ստանալու: