Այս երիտասարդը չունի ջիպ քշող, փողատեր «պապա»: Նրա ունեցածը 4000 դրամով վարձած հանրակացարանի գարշահոտ ու խունացած սենյակն է, փողոցից գտած կատուն ու շունն են, եւ ունեցածից ամենաթանկը մայրն է, ով տառապում է որդու դժբախտ լինելու համար:
34-ամյա Կարեն Քոչարյանն ասում է, որ ինքը մեր հասարակության հոգնած երիտասարդներից է: Առողջ եւ թիկնեղ Կարենի համար մի քիչ դժվար է խոստովանել, որ ինքը հոգնել է: Իր տարիքի տղամարդու համար դա, թերեւս, ամոթ է, բայց ավելի ամոթ է, երբ այդ տարիքի տղամարդն ապրում է սպասումով: Մինչեւ հիմա նա, իրոք, սպասումով է ապրել՝ հույս ունենալով, որ կգտնի աշխատանք, փող կվաստակի, տանիք կունենա եւ կամուսնանա, բայց… Հիմա դրան չի հավատում եւ հուսահատությունից ամբողջ օրը հանրակացարանի միջանցքի մի ծայրից մյուս ծայրն է չափում, բնազդով օր է սպանում: Կարենի հետ հանդիպումը միջանցքում էր։ Նա կաշկանդվում էր, բայց այնուամենայնիվ, հրավիրեց իրենց «տուն»: 1976թ. Բաքվից մոր՝ Քնարիկի հետ ամեն ինչ թողել, եկել են Հայաստան եւ երկար տարիներ ապրել են Քնարիկի եղբոր 1 սենյականոց բնակարանում, ով, սակայն, մեռնելուց առաջ տունը կտակել է իր տղային: Մնացել են անտուն: Քանաքեռի հանրակացարանի տնօրենը համաձայնել է ամսական 4000 դրամով սենյակ տրամադրել, որի պատերը թաց են եւ գարնան շունչը սենյակում չի զգացվում: Նրանց սենյակի մթնոլորտը հիշեցնում է ճգնաժամային տարիների սառն ու խավար կենսակերպը, սակայն դուրս գալուն պես հասկանում ես, որ դրսում ամեն ինչ գեղեցիկ է, կյանքը հրաշալի է: Քնարիկն ինչ-որ բան անելու համար շաբաթ-կիրակի օրերին ավտոշուկայում արեւածաղիկ է վաճառում: Կարողանում է այդ 2 օրվա համար օրական 500 դրամ աշխատել: Մեկ-մեկ էլ հարեւաններն են արեւածաղիկ գնում, բայց տիկին Քնարիկի «բիզնեսը» վտանգված է, որովհետեւ հաճախորդները դժգոհ են նրա սպասարկումից: «Սենյակը շատ խոնավ է, արեւածաղիկը բովում եմ, մի քանի ժամից խոնավանում է: Չգիտեմ` ինչ անեմ: Հաճախորդները դժգոհում են, ասում են` խոնավ սեմուշկա ա»,- ասում է նա: Ասում են՝ շաբաթ-կիրակի օրերին մի քիչ գումար են աշխատում, այդ օրերին ուտում են, իսկ հետո…
Տիկին Քնարիկի 7700 դրամ թոշակով սենյակի վարձն ու լույսի փողն են տալիս: Չի կարող հավաքարարություն անել, վատառողջ է, ճնշում ունի, իսկ Կարենը մասնագիտությամբ էլեկտրիկ-տեխնիկ է: Գլուխը կախած, կարմրելով ասում է. «Բոլոր հայտարարությունների հետեւից գնում եմ, բախտը չի ժպտում, ոչինչ չի ստացվում: Ծանոթ, բարեկամ, հարազատ չունեմ, որ բարեխոսեն, բոլորը մահացել են, իսկ դիպլոմիս վրա ոչ ոք չի էլ նայում»: Շինարարության վրա բանվորություն է արել ու 3 օր գամվել է անկողնուն, ստամոքսի խոցը խեղճացնում է: Հայաստանը շատ են սիրում, բայց Բաքվի մասին կարոտով են հիշում. «Կոմունիստների ժամանակ Բաքուն ինտերնացիոնալ քաղաք էր: Հրեաներ, ռուսներ, հայեր, թուրքեր էին բնակվում: Ինտելեկտուալ քաղաք էր: Հիմա գյուղացիները եկել-լցվել են, իսկ էն ինտելիգենտների հետաքրքիր, մշակութային մթնոլորտը վերացել է: Ժամանակին Վեզիրովը լավ ասաց, հայերի համար ասաց` ոսկե ձեռքերը գնացին, ոսկե ատամները եկան: Թուրքերն էլ ոսկե ատամներն էին»,- պատմում է Կարենը, ով սոցիալական թեմայից միանգամից անցում է կատարում այլ թեմաների, որպեսզի իր գիտելիքները ցույց տա: Տիկին Քնարիկը պատերազմից հետո կորցրել է հարազատներին եւ ասում է, որ իր ունեցածը միակ որդին է: Տանջվում է, որ որդին ամուսնանալու հնարավորություն չունի: 3-4 քմ սենյակում 2 թախտ կա, որտեղ մայր ու որդի միեւնույն խցում են քնում: Սենյակը եւ՛ ննջարան է, եւ՛ խոհանոց, իսկ զուգարանն ընդհանուր է բոլոր բնակիչների համար: Ասում են` ցրտին այնքան են վարժվել, որ ձմռանը ոչինչ չեն վառում: Կարենը հարցնում է. «Դուք հարսի տեղը ձեզ դրեք, կգայի՞ք այս պայմաններում ապրելու»: Հետո շփոթից դուրս գալու համար ասում է, որ եթե անգամ հարսնացու ունենար՝ չէր բերի հանրակացարանի իրենց սենյակում ապրելու, որովհետեւ կխղճար աղջկան: 67 տարեկան Քնարիկը մի հարմար պահ է գտնում, երբ Կարենը չի լսում ու նրան ցավ չպատճառելու համար թաքուն ասում է, որ ինքը 67 տարեկան է եւ այլեւս հույս չունի, թե մեռնելուց առաջ տղային ամուսնացած կտեսնի: Կարենը` չհասցնելով մոր ասածը լսել, շփոթվում է ու ասում՝ «Չի ստացվում, ոչինչ չի ստացվում… հիասթափվում ու հոգնում ես: Տղամարդը նման բաներ երեւի չպիտի ասի, ամոթ է, բայց անկեղծությունն էլ լավ բան է: Մտածում ես` ջանդամին, գյոռին։ թող կյանքն այսպես գնա: Ինչ կլինի` թող լինի»: Կարենն ավելի ու ավելի է նյարդայնանում ու ասում է, որ սա այն պետությունը չէ, որից կարելի է ինչ-որ բան սպասել, իսկ ակնկալիքը մեկն է՝ աշխատանք: «Ռուսաստանի նորությունները լսում եմ ու մտածում եմ` մի հնար լիներ` գնայի այնտեղ: Նորաստեղծ ընտանիքների համար հիպոտեքային վարկեր են տրամադրում, մատչելի տոկոսներ են սահմանում, իսկ 1 երեխա ունեցողի համար 25%-ը ջնջում են: Խթանում են, որ բնակչությունն աճի, իրենք ամեն ինչ անում են, որ նոր սերունդը բազմանա, իսկ մեր պետությանը երեւի նոր սերունդը պետք չէ»: Ասում է, որ իր նմանների առաջ պետությունը բոլոր ճանապարհները փակում է, մինչդեռ իր երեխան կարող էր ազգի թիվը մեկով ավելացնել: Կարենն իր նմաններին համարում է պարտադրված հայրենասեր, ովքեր պարզապես ինքնաթիռի տոմսի գումար չունեն, այլապես կփախնեին այստեղից: Փախուստը շքեղ կյանքով ապրելու համար չէ, պարզապես Կարենը գտնում է, որ ինքը դրսում պետք կգա, այստեղ ոչ մեկին պետք չէ. «Ոչ պետությանն եմ պետք, ոչ էլ մասնավոր մարդկանց: Եթե վաղը մեռնեմ` ո՞վ կիմանա, որ մեռել եմ, ո՞վ շան տեղ կդնի: Գայլի օրենքներով ենք ապրում՝ ով հասցրեց` նա էլ մեծ կտորը կպոկի: Պետության առաջարկը մեկն է՝ գնա զիբիլի ավտոյի զիբիլը թափի: Հասկանո՞ւմ եք, դա իմը չէ, ես համարում եմ, որ ինտելեկտուալ մարդ եմ: Ինձ կփչացնեմ, չեմ հարգի ինձ, ու աշխատածս փողով գնած հացը կուլ չի գնա»: Ասում է, որ ինքը Լենինը չէ, որ բանվոր դասակարգին հավաքի ու հետեւից տանելով ասի՝ «Գնանք դրանց վերջը տանք»: Կարենը գիտակցում է, որ ինքը պարտված է եւ չի ցանկանում նորից պայքարել, փորձը ցույց է տալիս, որ հիասթափվելու է: «Մաֆիոզ օլիգարխների գայլի օրենքներով ոչնչի հասնել չեմ կարող, ես գայլ չեմ»,- ասում է նա:
Ջրվեժի բազալտի գործարանում փականագործ աշխատելու տարիներին Կարենն իրեն կարգին, պիտանի մարդ էր զգում, աշխատանքը կորցնելուց հետո հենց այնպես, իներցիայով է ապրում: Նրա ամենօրյա աշխատանքն աշխատանք փնտրելն է: