«Ժողովուրդն իշխանություններին չի հավատա, քանի դեռ մի քանի «շնաձկներ չեն բռնվել»

12/04/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

«ԳՐԵԿՈ-ի փորձը եւ հնարավորությունները կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով միջազգային սեմինարին ողջույնի խոսքեր ասացին ԱԺ փոխնախագահ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանը, ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ նախագահին կից Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի ղեկավար դաշնակցական Բագրատ Եսայանը:

Իսկ ԱԺ Արտաքին հարաբերությունների գծով մշտական հանձնաժողովի նախագահ դաշնակցական Արմեն Ռուստամյանը թեեւ Ստրասբուրգում էր, այնուամենայնիվ, իր ուղերձն էր հղել կոռուպցիայի դեմ պայքարող սեմինարի մասնակիցներին: Վերջիններիս թիվն այնքան էլ մեծ չէր, կլոր սեղանի շուրջ դրված անունների դիմաց աթոռները թափուր էին (մասնավորապես` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյան, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյան): Հավանաբար, նշված անձանց այնքան էլ չի հետաքրքրում Հայաստանում կոռուպցիայի մակարդակը:

Ո՞վ պետք է պայքարի կոռուպցիայի դեմ: Պարզվում է` ոչ թե գործադիր ու օրենսդիր իշխանությունները, այլ` հասարակությունը: Սա Վ. Հովհաննիսյանի կարծիքն է: Նրա խոսքերով, երբ մի քանի տարի առաջ ՀՅԴ-ն հակակոռուպցիոն մարմնի ստեղծման առաջարկ էր անում, դրան խանգարեց գործադիրի «չկամությունը»: «Այդ մարմինն ինքը կարող է կոռումպացվել, ավելի լավ է` կոռուպցիայի մեջ արդեն թաթախվածը դրանով զբաղվի»,- ԱԺ փոխխոսնակի ասելով` գործադիրն այսպես է մեկնաբանել իր «չկամությունը»: Այդ գործի ձախողման մեջ Վ. Հովհաննիսյանը մեղադրում է նաեւ ընդդիմադիր մամուլին, որն իր «հիստերիկ պահվածքով» վատատեսորեն է ընկալել ՀՅԴ-ի քայլը: Ինչեւէ, Հայաստանը 2004թ. հունվարից արդեն միացել է ԳՐԵԿՈ-ին, եւ ժամանակն է խոսել կոնկրետության լեզվով:

«Կոռուպցիայի դեմ պայքարում հեծանիվ հորինել անհրաժեշտ չէ, փոխարենը պետք է արդեն առկա հեծանիվները բերել Հայաստան»,- ասում է Բ. Եսայանը` նշելով, որ այդ «հեծանիվների ներկրման» գործընթացին խանգարում է մեր ազգային մտածելակերպը, որը եվրոպական չափանիշներ չի ընդունում, քանզի դրանց տակ հասկանում է միայն սեռական փոքրամասնությունների եւ եհովականների շահերի պաշտպանությունը: Այնինչ, հասարակությունը, ըստ Բ. Եսայանի, պետք է վերահսկի պաշտոնյաների վարքագիծը, կոռուպցիայի դեպքեր գրանցելուն պես տեղեկացնի վերադաս մարմիններին եւ իրավապահներին` չվախենալով «գործ տվողի» կարգավիճակ ձեռք բերելուց: Բ. Եսայանը խոստովանեց նաեւ, որ ժողովուրդն իշխանություններին չի հավատա այնքան ժամանակ, քանի դեռ մի քանի «շնաձկներ չեն բռնվել»: Իսկ ի՞նչն է այս տողերի հեղինակ Բագրատ Եսայանին կամ ՀՀ իշխանություններին (թեկուզ հենց ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, որին Բ. Եսայանը խորհուրդներ է տալիս) խանգարում պայքարել եւ «շնաձկներին բռնել»: Իշխանությունը չի կարող կոռուպցիայի դեմ պայքարել, քանզի վերջինս հենց «շնաձկների» շրջանում է զարգացած, ավելի ճիշտ՝ երբ իշխանությունն ինքն այդ «շնաձկներից» մեկն է: Հայաստանում միշտ այդպես է եղել. հո իրենք իրենց չե՞ն բռնելու: Ուստի, հեշտ է ծանր բեռը կրկին բարդել հասարակության ուսերին:

Լավ, բայց արդյոք հասարակությո՞ւնն է մտածելու պետության հեռանկարի եւ տնտեսության զարգացման մասին: Հասարակության անդամներին առանձին կաշառակերության դեպքերը շատ ձեռնտու են, եւ մարդիկ գերադասում են որոշակի կաշառքով իրենց գործերն արագորեն առաջ տանել: Մի փոքրիկ գործի համար մարդիկ այնպիսի թղթարարության կարող են հանդիպել, որ նրանց այլ ելք չի մնում, քան դիմել կաշառք տալու հայտնի եղանակին: Եվ, վերջին հաշվով, գաղտնիք չէ, որ չինովնիկները, որպես կանոն, ժամանակին մարդկանց գործերը ձգձգում են՝ մինչեւ դրա դիմաց դրամական որոշակի փոխհատուցում չստանան: Կաշառք են տալիս եւ՛ ֆիզիկական անձինք, եւ՛ տնտեսվարող սուբյեկտները, եւ նրանց ոչ ոք չի կարող մեղադրել կոռուպցիան խթանելու մեջ: Եվ նրանք պարտավոր էլ չեն խորհել, թե այդ դեպքերի հանրագումարն ինչ հետեւանքներ կարող է առաջացնել տնտեսության համար: Սակայն, ինչպե՞ս կարող է հասարակությունը խանգարել, որ միլիոնավոր դոլարներով բուհերի ռեկտորներ չնշանակվեն, կամ տգետներն ուսանողներ չդառնան: Ի՞նչ անի հասարակությունը, երբ որոշ չինովնիկների հղփացած զավակներ ամենապերճաշուք ավտոմեքենաներով խախտում են երթեւեկության տարրական կանոնները, մարդ սպանում եւ շարունակում իրենց ազատ ու անպատիժ կյանքը: Այնպես որ, ամեն ինչ վերագրել հասարակությանը, ճիշտ չէ:

Հ.Գ. Սեմինարին ելույթով հանդես եկավ նաեւ ԳՐԵԿՈ-ի ադմինիստրատիվ եւ բյուջետային հարցերով բաժնի ղեկավար Կարլո Կիարոմոնտեն, որը ներկայացրեց ԳՐԵԿՈ-ի «Հայաստանի զեկույցը» (որին «168 Ժամն» իր նախորդ համարներում բազմիցս անդրադարձել է): Հետաքրքիրն այստեղ, սակայն այն է, թե ի՞նչ կլինի, եթե մինչեւ 2007թ. սեպտեմբերի 30-ը ՀՀ իշխանությունները չկատարեն ԳՐԵԿՈ-ի պահանջները: Որքան հասկանալի դարձավ Կիարոմոնտեի պատասխանից` ոչինչ: