Վրաստանը զրկվել է իր արտահանման ծավալների զգալի մասից, որ առավել կամ պակաս հաջողությամբ լցնում էր երկրի բյուջեն: Ռուսաստանը հզոր հարված հասցրեց Վրաստանի փխրուն տնտեսությանը` փակելով իր շուկան վրացական ալկոհոլային արտադրանքի համար: Պաշտոնական վարկածը գինու եւ կոնյակի մեջ հայտնաբերված պեստիցիդներն են: Սակայն Թբիլիսիի պնդման հետ, թե դա քաղաքական որոշում է, Մոսկվան չի վիճում: Համենայն դեպս, առայժմ ոչ մի կերպ չի արձագանքում դրան: Վրաստանի իշխանությունները հայտարարեցին, որ Ռուսաստանում անցկացնելու են վրացական գինիների փառատոն, որին կհրավիրեն արեւմտյան եւ ռուսական ամենահայտնի դեգուստատորներին` վերադարձնելու համար իրենց արտադրանքը տեղի խանութները: Նմանատիպ միջոցառումներ նախատեսված են անցկացնել նաեւ Ուկրաինայում եւ Ղազախստանում: Նախագահ Սահակաշվիլին կոչ արեց իշխանություններին եւ գինեգործական ընկերություններին` իրացման նոր շուկաներ որոնել: Բայց…
«Ժողովրդավարության Կովկասյան ինստիտուտ» զարգացման հիմնադրամի տնօրեն Մայա Նիկոլեիշվիլին իր անհանգստությունն արտահայտեց այն առթիվ, որ կառավարությանը հանկարծակիի է բերել նման սանկցիաների կիրառումը: «Դա պատասխան է իշխանական կառույցների ներկայացուցիչների վիրավորական հարձակումներին, որ բազմիցս հնչել են ռուսական չինովնիկների հասցեին: Ուրեմն ի՞նչ զարմանալի կամ անհասկանալի բան կա դրա մեջ»,- հայտարարեց նա ընդդիմադիր «202» հեռուստաալիքի եթերից: Նրա խոսքերով` Մոսկվային ուղղակի զզվեցրել են վրացական կողմի` հիմնականում անհիմն մեղադրանքները տարբեր հարցերում, եւ դրան հետեւել է նման պատիժը: «Կատարվածը եւս մի վկայություն է այն բանի, որ այսօրվա վրացական իշխանությունները զբաղվում են ոչ իրենց գործով: Այդ աստիճան վիճել հարեւանի հետ կարելի է միայն մեծ ցանկության դեպքում»,- այս միտքն էր արտահայտում Նիկոլեիշվիլին: Իսկ նրա կանխատեսումները քիչ մխիթարական էին. մոտակա ժամանակներս Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացման վրա չարժե հույս դնել:
Ծանրագույն իրավիճակում, որի մեջ հայտնվել է երկիրը, իշխանություններն, այնուամենայնիվ, աշխատում են դեմքը չկորցնել: Կառավարությունը որոշել է գինեգործներին արտոնություն տրամադրել` երեք ամսով հետաձգելով պետբյուջեին հարկերի վճարումը: Տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների գծով պետնախարար Կախա Բենդուկիձեն, մեկնաբանելով կիրառվող էմբարգոն, հայտարարեց, որ տեղի ունեցածը հաստատում է, որ վրացի գինեգործներն իրացման նոր շուկաներ չէին որոնում, չէին փորձում դիվերսիֆիկացնել իրենց արտադրանքի իրացումը` խորհրդային ժամանակների սովորությամբ գրեթե ամբողջովին ուղղվելով դեպի ռուսական շուկան: «Մեր գինիների եւ կոնյակի վրա դրված արգելքը եւս մի ապացույց են դրանց բարձր որակի: Ռուսաստանը բնավորության այսպիսի մի գիծ ունի` հրաժարվել լավից: Ժամանակին նա արգելքներ էր ստեղծում հոլանդական կակաչների, ամերիկյան հավի, նորվեգական ձկան, անգամ շվեյցարական ժամացույցների եւ ուկրաինական կաթի ներմուծման համար»,- կատակեց Բենդուկիձեն:
Սակայն գինեգործները կատակի տրամադրություն չունեն: Արտահանվող արտադրանքի գրեթե 80%-ը ուղարկվում էր Ռուսաստան: Արդեն հաշվարկվում են կրած վնասները, եւ հասկանալի է, որ դրանք ավելի քան լուրջ են: «Մենք մտադիր ենք ինտենսիվ հանդիպումներ ունենալ մեր արտադրանքի ռուսաստանյան պատվիրատուների հետ, նաեւ բանակցություններ սկսել ադմինիստրատիվ աշխատակիցների հետ: Կստուգվեն ռուսական լաբորատորիաների բոլոր արդյունքները` կապված մեր գինիների հետ»,- լրագրողներին հայտնեց Վրացական գինեգործների ասոցիացիայի նախագահ Լեւան Կոբերիձեն:
Չնայած իրավիճակի թվացյալ ակնհայտությանը` Վրաստանում, այնուամենայնիվ, կատարվածի մասին մի այլ կարծիք եւս կա: Մոսկվան, հերթական անգամ, դիտավորյալ կամ իր հիմարության պատճառով, այսպես ասած, օգնում է Սահակաշվիլուն, որի վարկանիշը վերջին ժամանակներս նկատելի ընկել է: Հիմա նրա շուրջ կրկին համախմբվում է հասարակայնությունը: Սահակաշվիլու դիրքերը նպաստավոր են. եթե հաջողվի լուծել ճգնաժամը` նա է օգտվում, եթե ոչ` ապա նախագահը եւս մի անգամ կխոսի Մոսկվայի թշնամական վերաբերմունքի մասին, թե ինչպես է Ռուսաստանը խոչընդոտում Վրաստանի զարգացմանը: Ասում են նաեւ, որ երբ վաղ թե ուշ արգելանքը վերացվի, ռուսական շուկա կվերադառնան ոչ բոլոր ընկերությունները, այլ միայն իշխանական վերնախավին մոտ կանգնածները: