«Մեր գրականությունը շարունակություն չունի՞»

12/04/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

– Հուսիկ, «Գարուն» ամսագիրը գնալով հաճելի հիշողություն է դառնում միայն, ի՞նչ ես մտածում:

– Գարունն արդեն շուրջ 40 տարի մշակութային մեծ առաքելություն է կատարել ու կատարում է այսօր էլ: Մնում է երիտասարդական միակ ամսագիրը, միակ մամուլի միջոցը, որտեղ մշտապես երիտասարդներ են տպագրվում, էական չի, որ խմբագիրը կամ բաժնի խմբագիրները կարող են համամիտ չլինել գրական, գրականագիտական մեր մոտեցման հետ, բայց փորձարարության հնարավորություն են տալիս, որպեսզի երիտասարդներն իրենց դրսեւորեն, նոր բան անեն:

– Բայց այդ` փորձարարության բերելիք թարմությունը չի զգացվում:

– Խմբագրակազմն էլ այդ մտահոգությունն ունի: Գուցե ժամանակի գործոնով է պայմանավորված դա, գուցե ժամանակն է դրդում, որ ամեն ինչ այդպես թվա… «Գարունը» 10 տարի առաջ կարծես քաղաքական ապաստան լիներ գրողների համար: Այսօր էլ նման բան կա: Բայց գուցե ժամանակներից է, որ շատ բան այնպես ցայտուն չի երեւում: «Գարունում» անցած տարի ապշելու ուժեղ մի հոդված տպագրվեց ատոմակայանի վերաբերյալ, Սովետական Միության օրոք նման հոդված «Գարունը» հաստատ չէր տպագրի, որովհետեւ ընդդեմ էր Հանրապետության առաջին դեմքին, եւ յուրաքանչյուր տողը հիմնավորված էր փաստերով ու փաստաթղթերով: Բայց այդ հոդվածն էլ ստվերում մնաց: Հիմա չեմ կարող ասել՝ հատկապես ի՞նչն է պատճառը, որ «Գարունն» այսօր ստվերում է մնում… Այսօր «Գարունը» չի վաճառվում, հեղինակներին հոնորար չի կարողանում տալ, եւ հեղինակները կամաց-կամաց հեռանում են նրանից:

– Բայց գրական ոչ մի մամուլ այսօր նորմալ հոնորար չի տալիս, սակայն գրողները շարունակում են գրել ու տպագրվել, հոնորարների քիչ լինելն ու չլինելը, փաստորեն, առանձնապես պատճառ չի, որ լավ հեղինակները լքեն ձեզ:

– Ես հիշում եմ՝ 80-ականներին, երբ Հակոբ Մովսեսը «Գարունում» պոեզիայի բաժնի խմբագիր էր, հարցրել են, թե ինչո՞ւ է վատ պոեզիա տպագրում, ասել էր՝ հանճարեղ բանաստեղծություններ բերում եք՝ չե՞նք տպագրում: Սա է եղածը: Այսինքն՝ այդ պրոբլեմը միշտ է եղել: Լավը միշտ էլ քիչ է եղել:

– Բացի փողից, ի՞նչն է այսօր պակասում գրողին:

– Ոչ մի բան էլ չի պակասում: Երեւի ժամանակ է պետք: Թվում էր, թե 90-ականներից հետո գրական պայթյուն պետք է տեղի ունենար, բայց մինչ օրս ոչինչ տեղի չի ունենում: Գիտե՞ք ինչ՝ մի օր մեզ եկել ու ասել են՝ դուք ազատ եք, մենք ազատություն ուզում էինք, մեզ տվեցին այդ ազատությունը, բայց դա նվաճված չէր, թելադրված էր, մենք պատրաստ չէինք այդ ազատությանը: Մարդ ներքուստ պետք է ազատ լինի:

– Դու Գրողների միության անդամ ես, ԳՄ վարչության անդամ, երիտասարդ գրողների սեկցիայի նախագահ. դրանք քեզ ինչ-որ բան տալի՞ս են, հատկապես՝ գիտեմ, որ փող չեն տալիս… Կամ յուրաքանչյուր երիտասարդ գրող, որ ձգտում է դեպի այս միությունը, ի՞նչ կարող է ակնկալել:

– Երիտասարդներ են այսօր հաճախում այստեղ՝ 18-20 տարեկան, որոնք իսկապես սովորելու բան ունեն, եւ զարմանալիորեն թռիչքային զարգացում են ապրում: Իրենց պետք է դա, իրենց շատ է օգնում այդ միասին հավաքվելը, կարդալը, իրար լսելը, քննարկելը: Ես ինքս ոչ ժամանակ ունեմ, ոչ հավես, բայց իմ ու իրենց միջեւ այնպիսի մեծ սեր կա, այնպես ենք իրար փայփայում, վախենում եմ, որ հանկարծ կարող են էդ երեխեքին ջարդել:

– Ո՞նց պիտի ջարդեն:

– Լավ բանաստեղծություն ես կարդում, ասում են՝ վատ ես գրել, դու էլ երեխա ես՝ դեռ այն ամրությունը չունես, որ դիմանաս, հավատում ես: Մի պուճուրիկ հատիկ եմ տեսնում՝ սկսում եմ ոգեւորել, մեկս մյուսին ոգեւորելով՝ այդ երեխեքը աճ են տալիս: Այդ սեկցիայից հեռվից կարող է սովետական հոտ փչել, էլի կարծիքներ եմ լսել, որ ձեւական բան է դա, բայց ձեւական չի, էդ երեխեքին շատ է օգնում: Այդտեղ կարդացված լավ գործերը ես տանում, «Գարունում» տպում եմ, ի պատիվ «Գարունի» խմբագրակազմի, ասեմ, որ շատ բաներ են տպագրվում, որոնց նրանք առանձնապես հավանություն չեն տալիս, բայց առաջին այդ քայլերն անելու հնարավորությունը միշտ տալիս են: Լավ է, վատ է՝ նոր եկող սերունդ է, պիտի հնարավորություն տաս երեւալու: Այսօր բազմաթիվ լավ գործեր են գրվում հայ գրականության մեջ, որ կարելի է թարգմանել եւ ներկայացնել աշխարհին: Պարզապես այդ հնարավորությունը չունենք աշխարհին ներկայանալու:

– Ինչո՞ւ չունենք՝ Գրողների միությունը դրա համար չի՞…

– Ես «չերեզով» իմանում եմ, որ ռուսական «Օկտյաբր» ամսագիրը հայ գրականությանը նվիրված համար է պատրաստում: Այստեղ խոսակցություններ եղան, որ միայն տարեց եւ ռուսագիր գրողները պետք է մասնակցեն այդ համարի պատրաստմանը: Մինչդեռ Բիտովը, որ առանձնապես չգիտեմ էլ` ի՞նչ կապ ունի այդ ամսագրի հետ, հատուկ խնդրել է, որ երիտասարդ գրողներ ներկայացվեն, նույնիսկ էդ մարդն ասել է՝ թող տողացիներ ուղարկեն գոնե, ես գեղարվեստական խմբագրման կբերեմ: Նմանատիպ եւ հաջողված երկու համար՝ նվիրված ադրբեջանական ու վրացական երիտասարդ գրականությանը, այս ամսագիրն արդեն արել է, իսկ մեզ մոտ, պարզվում է, ուզում են թաքուն պահեն դա, եւ ասում են՝ միայն ավագ սերունդը պիտի ներկայացվի: Ինչո՞ւ, եղբայր, ինչի՞ց եք վախենում՝ ես դա չեմ հասկանում: Հիմա ես մեր ջահելներին հատուկ խնդրել եմ, որ ով հնարավորություն ունի, թարգմանված գործեր բերի, որ էլի այդպես «չերեզներով» ուղարկեմ այդ ամսագրին: Այս մթնոլորտն է այսօր մեզ մոտ՝ իրար խանգարելու, իրար ուտելու մթնոլորտը:

– Ինչի՞ց են վախենում այդ ավագները:

– Չգիտեմ: Տարանջատում կա: Այսօր մեր ամբողջ հասարակության մեջ դա կա՝ սովետական մարդու եւ նոր ժամանակների մարդու տարանջատումը: Մի տեսակ իրենք իրենց համարում են սովետական ճիշտ մարդիկ, իսկ մեզ՝ ոչ սովետական անճիշտ մարդիկ: Արտաքուստ թվում է` ոչինչ չկա, բայց իրականում մեծ ճեղքվածք կա այսօր ավագ եւ երիտասարդ սերնդի գրողների մեջ:

– Գուցե երիտասարդ գրողները պետք է ըմբռնումով մոտենան ավագներին, նրանցից ոչինչ չակնկալեն, ունենան եւ քայլեն իրենց ճանապարհով, անեն իրենցը, նորը, լավը, ինչո՞ւ չեն անում:

– Որովհետեւ մենք միասնական չենք, մենք մեզ խոտի պես ենք պահում եւ թույլ ենք տալիս մեզ տրորել:

– Բեյրութում կայանալիք Գրողների համահայկական խորհրդաժողովին ոչ մի երիտասարդ գրող ներկայացված չէր, սա ի՞նչ է նշանակում:

– Թեեւ «աբիժնիկի» տպավորություն կարող եմ թողնել, բայց, ոչինչ, կասեմ: Ուրեմն Բեյրութ մեկնեց 50-52 հոգանոց գրողների մի խումբ, որոնց միջին տարիքը 60-65 էր: Ամենաերիտասարդները, երեւի մեկ-երկու հոգի, մոտ 45 տարեկան էին, եթե ոչ ավելի: Հիմա ես էլ կուզենայի հարցնել՝ չկա՞ր Հայաստանում գրական շարունակություն՝ 20, 25, 30, 35 տարեկան գրողներ… Ես մի քանի տարի առաջ «Գարունում» գրել էի՝ հիշեմ. եթե մեր գրականությունից հանենք մինչեւ 40 տարեկանն ապրած գրողներին, տակը բան չի մնում, գրականությունը դատարկվում է, գրականությունը ողնաշար չի ունենում. հիշեք՝ Չարենց, Տերյան, Մեծարենց… Ու այսօր այդ տարիքի որեւէ մեկը չկար այդ Բեյրութ գնացողների խմբում: Ես չեմ ասում՝ ես ինչո՞ւ չեմ գնացել, ինձ լավ հասկացեք, բայց այնտեղ մի մարդ չի՞ լինի, որ հարցնի՝ ձեր մեջ մի ջահել չկա՞ր: 52 հոգի մարդ եք տանում՝ գրականության տարբեր սերունդներ տարեք: Ես հարգում եւ խոնարհվում եմ ավագների վաստակի առջեւ, սակայն Գրողների միությունը ցույց է տալիս, որ մեր գրականությունը շարունակություն չունի, նման վերաբերմունքն ուրիշ մեկնաբանման առիթ չի տալիս:

– Իսկ նման համաժողովներն ի՞նչ են տալիս, արժե՞ դարդ անել, որ ջահելներին չեն տարել: Մանավանդ, որ ըստ ՀԳՄ նախագահի, գարնանը Ծաղկաձորում գրական երիտասարդական համաժողով է նախատեսվում:

– Ոչ մի բան էլ չեն տալիս: Անցած երկու խորհրդաժողովներն այստեղ արվեցին՝ տեսաք, ի՞նչ տվեցին՝ ոչ մի բան: Հենց դրա համար էլ ասում եմ՝ թող այս անգամ էլ երիտասարդներին ուղարկեին արտասահման, ավագները մնային Ծաղկաձորում: Էդ ջահելներից շատ-շատերը՝ 90 տոկոսը, այդ թվում` եւ ես, ինքնաթիռ նստած չկանք, պետություն է փլուզվել, աշխարհ է փոխվել, առիթ էր՝ թող դուրս գնային, տեսնեին, շփվեին, Երեւանի այս երկու փոշոտ փողոցից զատ ուրիշ բան չեն տեսել շատերը, ինչո՞ւ այդ հնարավորությունները միայն ավագներին պետք է վերապահված լինի:

– Գրողների միությունը ի՞նչ է, տուրիստական գործակալությո՞ւն է: Ո՞րն է այսօր ԳՄ խնդիրը, առհասարակ նման կառույցի գոյությունն այսօր պե՞տք է:

– Եթե կա, ուրեմն անհրաժեշտ է: Առհասարակ որեւէ բան քանդելուց առաջ պետք է նորը ստեղծել, հետո մտածել հինը քանդելու մասին: Դերի մասին ես հարցնում, այսպես պատասխանեմ՝ անձրեւը հավասար է գալիս յուրաքանչյուրի համար, Գրողների միությունն այնպես պետք է անի, որ այդ ամենը հավասարաչափ բաշխվի, որ նման անդունդ չլինի ավագ ու երիտասարդ սերնդի գրողների միջեւ: Հրանտ Մաթեւոսյանի խոսքը հիշեցի, որ ասում էր՝ պետության կայունության համար երեկվա նախագահն այսօրվա նախագահի կողքին պետք է լինի: Հիմա գրականության ամրության համար պետք էր, որ այդ անդունդը չլիներ սերունդների միջեւ, մինչդեռ ավագ սերունդն իրենից օտարում է երիտասարդներին:

– Գրողների միության շենքի վերակառուցման խնդիր կա, ինչպե՞ս ես վերաբերվում այդ առաջարկներին:

– Հիշեք, թե «Պոպլավոկի» վերակառուցմամբ ինչպես կորավ այն աուրան, որ շատ-շատերին էր հարազատ, այդ տարածքն օտարվեց: Նույնը կլինի նաեւ Գրողների միության հետ, եթե ավելի վատ բան չլինի: Գրողների տունը մի տեղ է, ուր իմ նմանը գիտի, որ կարող է գնալ եւ հանդիպել իր նմանին, շփվել ընդհանուր հետաքրքրությունների շուրջ, գրականության շուրջ զրույց անել, դա հարազատ մի անկյուն է մեզ համար: Քաղաքում կամաց-կամաց հարազատ անկյուններն են պակասում, քաղաքն օտարանում է:

– Գուցե այդ վերակառուցմամբ Միությունն իսկապես տնտեսապես շահի, ինչպես ակնկալում են Միության ղեկավարները, շահեն նաեւ Միության անդամները:

– Միության փողերի շատուքիչ լինելն ինձ կամ քեզ երբեւէ վերաբերե՞լ է: Ի՞նչ պիտի շահենք…

– Ոչ ոք ոչինչ չի՞ շահի:

– Չգիտեմ…