Երեկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ԳԱԱ նախագահության նիստում ներկայացրել է ԳԱԱ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին՝ Սերգեյ Համբարձումյանին, ինչպես նաեւ տեղեկացրել, որ նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանն այլեւս իր խորհրդականն է: ԳԱԱ նոր նախագահի ընտրության ժամկետը կսահմանվի նախագահության հաջորդ նիստում:
Ինչպես հայտնի է` Ֆադեյ Սարգսյանի լիազորությունները ԳԱԱ նախագահի պաշտոնում դադարեցվել են իր դիմումի համաձայն: Այս առումով երեկ վարչապետը մի հետաքրքիր մանրամասն «սպրդեց»՝ նշելով, որ Ֆադեյ Սարգսյանը հրաժարականի դիմումը ներկայացրել է ապրիլի 3-ին, ինչը ստորագրվել է միայն ապրիլի 6-ին: Փաստորեն, ապրիլի 5-ին, երբ Ֆադեյ Տաճատիչը նախագահության նիստ էր հրավիրել՝ լսելու Հանրի Ներսիսյանի մեղադրանքների հիման վրա ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքներն ու առաջարկները, նա փաստացի հրաժարված է եղել ԳԱԱ նախագահի լիազորություններից: Չի բացառվում, որ այդ մասին տեղյակ լինեին նաեւ նախագահության այն անդամները, ովքեր այդ օրը սրտերի ուզած չափով աղաչեցին Սարգսյանին հրաժարական չտալ:
Երեկ անդրադառնալով Ֆ.Սարգսյանին ուղղված մեղադրանքներին, վարչապետը հայտարարեց, որ ծանոթացել է հանձնաժողովի կատարած աշխատանքների արդյունքներին եւ հավանություն տվել նախագահության անդամների տված գնահատականին: Այսինքն՝ վարչապետը եւս բարձր գնահատեց հանձնաժողովի փնթի աշխատանքը: Հանձնաժողովի արձանագրած բոլոր թերությունները, ըստ վարչապետի, օբյեկտիվ պատճառներ են ունեցել: Պրն Մարգարյանը միաժամանակ հույս հայտնեց, որ նոր նախագահն ու նախագահությունը կաշխատեն այդ թերությունների վերացման ուղղությամբ: Անդրադառնալով Ակադեմիայում բարեփոխումների ծրագրին, վարչապետը հստակեցրեց իր դիրքորոշումը. «Մենք ոչ թե պետք է պատճենահանենք այն ամենը, ինչ ուրիշ երկրներում կա, այլ պետք է պահպանենք նաեւ այն ավանդույթները, որ մեզանում կան, չենք կարող միանգամից նոր հեծանիվ ստեղծել, հետեւաբար` պետք է համատեղել գիտության առջեւ դրած մեր խնդիրներն ու այն ամենն, ինչ ունենք»: Խնդիրներից կարեւորագույնը վարչապետը համարում է միջազգային շուկայում մեր գիտության մրցունակությունն ու զարգացումն` ի շահ տնտեսության:
Ն.Ա.