IBF եւ IBO վարկածներով թեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հունիսի 3-ին պետք է մրցեր նույն քաշային կարգում WBO-ի չեմպիոն Օմար Նարվաեսի հետ։ Սակայն վերջինս հրաժարվել է մրցամարտից։
«Նարվաեսն այդ մենամարտի համար կստանար իր կարիերայի ընթացքում ամենամեծ հոնորարը։ Մենք արդեն պայմանավորվել էինք նրա արգենտինացի պրոմոութերի եւ երեք մենեջերների հետ։ Սակայն նրա ֆրանսիացի մենեջերները՝ Ակարիե եղբայրները, իրենց համաձայնությունը չեն տվել, քանի որ գիտեն՝ իրենց բռնցքամարտիկը ռինգում Դարչինյանին դիմակայելու ոչ մի շանս չունի»,- ասել է Դարչինյանի մենեջեր Էդուարդ Ղումաշյանը։
Ղումաշյանի խոսքերով, եթե Նարվաեսն առաջիկա 3-4 ամիսների ընթացքում չհամաձայնի ռինգ դուրս գալ հայ բռնցքամարտիկի դեմ, ապա չի բացառվում, որ զրկվի իր տիտղոսից։ Իսկ Դարչինյանն, այնուամենայնիվ, հունիսի 4-ին մրցամարտ կանցկացնի։ Նրա ամենահավանական մրցակիցը Լուիս Մալդոնադոն է, որը ոչ մի պարտություն չի կրել։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտում հաջողություններ է արձանագրում նաեւ մեկ այլ հայազգի մարզիկ՝ Վանես Մարտիրոսյանը։ Վերջինս ԱՄՆ հավաքականի կազմում մասնակցել է Աթենքի օլիմպիական խաղերին, իսկ դրանց ավարտից անմիջապես հետո սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտով։ Մարտիրոսյանը հանդես է գալիս 69.9կգ քաշային կարգում։ Կիրակի օրը Լաս-Վեգասում տեղի ունեցած մրցամարտում նա 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել ամերիկացի Տեֆո Սեեթսոյին։ Նշենք, որ սա Մարտիրոսյանի 8-րդ անընդմեջ հաղթանակն էր։