Այն, որ հայ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց արտերկիր գցելուն պես շտապում են խաղատներ ու մեծ գումարներ են տանուլ տալիս` այլեւս անհերքելի փաստ է: Անհերքելի է նաեւ այն, որ նրանք իրենց հետ հատուկ «փակվելու» համար «դիպլոմատներով» գործարարներ են տանում: Այս ամենը, բնականաբար, հայ պաշտոնյաները փորձում են հնարավորինս գաղտնի պահել, որպեսզի դրա մասին Հայաստանում շատ մարդ չիմանա, հատկապես լրատվամիջոցները: Բայց ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին դա չհաջողվեց. նա իր լուր աշխարհի տարածեց, իբր իրեն անհայտ անձինք ծեծել են ու հափշտակել են իր «Ֆրենկ Մյուլլեր» 50.000 դոլար արժողության ժամացույցը, եւ խոստացավ Երեւան վերադառնալուն պես այլ մանրամասներ եւս հաղորդել:
Ըստ տարածված լուրերի, Արզաքանցյանը գանգուղեղային վնասվածքներով հիմա գտնվում է ՌԴ հիվանդանոցներից մեկում: Սակայն մոսկովյան մեր աղբյուրների հավաստմամբ, Տ. Արզաքանցյանը, երկու օր է, ինչ դուրս է գրվել հիվանդանոցից, ու որեւէ մեկին հայտնի չէ, թե նա որտեղ է գտնվում, քանի որ նա անջատել է նաեւ իր բջջային հեռախոսները: Նույն աղբյուրի միջոցով մեզ հաջողվեց նաեւ պարզել, թե ինչ է իրականում կատարվել: Պարզվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը մարտի 26-ին Մոսկվայի «Կուտուզով» խաղատանը պարտվել է շուրջ 850 հազար ԱՄՆ դոլար, ու խոստացել է 5 օրից վերադառնալ եւ գումարը փակել:
Սակայն 5 օր հետո նա խաղատուն է գնացել օրենքով ռուս մի գողի եւ նրա եղբոր հետ` փորձելով խաղատան տնօրինության հետ հարցերը լուծել «գողականով»:
Խաղատան բաժնետերերից մեկը հունահայ է, որը Մոսկվա է մեկնել Երեւանից: Նա այդ պահին այնտեղ է լինում: Արզաքանցյանը սկսում է նրա հետ վիճել, հրաժարվում է փողը վերադարձնել` ասելով, թե ինքը հետո կկրի այդ գումարներն ու կփակվի այդ պատմությունը: Բնականաբար, հույն բաժնետերը չի համաձայնում Արզաքանցյանի պայմանին, մանավանդ, որ նա իր գողական ընկերների հետ միասին սկսում է ձեռքով-ոտքով խոսել: Ու այդ վիճաբանությանը միջամտում են խաղատան անվտանգության աշխատակիցները, որոնք էլ ծեծում են Տ. Արզաքանցյանին ու նրա գողական ընկերությանը:
Ի դեպ, խաղատունն ունի 3 բաժնետեր` հունահայը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը եւ ՌԴ Արտակարգ իրավիճակների վարչության պետ Սերգեյ Շոյգուն, որն էլ հենց հանդիսանում է խաղատան հիմնական բաժնետերն ու, այսպես ասած` «տերնուտիրականը»:
Խաղատներում կան գրված եւ չգրված օրենքներ, եւ դրանց համաձայն սովորաբար խաղատաներում մարդկանց չեն ծեծում: Հաճախորդը կարող է այնտեղ անել ինչ ուզում է` նյարդայնանալ, հրճվանքից թռչկոտել, խմել, հայհոյել, եւ այլն, ու նրան ոչ ոք ձեռք չի տա: Պարզապես նման հաճախորդին այնտեղից անվտանգության աշխատակիցները դուրս կհրավիրեն: Կազինոյում կարող են ծեծել միայն այն դեպքում, երբ հրաժարվեն պայմանավորվածություններից: Այսինքն` երբ փորձում են Արզաքանցյանի նման «քցել»: Այնպես որ` իրականում Տ. Արզաքանցյանին որեւէ մեկը չի հափշտակել, եւ նա իզուր է աղաղակում, թե իր սիրելի ժամացույցը եւ «Վերտու» հեռախոսը գողացել են: Մեր աղբյուրների հավաստմամբ, նա հատուկ է նման լուրեր տարածել, որպեսզի իր 850.000 դոլար պարտքից գոնե 50 հազարը հետագայում համարի փակված: Ի դեպ, ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը, որը մտերիմ է Տ. Արզաքանցյանի հետ, դիվանագիտական նոտա է իջեցրել: Ասում են նաեւ, որ Սմբատյան-Արզաքանցյան մտերմությունն այն մակարդակի վրա է, որ հայ պատգամավորը Մոսկվայում շրջում է դեսպանատան համարանիշներով ավտոմեքենայով: