Մեր տեղեկություններով` Գրողների միությունը վաճառել է իր սեփականությունը հանդիսացող Իսրայելյան 37/8 հասցեի մեկսենյականոց բնակարանը, որը նախատեսված է եղել ԳՄ անդամներին որպես արվեստանոց տրամադրելու համար: Բնակարանը, որ մինչեւ մահը տնօրինել է Համո Սահյանը, բանաստեղծի մահից հետո տրվել է արձակագիր Վահան Թամարյանին բնակության համար: 2005թ. Վ. Թամարյանի մահից հետո, քանի որ ոչ Թամարյանը, ոչ կինն ու զավակներն այդ բնակարանում գրանցված չեն եղել եւ որեւէ իրավունք չեն ունեցել բնակարանի նկատմամբ, այն վերադարձվել է ԳՄ տնօրինությանը: Թեեւ Գրողների միությունում այսօր էլ քիչ չեն անտունները, սակայն միության ղեկավարությունն այն վաճառել է: Մեր տեղեկություններով` գնորդը ՀԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանն է: ՀԳՄ վարչության որոշ անդամների պնդմամբ` վարչության նիստերից մեկում քննարկվել է վաճառքի գումարից Թամարյանի ընտանիքին մասնաբաժին հատկացնելու խնդիրը, ինչին վարչության անդամները չեն առարկել: Սակայն Վ. Թամարյանի այրին՝ Շիրակուհի Թութխարյանը հավաստիացնում է, որ ինքը ոչինչ չի ստացել: